ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 20-ին սփյուռքահայերի խմբի հետ հանդիպման ժամանակ ծանոթացրեց Հայաստանի անկախության 15 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին,երկրի պետական մարմինների, մասնավորապես օրենսդիր մարմնի գործառույթներին, երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակին, մշակութային անցուդարձերին, կրթական ոլորտում կատարվող բարեփոխումներին, անդրադարձավ հայապահպանման խնդիրներին, սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը եւ պատասխանեց նրանց հ արցերին:
Կարճ ժամանակում հանդիպումը վերածվեց անկեղծ ու անմիջական զրույցի, եւ տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցները, գոհունակություն հայտնելով վերջին տարիներին երկրում կատարված դրական տեղաշարժերի վերաբերյալ, մտահոգություն հայտնեցին տնտեսության, կրթության ոլորտում առկա որոշակի թերացումների համար, իրենց մտորումները կիսեցին երկրի զարգացման հեռանկարների, մասնավորապես տուրիզմի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու արդյունավետ հեռանկարի մասին: