National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.5.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
1 / 2

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետը մի շարք հայեցակարգային հարցերի է անդրադարձել, արձանագրել, որ պետությունը պետք է ընկալվի որպես լավ ապրելն ապահովելուն միտված գործիք, իսկ ՀՀ քաղաքացու ձգտումը եւ նպատակադրումը պետք է լինի լավ ապրելը:

«Իմ գնահատմամբ մարդը, քաղաքացին ուզում է ապրել եւ ոչ տառապել, մարդն ուզում է վայելել կյանքը եւ ոչ թե ճգնել, մարդն ուզում է սիրել եւ սիրված լինել, մարդն ուզում է լինել ազատ, բարեկեցիկ, կենսուրախ եւ երջանիկ, ուզում է ապրել խաղաղ, արդար եւ արժանապատիվ միջավայրում: Այս նպատակին պետք է ծառայի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արժեհամակարգային ընկալումների վերափոխմանը եւ արձանագրել, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլեւս բավարար չէ, որովհետեւ հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլեւս բավարար չէ. հարկավոր է խաղաղություն: Նրա գնահատմամբ չենք նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչն անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Գործադիրի ղեկավարի համոզմամբ խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն: Վարչապետը խոսել է նաեւ բարեկեցության, կենսունակության նկատմամբ հանրության վերաբերմունքի վերանայման մասին:

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչու է ֆինանսավորում թանկ նախագիծ պետությունը: «Եթե ֆինանսավորում է, որ դրա արդյունքում ավելի վատ ապրի, ավելի պակաս ազատ եւ երջանիկ զգա իրեն, այդ պետությունը մարդու համար կկորցնի իմաստը»,- փաստել է գործադիրի ղեկավարը:

ՀՀ վարչապետը մանրամասնել է արդյունավետ պետության տեսլականը եւ արձանագրել. «Արդյունավետ պետությունը փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու եւ զարգանալու, մարտահրավերներին ու նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ պետությունն է, եւ սա միակ բանաձեւն է, որը կապահովի պետության հարատեւությունը եւ պետության կենսունակությունը»:

Երկրի վարչապետը մանրամասն խոսել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքների, բանակի ընկալման փոփոխության, կրթական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ:

«Փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու եւ զարգանալու, մարտահրավերին եւ նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ կառավարություն, խորհրդարան եւ կառավարող մեծամասնություն պետք է լինենք: Սա է այն նպատակադրումը եւ ձեռքբերումը, որն ունենք 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքներով եւ պետք է շարունակենք սպասարկել այս նպատակադրումը»,- փաստել է Նիկոլ Փաշինյանը:

Բյուջետային հատկացումների համատեքստում նա կարեւորել է այն փաստը, որ 2023 թվականին արձանագրվել է 8,7 տոկոս տնտեսական աճ, ինչը 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրով արտահայտված նպատակադրումից բարձր է: Նրա խոսքով ե՛ւ 2022 թվականին, ե՛ւ 2023 թվականին այդ նպատակադրումից բարձր տնտեսական աճ է արձանագրվել: «Մեր նպատակադրումն էր տարեկան միջինում ունենալ 7 տոկոս տնտեսական աճ: Կարեւոր է արձանագրել, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով: Սա շատ կարեւոր ցուցանիշ է»,- փաստել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասն խոսել է արտագաղթի առանցքային պատճառների, կղերաֆեոդալական մտածողության հաղթահարման կարեւորության, աշխատատեղերի ստեղծման հայեցակարգի, գործազրկության նվազման միտումների, հարկերի եւ տուրքերի գծով եկամուտների, եկամտային հարկի վերադարձի քաղաքականության, աշխատավարձի աճման միտումների եւ պետական բյուջետային քաղաքականության մի շարք դրսեւորումների վերաբերյալ:

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: