Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին, հայ-թուրքական սահմանի բացմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցերի մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խոսել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի մի խումբ ուսանողների հետ հանդիպման ընթացքում:
Հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, հանձնաժողովների գործառույթները, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, քննարկման եւ ընդունման կարգերը:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Բաբկեն Թունյանը, պատասխանելով ուսանողի՝ հայ-թուրքական սահմանի բացմանը վերաբերող հարցին, նշել է, որ ժամանակին սահմանը փակել է Թուրքիան՝ փաստացի շրջափակման ենթարկելով Հայաստանին:
Փակ սահմանն ազդեցությունն ունի մեր երկրի տնտեսության վրա: «Ապրանքաշրջանառությունը, որը կարող էր իրականացվել Թուրքիայի տարածքով ավելի կարճ ժամանակահատվածում եւ քիչ ծախսատար եղանակով, իրականացվում է երրորդ երկրների միջոցով»,- նշել է պատգամավորը: Այս համատեքստում Բաբկեն Թունյանը կարեւորել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, Խաղաղության պայմանագրի կնքումը: Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է բարելավել արտադրվող ապրանքների որակը, ստեղծել ազգային բրենդ:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին՝ Բաբկեն Թունյանը ներկայացրել է մեր երկրի համար դրա դրական եւ բացասական կողմերը: Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցերին: Նա խնդիր է համարել հանրապետությունում չօգտագործվող հողերի առկայությունը: Ըստ նրա՝ Կառավարությունը քննարկում է խոշոր հողակտորների ձեւավորման հարցը: Նախատեսվում է մշակել գույքահարկի տարբեր սահմանաչափեր՝ օգտագործվող եւ չօգտագործվող հողերի համար:
Բաբկեն Թունյանը հաջողություն է մաղթել ուսանողներին եւ հորդորել իրենց գիտելիքներն օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության:
Հանդիպումը կայացել է փետրվարի 8-ին: Ուսանողները 6 շաբաթ իրենց մասնագիտական փորձաշրջանը կանցնեն Ազգային ժողովում: