Ազգային ժողովում նշվել է Գիրք նվիրելու տոնը:
Խորհրդարանում տոնի կապակցությամբ հյուրընկալվել էին Անտոն Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցի աշակերտները, տնօրենն ու ուսուցիչները:
Գրքի տոնին ընդառաջ դպրոցում հայտարարվել էր ընթերցանության մարաթոն, որի մասնակիցներն էլ այցելել էին Ազգային ժողով:
2008 թվականից Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, մեր երկրում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Հյուրերի հետ հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները:
Խորհրդարանականները, կարեւորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, աշակերտներին խորհուրդ են տվել կարդալ հատկապես գեղարվեստական գրականություն, քանի որ մեծ տարիքում ժամանակի սղության պատճառով մարդը նախընտրում է կարդալ ավելի շատ մասնագիտական գրքեր:
Հանդիպման ընթացքում մեծահասակները փոքրերին հորդորել են քիչ զբաղվել համակարգչային խաղերով, փոխարենը՝ ժամանակը տրամադրել ընթերցանությանը, քանի որ այն կարող է նաեւ օգնել ապագայում մասնագիտություն ընտրելու հարցում:
Կյանքում լավագույն ու անդավաճան ընկերները գրքերն են, որոնք ընթերցողի առջեւ անվերապահորեն բացում են դեպի բարձունք տանող դռները. փոքրիկ ընթերցողների հետ զրույցում նշել են պատգամավորներն ու հավելել հենց գրքերն են, որ տալիս են նոր մտքեր, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակություններ:
Ընթերցասեր աշակերտները խոստովանել են, որ շատ գիրք կարդալը հարստացնում է իրենց երեւակայությունը, նպաստում զարգացնելու մտավոր ընդունակությունները, ավելացնելու գիտելիքները, թույլ տալիս երազել ու հավատալ երազանքների իրականացմանը: Երեխաները պատգամավորներից հետաքրքրվել են, թե մոտիվացվելու եւ կյանքում հաջողության հասնելու համար ինչ գրքեր խորհուրդ կտան կարդալ:
Պատգամավորները մարաթոնի արդյունքում հաղթող ճանաչված 7 աշակերտի նվիրել են իրենց նախընտրած գրքերը: Իսկ դպրոցի ամենաընթերցասեր աշակերտը գրքեր ստացավ թե՛ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանից, թե՛ դպրոցի տնօրենից:
Չեխովի անվան դպրոցի տնօրեն Դիանա Մինասյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին աշակերտների հետ հանդիպելու, նրանց հետ զրուցելու, խորհուրդներ տալու եւ գրքեր նվիրելու համար: Վերջինիս խոսքով դպրոցում կազմակերպված մարաթոնն ապացուցում է, որ ներկայիս սերունդը նույնպես սիրում է գիրք կարդալ:
Միջոցառման ավարտին աշակերտները պատգամավորներին ու ԱԺ գրադարանին նվիրել են Երեւանի մասին պատմող իրենց հեղինակած աշխատանքային տետրերը:
Նշենք, որ մինչ պատգամավորների հետ հանդիպելը երեխաները եղել են ԱԺ թանգարանում, նիստերի դահլիճում, ծանոթացել շենքի կառուցման պատմությանը: