ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը հանդիպել է Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի եւ Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզի անձնակազմերի, ինչպես նաեւ մի խումբ աշակերտների հետ:
Մանկապարտեզը եւ դպրոցի մարզադահլիճն ու հանդիսությունների սրահը հիմնանորոգվել են Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով: Մի շարք առարկաների համար նախատեսված դասասենյակներ վերազինվել են ժամանակակից հարմարություններով եւ այժմ ծառայում են որպես դինամիկ կրթական փորձի խթանման կատալիզատորներ:
Ուսուցչական անձնակազմի հետ քննարկվել են կրթական վերջին բարեփոխումները, դրանց բերած նոր հնարավորությունները եւ առաջացրած բարդությունները: Ուսումնական ծրագրերի բարելավմանը եւ ենթակառուցվածքային զարգացումներին վերաբերող մտքերի փոխանակության ֆոնին ուշադրության կենտրոնում էին, մասնավորապես, «Դպրոցական սնունդ» ծրագրին, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, գնահատման նոր համակարգին առնչվող հարցերը:
Աշակերտները պատգամավորի հետ զրուցել են իրենց հուզող թեմաներից՝ նոր դասագրքերից մինչեւ դպրոցի գրադարանը ժամանակակից արտասահմանյան գրականության թարգմանություններով վերազինելու անհրաժեշտություն: Նրանք նաեւ հանդես են եկել առաջարկներով, թե ինչպես կարելի է ստեղծել էլ ավելի նպաստավոր ուսումնական միջավայր:
Այցն ավարտվել է մանկապարտեզի անձնակազմի հետ հանդիպմամբ, որի ժամանակ որպես հրատապ խնդիր առանձնացվել է շենքի ջեռուցման հարցը:
Հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրներն արձանագրվել են: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել աջակցել դրանց լուծմանը: