ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում սեպտեմբերի 11-ին կազմակերպվել էր հերթական, այս անգամերիտասարդ նկարչուհի Հասմիկ Հովսեփյանի (Մոնի) նկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 15-ամյակին:
Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` ներկայացված բազմաժանր ստեղծագործությունները նկարչուհու ապրումների անմիջական ու անկեղծ դրսեւորումներն են, որոնք հանդիսատեսին վարակում են իրենց ազատ ու անկաշկանդ մտածողությամբ, ձեւի ու բովանդակության ներդաշնակությամբ, մատուցման հստակությամբ ու գրագիտությամբ:
Ցուցահանդեսին ներկա արվեստագետ պատգամավորներից ու ոչ պատգամավոր արվեստագետներից ոմանք Մոնիի արվեստում հեքիաթային մտածողություն, մյուսները ազատ ապրելու եւ գեղեցիկին հասնելու ձգտում էին տեսնում, բայց բոլորի գնահատմամբ` նկարչուհին առանձնանում է մտածողության ինքնատիպությամբ ու կատարման տեխնիկայով: