National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
19.09.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ելույթը Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովում

Սիրելի հայրենակիցներ

Հարգարժան հյուրեր

Ցանկանում եմ խոսքս սկսել շնորհակալությամբ` ուղղված Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի կազմակերպիչներին` այս ֆորումի համար մասնակցության բավական լայն շրջանակ, ներկայացուցչություն ու բազմաբնույթ տեսակետներ ապահովելու, ինչպես նաեւ քննարկումների համար հայ իրականության ամենաարդիական ու սուր հարցադրումն ընտրելու համար: Անշուշտ կլինեն ֆորումի մասնակիցներ, որոնք կարող են վիճարկել այս հաստատագրումն, առավել եւս որ մեկ լուրջ հարցադրում իսկապես կա. ինչո՞ւ ֆորումի բանախոսների շարքում չկան Արցախի ներկայացուցիչներ: Իհարկե, կարելի է սրամիտ բացատրություն առաջարկել. Արցախը սփյուռք չի եղել երբեք եւ չպիտի լինի եւ Հայաստան էլ չէ` պետության իմաստով, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սակայն կարծում եմ ավելի լավ է շտկել բացթողումը: Առավել եւս, որ քննարկման առաջարկված թեման` ինքնություն-Հայրենիք-Սփյուռք փոխազդեցությունները, որ չափազանց արդիական է եւ ունի տեսական ու գործնական մեծ նշանակություն, իր արդի լավագույն դրսեւորումն ունեցել է հենց Արցախում:

Ինքնության թեման առանցքային է ոչ միայն հայտնի հարցադրման տեսակետից, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում: Մենք դեռեւս լիարժեքորեն չենք պատասխանել անգամ այն հարցին, թե որտեղ ենք գտնվում: Միայն այդ դեպքում է որ կկարողանանք ճշտել, թե որն է մեր տեղն աշխարհում եւ տարածաշրջանում, որոնք են մեր կռվանները քաղաքականության մեջ ու այլ ասպարեզներում, ինչպես է ապահովվելու Հայաստանի ու Սփյուռքի կենսունակությունը, ինչով է Հայաստանը հետաքրքիր լինելու օտարների համար:

Կարող է թվալ, թե Հայաստանի պարագայում այս թեման ոչ միայն հետաքրքական է, այլեւ վտանգավոր, քանզի հայկական սփյուռքը խիստ բազմազան է ու երբեմն էլ հակասական երանգներ ունեցող: Այդուհանդերձ, կարծում եմ սա մտացածին վտանգ է, թեեւ շատ տարածված: Անգամ ժամանակակից քաղաքագիտական տեսություններում հաճախ միմյանց հակադրում են ինքնությունն ու ինտեգրացիան` որպես որոշակի արժեհամակարգի յուրացման գործընթաց: Սակայն մինչ այդ խնդրին անդրադառնալը կարծում եմ հարկ է ճշտել այն առանցքը, որի շուրջ անհրաժեշտ է քննարկել ինքնության խնդիրը: Հիրավի, միայն պետությունը կարող է ստեղծել ազգային ինքնության հարատեւությունն ապահովող ամուր նախադրյալներ: Ընդ որում, շատ կարեւոր է նկատել, որ ինքնության պահպանումն անհնար է առանց արդիականացման, քանզի տեւական ժամանակ առասպելականացված ու կաղապարված պատկերացումների առկայությունը ոչ միայն պատճառ է դառնում անհաջողությունների, այլեւ մեծապես վտանգում է ինքնությունը:

Այսպիսով, եթե պետությունն է ինքնության հարատեւության նախադրյալների երաշխավորը, ապա մեր դեպքում, երբ Հայաստան պետությունն ինքն է գտնվում տրանսֆորմացիայի կամ կայացման փուլում, խնդիրն առավել բարդ է եւ առաջնահերթ նշանակություն է ստանում պետության զարգացման հետագծի ու ուղեծրի ճշգրտումը: Մի կողմից պետությունը պարտավոր է անել իր աշխարհաքաղաքական ընտրությունը` որպես ինտեգրման առավել ներդաշնակ միջավայրի ընտրություն, մյուս կողմից պետք է դիմակայի թե ներքին վտանգներին, թե աջակցի սփյուռքին գլոբալիզացիայի մարտահրավերներին դիմակայելու համար: Ակնհայտ է, որ այս երկու խնդիրների լուծումները համադրելի են, եթե դրանց առանցքը ինքնությունն է: Այդուհանդերձ, սփյուռքի առկայությունը նաեւ կարող է նպաստավոր լինել աշխարհաքաղաքական ընտրության իրականացման գործում: Եթե ընտրությունն արված է այնպիսի միջավայրի օգտին, որտեղ կա հոծ սփյուռք, ապա հասարակական տրանսֆորմացիայի ընթացքում սփյուռքի փորձը կարող է անգնահատելի նշանակություն ունենալ: Շատ ավելի, քան ֆինանսական կամ նյութական որեւէ աջակցություն:

Հեշտ է նկատել, որ քաղաքակրթական համարվելու հավակնություններ ունեցող համակարգերի փլուզմանը հաջորդող գործընթացները, մասնավորապես, հետխորհրդային տրանսֆորմացիան, անվերապահորեն ուղեկցվում են ինքնության արդիականացմամբ, ընդ որում որպես միաժամանակ երեք`` քաղաքակրթական, մշակութային, հասարակական չափումներով զարգացող գործընթաց: Զուգահեռաբար ընթացող գլոբալիզացիան ունի երկակի ազդեցություն. մի կողմից լայն հնարավորություններ է ստեղծում սեփական պատմության ու ինքնության վերագնահատման ու վերակառուցման համար, մյուս կողմից` լուրջ վտանգներ եւ գայթակղություններ` հանուն մասնավոր խնդիրների լուծմանհասարակականն անտեսելու հնարավորութամբ: Շեշտակիորեն աճող ինֆորմացիոն հոսքերի եւ գլոբալ ճանաչում ունեցող խորհրդանիշների ազդեցությամբ զգալիորեն մեծանում է ազգի եւ պետության հետ կայուն ինքնանույնացմանը սպառնացող վտանգը: Խնդիրն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ ԽՍՀՄ փլուզումից հետոձեւավորված երկրները պարտավոր են խորը սոցիալական ու տնտեսական ճգնաժամի պայմաններում զուգահեռաբար դիմակայել տրանսֆորմացիայի գործընթացով թելադրված բազմաթիվ այլ մարտահրավերներ` քաղաքական, տնտեսական, ինստիտուցիոնալեւ այլն, ինչը լուծումը դարձնում է բազմավեկտոր ու տեւական: Ինստիտուցիոնալ եւ այլ վերափոխումների հաջողության վճռորոշ չափանիշ կարող է լինել ճգնաժամային իրավիճակում քաղաքական հանրության վարքը: Ահա թե ինչու գլոբալիզացիայի գործընթացներով խորացած ինքնության ճգնաժամի հաղթահարումը առավել կարեւոր եւ սկզբունքային պայմաններից է քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձեւավորման համար:

Կա թյուր պատկերացում, որ ինքնությունը բնորոշող  արժեքային համակարգը ինչ-որ քարացած սկզբունքների ամբողջություն է եւ ինքնության պահպանումը ենթադրում է հին դարերում գոյություն ունեցած մի համախմբի բացահայտում, վերականգնում եւ անվերապահ կիրառում: Մինչդեռ ակնհայտ է , որ ինքնությունաստեղծ երկու բաղադրիչները` ազգն ու հայրենիքը դինամիկ համակարգեր են եւ ժամանակային գործոնը առավել ազդեցիկներից է նրանց զարգացման համար: Հետեւաբար, ինքնությունը, ամեն մի ժամանակաշրջանի համար լինելով եզակի յուրաքանչյուր ազգի ու երկրի համար, այդուհանդերձ ժամանակի մեջ ենթարկվում է այլափոխությունների:

Ազգային ինքնությունը դիտարկվում է որպես տվյալ ազգի կերպատու գործոնների (տարրերի) համախումբ, որը լիարժեքորեն բնութագրում է այդ ազգը եւ չի կարող ամբողջությամբ կրկնվել մեկ ուրիշի համար: Ընդ որում, այդ համախմբի մեջ կարող են լինել ինչպես առանձնահատուկ տարրեր (ինքնության ազգային բաղադրիչ), այնպես էլ այլ ազգերի համախբերում հանդիպող ընդհանրական հատկանիշներ (ինքնության քաղաքակրթական բաղադրիչ): Առաջին բաղադիրչը կարող է նաեւ դիտվել որպես երկու` էթնիկ եւ ազգայի բաղադրիչների գումար: Էթնիկ ինքնությունը հիմնված է անձնական մակարդակով ընկալվող գործոնների համախմբի վրա (լեզու, ավանդույթներ եւ սովորություններ, մշակութային հիշողություն, տարածք եւ այլն): Ազգային ինքնությունը հիմնված է քաղաքակրթության զարգացման, տնտեսական պաշարների, հասարակության եւ պատմական անցյալի մասին պատկերացումների վրա:

Ինքնության ազգային բաղադրիչի տարրերից յուրաքանչյուրն առանձնահատուկ է տվյալ ազգի համար: Անկասկած, հայ ինքնության պարագայում դրանց շարքում պետք է դասել Հայոց լեզուն, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, Ղարաբաղյան խնդիրը, Ցեղասպանությունը, Հայրենիքի կերպարը, Սփյուռքը եւ այլն: Արդեն իսկ այս բոլորովին էլ ոչ լրիվ թվարկումն ակներեւորեն հաստատում է, որ ինքնությունը  (այդ թվում եւ դրա ազգային բաղադրիչը) իրենից ներկայացնում է համախումբ, որի տարրերը ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել: Ավելին, հնարավոր է անգամ այս կամ այն տարրի տեղափոխում քաղաքակրթական համախմբից ազգային եւ հակառակը: Որպես օրինակ կարելի է դիտարկել Հայաստանյաց Առաքելական եկեղեցին:  Հայ մշակույթ թափանցելով որպես քաղաքակրթական տարր  (քրիստոնեություն վարդապետություն), այն պատմության համար կարճ ժամանակահատվածում ստացավ ազգային նկարագիր ու վերածվեց ինքնության ազգային բաղադրիչի տարրի: Խնդիրը միայն այն չէ, որ կրոնական գործոնը կարեւոր դերակատարություն ունի ազգային-քաղաքակրթական ինքնության ձեւավորման գործում եւ դավանաբանական պատկանելությունը հստակորեն արտահայտվում է էթնիկ խմբերի քաղաքակրթական ընտրության ժամանակ: Ընդ որում ոչ միայն քրիստոնեություն-իսլամ հակադրության մեջ: Հայության պարագայում այն ունի իր հստակորեն արտահայտված առանձնահատկությունները, որոնք սակայն ցավոք սրտի անգամ մեզ համար դեռեւս լիարժեքորեն չենք բացահայտել: Մինչդեռ օտար ուսումնասիրողները Հայ եկեղեցին դիտում են որպես ավելի մեծ մի երեւույթ, քան դա հնարավոր է անել սոսկ եկեղեցաբանական մոտեցմամբ: Ավելին, դեռեւս 1700թ. Հայնրիխ Վիլհելմ Լուդոլֆը գրել է Հալլեի պիետիստների առաջնորդ Ֆրանկեին. հայ ուսյալ տպագրիչների հետ ծանոթանալուց հետո, ինքն այն տեսակետին է հանգել, թե հայ եկեղեցին հունականի հետ համատեղ ամենակարեւորն է, ընդ որում, նա «եկեղեցի» հասկացության տակ նկատի ունի կրոնի, մշակույթի եւ տեսական ու կիրառական գիտության ողջ համախումբը: Գերմանացի ուսումնասիրողները խորհուրդ են տալիս հասկանալ քրիստոնեական գաղափարի եւ կրոնական ծեսերի համատեքստը` որպես հայ հասարակության մշակութային հիշողության կորիզ:

Ավարտելով խոսքս, ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել հետեւյալ առաջարկությունը: Ակնհայտ է, որ ֆորումում քննարկվող ինքնություն-Հայրենիք-Սփյուռք հիմնախնդիրների եռամիասնությունը չի կարող սպառիչ լինել այս խորհրդաժողովի շրջանակներում: Ավելին, այն շարունակական քննարկման, վերարժեւորումների, փուլային լուծումների ու պարբերական արդիականացման կարոտ համալիր խնդիր է: Կարծում եմ ճիշտ չի լինի մեզ համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրի լուծման պատասխանատվությունը թողնել խոհրդաժողովի քարտուղարության եւ անգամ արտաքին գործերի նախարարության վրա: Նախարարությունն իր առաքելությունը կատարեց` խնդիրը ներկայացնելով խորհրդաժողովի քննարկմանը: Այժմ  ասելիքը քաղաքագետներինն է, փիլիսոփաներինը, մշակութաբաններինը,  ակադեմիական շրջանակներինը: Ընդ որում, ոչ թե խորհրդաժողովից խորհրդաժողով քննարկումներով: Կենսական խնդիր է մի հանձնախմբի ձեւավորումը, որը շարունակական քննարկումներ կունենա այդ հիմնախնդիրների շրջանակներում, կփորձի ընթացիկ լուծումներ առաջարկել: Քսանմեկերորդ դարասկզբին նման բարդ խնդիրների համար արդյունավետ լուծումներ հնարավոր է ունենալ միայն գիտական մտքի ու կարողությունների կենտրոնացմամբ: Ավելին, այսօր անհնարին է ունենալ պատվախնդիր նպատկներ ու ձգտումներ առանց նման խնդիրների լուծման: Մենք այլեւս իրավունք չունենք գնալու փորձի ու սխալների ճանապարհով: Ի վերջո ժամանակն է, որ մեր մտավոր ներուժը իր կենսունակությունն ապացուցի նման խնդիրների համար առաջարկվող լուծումներով: Ի սկզբանե ասեմ, որ որեւէ  քննադատության չեն կարող դիմանալ ֆնանսական, տեխնիկական, հեռավորության կամ ժամանակի գործոնով պայմանավորված արդարացումները:  Հաղորդակցության միջոցների ներկայիս բազմազանության պայմաններում հնարավոր են համագործակցության բազմապիսի տարբերակներ: Անհրաժեշտ է միայն նախնական կազմակերպչական  մի շարք խնդիրների լուծում:  Ինքս պատրաստ եմ ըստ ամենայնի նպաստել նման մի հանձնախմբի ձեւավորմանը: Նախորդ երկու խորհրդաժողովներում այս թեմաներով շատ է խոսվել: Կարծում եմ ժամանակն է, որ ոչ միայն արծարծվեն նման բարդ խնդիրներ, այլեւ արվեն կիրառական նշանակություն ունեցող քայլեր, առաջարկվեն հիմնավոր ու արդյունավետ լուծումներ: Առավել եւս, որ խորհրդաժողովի տնտեսական ուղղությունը երեկ առաջարկեց համազգային խնդիրների գործնական լուծման հիանալի օրինակ` ի դեմս գյուղական համայնքների աջակցության ծրագրի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am