National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
21.02.2024
Օրենսդրական առաջարկի նպատակը խաղային գործունեության ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է
1 / 4

Առաջին անգամ խաղային ոլորտի ցանկացած կողմի նկատմամբ հնարավոր կլինի իրականացնել հսկողություն եւ օրենսդրությամբ պահանջված բոլոր չափորոշիչները դարձնել ստուգելի, այսինքն՝ սպառողների շահերի իրավունքների տեսանկյունից ամբողջությամբ ստուգելի կլինեն խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարած խաղադրույքների ծավալը ստուգելի եւ վերահսկելի կդառնան, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նախատեսվում է խաղային ոլորտում կարգավորել իրավահարաբերությունները՝ տարանջատելով եւ հստակեցնելով շահումով խաղերի տեսակները՝ մոլեխաղ, ինտերնետ մոլեխաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր եւ այլն: Կսահմանվեն խաղային գործունեության բոլոր խմբերի նկատմամբ պահանջները, դրանց առանձնահատկությունները, իրական շահառուների իրավունքներն ու պարտականությունները եւ այդ խմբերի հետ առնչություն ունեցող համապատասխան օրենսդրական կարգավորումները:

Ռուստամ Բադասյանի խոսքով առանցքային տեղ է զբաղեցնում խաղային արտադրանքների նկատմամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական ստանդարտների ներդրումը եւ ոլորտը կարգավորող մարմնի ստեղծումը: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների եւ տվյալների բազաների միացում խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին: Համակարգին միացող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական չափորոշիչներին եւ ունենան համապատասխան սերտիֆիկատներ: ՊԵԿ նախագահը հավելել է, որ ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը կապահովի ոլորտի թափանցիկությունը, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողությունը, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, օրենքի շահառուների պաշտպանությունը: «Բացի միջազգային տերմինով հայտնի գեմբլինգից եւ ինտելեկտուալ խաղերից, մնացած բոլոր շահումով խաղերը, մանկական խաղային ապարատները եւ այլն համարվում են այլ շահումով խաղ»,- արձանագրել է Ռուստամ Բադասյանը:

Արգելվելու է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ գովազդումը ՀՀ տարածքում կամ ՀՀ հասանելի ամբողջ համացանցի տիրույթում: Նախատեսվում է IP հասցեների բլոկավորում, դրա անհնարինության դեպքում նաեւ Կենտրոնական բանկը պարտավոր է հսկողություն սահմանել, որ առեւտրային բանկերի կողմից արտասահմանյան խաղային ոլորտի կազմակերպիչներին պատկանող հաշվեհամարներին փոխանցումներն արգելափակվի: «Աշխարհում դեռեւս հարյուր տոկոսով գործող մոդել չկա: Մենք ուսումնասիրում ենք փորձը՝ հնարավորինս լավագույն լուծումները ներդնելու համար»,- ասել է զեկուցողը:

Սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումներ ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար: Առաջինից երկրորդ ընթերցում որոշ խմբերի, այդ թվում՝ պետական ծառայողների կամ զինծառայողների կողմից խաղերին մասնակցելու արգելքների եւ սահմանափակումների մասով ընդհանրական լուծումներ կառաջարկվեն:

Սահմանվել են խաղային գործունեության կարգավորման օպերատորի ու կազմակերպչի պարտականությունները, օպերատորի կողմից համապատասխանության հավաստման սերտիֆիկատի տրամադրման կանոնակարգումները: Մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: «Սա այն բանաձեւն է, որը պետք է ապահովի սպառողների խմբի համար կանխատեսելիություն որոշակի ժամանակահատվածի ընթացքում»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են սպառողների իրավունքների պաշտպանությանը, ոլորտը կարգավորող մարմնի ծախսերին, մանկական շահումով խաղերի վտանգավորությանը եւ դրանց արգելքի հնարավորությանը, IP հասցեների սահմանափակման մասով տեխնիկական պատրաստվածությանը, խաղային ոլորտի կազմակերպիչների շրջանառության վերահսկմանը եւ այլ հարցերի:

Խաղամոլության աճող ծավալները մտահոգիչ համարելով՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այդ նպատակով էլ օրենքում հստակեցվում են հասկացությունները եւ զգալի ավելանում են այդ գործունեության համար նախատեսված պետական տուրքերը: «Ուղղակի որեւէ մեկը չի կարող խաղային ապարատ դնել եւ շահույթ ակնկալել»,- փաստել է նա: Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ օնլայն հարթակում ցանկացած օգտահաշվով խաղադրույք հաշվառվելու է եւ հնարավոր է լինելու հստակ իմանալ՝ որքան լիցքավորվեց տվյալ օգտահաշիվը եւ լիցքավորումից հետո որքան խաղադրույք կատարվեց՝ աճողական:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարեւորելով կարգավորումները, կարծիք է հայտնել, որ դրանք քաղաքացիներին պաշտպանելուց բացի ոլորտի ընկերությունների համար եւս դրական ազդակ են: «Ժամանակին վերջիններս շատ էին բողոքում, որ իրենք եւ դրսում գրանցված ընկերություններն անհավասար մրցակցային իրավիճակում են»,- ասել է պատգամավորը եւ հավելել՝ եթե կարողանանք այս տեխնիկական հնարավորություններն օգտագործելով օրենքի առջեւ դրված նպատակներին հասնել, էական առաջընթաց կլինի:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը եւս կարեւորել է նախաձեռնությունը՝ նշելով. «Իհարկե՛, կան գործունեություն ծավալող որոշակի բիզնեսներ, որոնք հարկեր են վճարում, աշխատատեղեր են ստեղծում, բայց ես հավատացած եմ, որ այն հանրային վնասը, որը տալիս է խաղամոլությունը, բազմապատիկ, միգուցե տասնապատիկ ավելի մեծ է, քան այն օգուտը, որը մեծ հաշվով հանրությունը ստանում է դրանից»: Պատգամավորի գնահատմամբ պետությունը պետք է զգուշորեն շարունակի խստացումները եւ քաղաքականությունն այդ ուղղությամբ:

Եզրափակիչ ելույթում ՊԵԿ նախագահը, անդրադառնալով պատգամավորների դիտարկումներին, փաստել է. «Փիլիսոփայությունը, այո՛, այնպիսին պետք  է լինի, որ պատասխանատու խաղի կանոններ սահմանենք, իրագործենք պրակտիկայում, սահմանափակումները լինեն խելացի ու թիրախային, լինեն նաեւ շրջանցման դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ: Այլապես, եթե ինչ-որ բան ուղղակի տոտալ արգելափակենք, օրինական դաշտից այդ ամենը տեղափոխվելու է անօրինական դաշտ եւ չենք լուծելու մեր առջեւ դրված խնդիրը, ունենալու ենք ֆիսկալ հետեւանքներ»: Կարեւորվել է իմպլեմենտացման գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

Առաջինից երկրորդ ընթերցում բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ խաղային գործունեության կազմակերպիչների հետ հարցերը քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


12.07.2024
Խորհրդարանը հյուրընկալել է «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական եւ քաղաքացիական կյանքում» ծրագրի մասնակիցներին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ալխաս Ղազարյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հուլիսի 12-ին հանդիպել են «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարան այցելած Շիրակի մարզի շուրջ 20 կանանց եւ աղջիկների հետ: Կազմակերպությունը Ժողովրդավարության ...

12.07.2024
Ավստրիան` որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը` Ավստրիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձ...

12.07.2024
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am