National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
1 / 6

Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 17-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքով նախագծով ամրագրվում է, որ Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի` այս դեպքում Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատվող իրավական ակտ է, եւ պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը եւ հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ եւ կանոններ:

Նշվել է, որ Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կլինի կամավոր, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: «Կանոնագրքին միանալու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունը կպատկանի տնտեսական ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովին, եթե օրենքով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ»,- ընդգծել է զեկուցողը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Կառավարությունն առաջարկում այս նախագիծը` Գեւորգ Պապոյանը նշել է. «Դեռեւս 2010 թվականից Կառավարությունը որդեգրել է առեւտրային իրավաբանական անձանց շրջանում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառությունը խրախուսելու եւ այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին աջակցելու քաղաքականություն: Սակայն Կառավարությունն այդ ժամանակ նման իրավունք չի ունեցել, եղել են Կառավարության որոշումներ, բայց օրենսդրական համապատասխան լիազորություններ սահմանված չեն եղել»:

Նախաձեռնությամբ սահմանվում են նաեւ Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման կամավորության սկզբունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ըստ նախարարի` Կորպորատիվ կառավարման նպատակն է աջակցել երկարաժամկետ ներդրումների ներգրավման նպատակով անհրաժեշտ վստահության եւ հաշվետվողականության միջավայրի կառուցմանը, կայուն աճի ու ֆինանսական կայունության ձեւավորմանը: «Այս տեսանկյունից բազմաթիվ են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հրապարակումներն ու հանձնարարականները, որոնք ընդգծում են Կորպորատիվ կառավարման կանոնների կարեւորությունն ու առանձնացնում են այն սկզբունքները, որոնք պետք է դրված լինեն կորպորատիվ կառավարման համակարգի հիմքում»,- բարձրաձայնել է զեկուցողը: Նա տեղեկացրել է, որ Կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման տեսանկյունից առանձնահատուկ դերակատարում ունեն ՏՀԶԿ-ի կողմից հրապարակված Կորպորատիվ կառավարման սկզբունքները:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե օրենսդրական փոփոխությունից հետո ինչքան ընկերություններ կհետեւեն Կորպորատիվ կառավարման կանոնակարգի ընդունմանը: Ի պատասխան` Գեւորգ Պապոյանն ասել է. «Կարծում եմ, որ այս փուլում մենք ունենք հետաքրքրվածություն որոշ ընկերությունների կողմից, որոնք ներգրավված են տարբեր ոլորտներում: Եթե մենք ուզում ենք բիզնեսի կառավարման որակապես նոր փուլ եւ ներդրումների ներգրավման որակապես նոր համակարգի անցնենք, ապա վստահ եմ` սա լավ հնարավորություն է շարունակաբար բարելավելու մեր գործարար միջավայրը»:

Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը, կարեւորելով նախաձեռնությունը, նշել է, որ դրա ընդունմամբ ՀՀ տնտեսական դաշտում կորպորատիվ կառավարման համակարգ ունեցող ընկերությունները կկարողանան միջազգային հարթակում սերտ համագործակցություն ունենալ նմանատիպ համակարգեր ունեցող կորպորացիաների հետ:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախաձեռնությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am