Գործող կարգավորումներով ՊԵԿ համակարգում պաշտոնների համալրումը ենթադրում է ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջոցով իրականացվող հաջորդող փուլերով գործընթաց: Կարող է կազմակերպվել պատրաստման դասընթաց, սակայն մասնակցության դիմումները քիչ լինեն կամ պատրաստման դասընթացի արդյունքում այն հաջողությամբ հաղթահարեն ու թեկնածուի ցուցակներում ընդգրկվեն այնքան մասնակիցներ, որոնց թիվը բավարար չլինի ՊԵԿ-ում առկա թափուր պաշտոնները համալրելու համար: Հնարավոր են դեպքեր, երբ թեկնածուների ցուցակում ընդգրկված մասնակիցը պաշտոնի նշանակման համար հարցազրույցի փուլը չհաղթահարի: «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» ու կից օրենքներում առաջարկվող լրացումները եւ փոփոխություններն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում ներկայացնելիս այս խնդիրների մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը: Առաջարկվող լրացումներով հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում մինչեւ նշված օրենքներով սահմանված կարգով այդ պաշտոնները զբաղեցվելը դրանք կարող են զբաղեցնել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձինք: Անցումային դրույթներում ամրագրվել է, որ 2024 թվականի հունվարի մեկից հետո հարկային, մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկերում ընդգրկված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հարկային ու մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարելու դեպքում թեկնածուն կարող է նշանակվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով՝ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով: Այս կարգավորումը գործելու է մինչեւ 2024 թվականի հուլիսի 1-ը: Հարկային կամ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը եւ այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները եւս կկարգավորվեն «Քաղաքացիական ծառայության մասին« օրենքով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: