Ստրասբուրգում գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի բացման նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:
«Մեծարգո՛ նախագահ,
Ես ցանկանում եմ խոսել իմ երկրի համար շատ կարեւոր իրադարձության մասին, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին՝ Բրյուսելում:
Այդ իրադարձությունը եռակողմ հանդիպումն է ՀՀ վարչապետի, ԵՄ հանձնաժողովի նախագահի եւ Բարձր ներկայացուցչի ու ԱՄՆ պետքարտուղարի միջեւ: Հանդիպման օրակարգը եւ նպատակը ուրվագծվել են անցյալ տարի Գրանադայում ՀՀ վարչապետի եւ ԵՄ հանձնաժողովի նախագահի հանդիպման ժամանակ Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառման շրջանակում: Հայտարարվել է Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, առեւտրային գործընկերությունների բազմազանեցմանն ու հզորացմանը ԵՄ-ԱՄՆ համատեղ աջակցության մասին: Սակայն, դրանից առավել, իրադարձությունն ինքնին աննախադեպ էր իր ձեւաչափով եւ քաղաքական ուղերձի իմաստով:
«Մենք կարծում ենք, որ ավելի ուժեղ եւ ավելի կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ եւ կայուն Հարավային Կովկաս», - սրանք Բարձր ներկայացուցիչ Յոզեպ Բորելի խոսքերն են:
«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք, որ Հայաստանը՝ որպես ուժեղ, անկախ պետություն, իր տեղը զբաղեցնի հարեւանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի եւ աշխարհի հետ», - հայտարարել է պետքարտուղար Բլինքենը:
Այս բանաձեւումները լավագույնս արտացոլում են Հայաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի տեսլականների զուգահեռումը մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, եւ վերջինիս ինքնիշխանությանն ու դիմակայունությանն աջակցելն օրակարգային է:
Մեզ համար առանցքային է Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցությունը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը մեր հարեւան երկրների, ինչպես նաեւ ավելի լայն տարածաշրջանի հետ: Մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը: ԵՄ հանձնաժողովի նախագահը հանձնառություն ստանձնեց առ այն, որ ԵՄ-ն կհետազոտի միջսահմանային տրանսպորտը, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է գաղափարներին, որոնք Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության էությունն են:
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի եւ մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է: Պետք է փաստեմ, սակայն, որ բանակցություններն ընթանում են դանդաղ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայության պատճառով: Այստեղ հարկ է նշել նաեւ, որ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկում ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումը՝ այն անվանելով «ոչ ներառական»: Իրականությունն այն է, որ եթե այս պատմության մեջ կա մի կողմ, որը նպաստել է ոչ ներառականությանը, ապա դա Ադրբեջանն է, որը հրաժարվեց մասնակցել անցյալ տարվա հոկտեմբերին Գրանադայում հնգակողմ բանակցություններին, մերժեց ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն Ադրբեջան նախագահական ընտրություններին եւ այդպես շարունակ:
Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում:
«Բարգավաճ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է գործընկերային հարաբերությունները եւ ազատորեն գծում է սեփական ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը»,- ասվում է բրյուսելյան հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ:
Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին: Եկեք առաջնորդենք մեր համագործակցությունը դեպի նոր հորիզոններ»,- նշել է Հռիփսիմե Գրիգորյանը: