Պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 16-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ որոշմամբ այն կքննարկվի հատուկ ընթացակարգով. նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Հեղինակն առաջարկում է օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ պարբերությամբ՝ «2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է օգոստոսի 3-ին»:
«Ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցանքն է: Սա ոչ ճիշտ եւ ոչ պատշաճ դատապարտման ուղիղ արդյունք է եւ ուղիղ հետեւանք` 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության: Հայերի եւ եզդիների ճակատագրերը բավականին նման են իրար, եւ մեր ճակատագրերը միշտ խաչվել են: Մենք պատմության տարբեր թատերաբեմերում միշտ հանդիպել եւ հայտնվել ենք նույն իրավիճակներում: Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման գործընթացում իր որդեգրած քաղաքականությանը եւ առաջնահերթությանը, 2014 թվականին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դատապարտեց Իրաքում եզդիների ցեղասպանությունը: 2015 թվականին եզդիների ցեղասպանությունն Իրաքում դատապարտեցին ՀՀ ԱԺ խմբակցությունները, իսկ 2018 թվականին՝ ՀՀ Ազգային ժողովը»,-ասել է Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքն է, երբ որեւէ պետություն իր համապատասխան օրենքում ամրագրում է եզդիների ցեղասպանությունը որպես հիշատակի օր:
Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ 21-րդ դարում` 2014 թվականին, աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, որը դեռեւս շարունակվում է. ավելի քան 2600 կանայք եւ աղջիկներ գտնվում են իսլամիստների ձեռքում, եւ անհայտ է նրանց ճակատագիրը, հարյուր հազարավոր եզդիներ էլ դեռեւս գտնվում են ճամբարներում: «Այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում, մեր աչքի առաջ, անընդունելի է»,- շեշտել է նա:
Հարակից զեկույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Հաշվի առնելով հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրական հարաբերությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հավատամքը ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում՝ առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին»,- ասել է նա:
Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ ցեղասպանության, ինչպես նաեւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նրա խոսքով Հայաստանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների եւ մեխանիզմների հետագա մշակման գործընթացներին:
«Բոլորովին վերջերս՝ ապրիլի 3-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձեւը»,- տեղեկացրել է փոխնախարարը եւ հավելել, որ Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին, ընդունել ԱԺ հայտարարություն 2018 թվականին:
Ելույթներում պատգամավորները, անդրադառնալով 2014 թվականի օգոստոսի 3-ին Սինջարի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, ընդգծել են ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը: Նշվել է, որ Հայաստանի խորհրդարանը ճանաչել եւ ընդունել է 2014 թվականին Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը՝ դատապարտելով ժողովուրդների նկատմամբ իրականացված ոճրագործությունները: 2015 թվականին Երեւանում բացվել է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձան:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ համերաշխության եւ ապրումակցման մասին է այսօրվա քննարկումը: «Մենք սիրո եւ հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ: Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհում ոչ ոք իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել եւս՝ չցեղասպանվի: Մենք դատապարտման մեր խոսքն ենք ասում: ՀՀ-ն միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման դրոշակակիր: Եվ մենք շարունակելու ենք այդպիսին լինել, որովհետեւ մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհի ժողովուրդները երբեք չարժանանան հայ, եզդի, ասորի, հույն ժողովուրդների ճակատագրերին»,- ասել է Հակոբ Արշակյանը:
Եզրափակիչ ելույթում Ռուստամ Բաքոյանը կարեւորել է նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ այն կկանխի իրականացվող ցեղասպանությունները: Ազգությամբ եզդի պատգամավորը նշել է, որ եզդիների մասնակցությունը պետականաշինության գործում այսօր էլ շարունակվում է:
Քվեարկությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկել եւ ընդունել է նաեւ երկրորդ ընթերցմամբ:
Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: