Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 15-ին ընդունել է «ԵՄ արտաքին հարաբերություններն աշխարհաքաղաքական տուրբուլենտության ժամանակներում. Հարավային Կովկասի դեպքը» խորագիրը կրող Եվրասիա միջազգային համալսարանի կազմակերպած «Ժան Մոնե» ձմեռային դպրոցի ուսանողներին:
Երկշաբաթյա կրթական ծրագրի վերջին օրն Ազգային ժողովում հյուրընկալվել են Հայաստան ժամանած Օքսֆորդի, Լայպցիգի, Բեռլինի Հումբոլդտի, Դրեզդենի եւ այլ բարձր վարկանիշ ունեցող համալսարանների 30-ից ավելի ուսանողներ:
Հանդիպման ընթացքում եվրոպացի ուսանողներն Արման Եղոյանից հետաքրքրվել են Հայաստան-ԵՄ ներկա արագընթաց զարգացումների, հարեւանների հետ հարաբերությունների, խաղաղության գործընթացի եւ աշխարհաքաղաքական այլ զարգացումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու ՀՀ-ԵՄ նոր, ավելի հավակնոտ նպատակներին:
Կրթական ծրագրի ակադեմիական համակարգողը Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Խվորոստիանկինան է, ում հետ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ձեւավորել է հաջող համագործակցություն:
Նշենք, որ դպրոցը կայացել է Եվրոպական միության (Jean Monnet Module in Security and Fundamental Rights) եւ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) օժանդակությամբ: