National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
1 / 5

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարանական լսումներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո իրականացվել են զգալի փոփոխություններ: Խմբագրվել են օրենքում օգտագործվող առանձին հասկացությունները, դրանց բովանդակությունը համապատասխանեցվել է միջազգային փաստաթղթերի եւ մասնագիտական կրթության ոլորտի տերմինաբանությանը:

Խմբագրվել են ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման հասկացությունները, ինչը հնարավորություն կտա հստակեցնել հավատարմագրման քաղաքականությունը: Նախարարը կարեւորել է ֆինանսավորման ձեւերի տարատեսակ միջոցների փոխարեն կրթաթոշակի նոր ձեւի սահմանումը: Որպես նախնական մասնագիտական կրթության որակավորման տարբերակ՝ ներդրվել է կրտսեր մասնագետի որակավորումը:

Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) բնագավառում հստակեցվել են պետական քաղաքականության սկզբունքները եւ անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները: Դրանք խմբագրվել են՝ ըստ առաջնահերթությունների: Ընդգծվել է այն հանգամանքը, որ ՄԿՈՒ-ն պետք է միտված լինի ոչ միայն անձի ներկայի, այլեւ ապագայի կարիքները սպասարկելուն:

Հստակեցվել են կրթական ծրագրերի մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերը, ինչպես նաեւ դրանք փորձարկելու, գնահատելու ու հաստատելու մեխանիզմները: Փորձարարական ծրագրերի համար սահմանվել է պարզեցված լիցենզավորում եւ շրջանավարտների դիպլոմավորման ճանաչում: ՄԿՈՒ կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորմամբ նախատեսված պահանջներում են կատարվել որոշ փոփոխություններ: Մասնավոր ոլորտի կողմից առաջարկված հիմնական աշխատանքային պայմանագրով մանկավարժական աշխատողների ընդհանուր թիվը 50-ի փոխարեն առնվազն 30 տոկոսի է նվազեցվել: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ դա հնարավորություն է տալու մասնավոր ոլորտից ավելի մեծ աշխատակազմ ներգրավել դասավանդման գործընթացում, որը հատկապես գործնական հմտությունների համար էական ազդեցություն կարող է ունենալ:

Կրթության ոլորտի ապաքաղաքականացման ու ապակուսակցականացման քաղաքականության շրջանակում առանձին դրույթով ամրագրվել է տնօրենի պաշտոնավարման ընթացքում քաղաքական զսպվածության պահանջը: Ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն, իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար: «Մենք ամբողջացնում ենք այն երաշխիքները, որոնք պետք է օգնեն, նաեւ համապատասխան հետեւանքներ ու սանկցիաներ սահմանելով՝ համակարգը զերծ պահել նմանատիպ վարքից»,- նշել է նախարարը:

Պատգամավորների հստակեցնող հարցերի առնչությամբ նախարարը պարզաբանումներ է ներկայացրել:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am