Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը գործող կարգավորմամբ հետեւյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:
Ներկայացնելով ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը ՍԴ անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը պետք է հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի եւ համապատասխան տոկոսադրույքի հաշվարկով:
Նախագիծը նպատակ ունի օրենքը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ ՍԴ համապատասխան որոշմամբ արձանագրված պահանջներին եւ այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Նախատեսվում է նաեւ հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է ՍԴ երկու պաշտոնաթող դատավորի կենսաթոշակի վերահաշվարկի վրա:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը: