National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
31.05.2024
Հակոբ Արշակյանի ողջույնի խոսքը Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը
1 / 12

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Ինժեներական քաղաքում:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նախ անդրադարձել է ոլորտում պետության առաջնահերթություններին եւ փաստել. «Մենք ցանկանում ենք լավագույն հնարավորությունները ստեղծել բոլոր այն մարդկանց, գիտնականների ու ինժեներների համար, որոնք ցանկանում են ստեղծագործ աշխատանքով զբաղվել: Սա շատ կարեւոր է, որովհետեւ գիտնականը, որը չունի աշխատասենյակ, սարքավորումներ, համապատասխան ծրագրային ապահովում, գործնականում անհնար է, շատ դեպքերում, ունենալ համաշխարհային կարգի տպագրվող հոդվածներ ու ստեղծագործ աշխատանք: Նույնը վերաբերում է ինժեներներին, որոնք առանց սարքավորումների, առանց համապատասխան ենթակառուցվածքների չեն կարող ստեղծագործ աշխատանքով զբաղվել»:

ԱԺ նախագահի տեղակալի համոզմամբ սա է այն հիմնական գործոնը, որի պատճառով ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրից գնացել են ստեղծագործ աշխատանքով զբաղվող մարդիկ: Այս առումով նա կարեւորել է գերհամակարգչային կենտրոնի բացումը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ գիտելիքի անհրաժեշտության կարեւորությանը եւ ընդգծել. «Եթե ունես ենթակառուցվածք, սակայն չունես գիտելիք, բովանդակություն, դրված խնդիրներ, մարդիկ, ովքեր կարողանում են դա օգտագործել, այն դառնում է անիմաստ»:

ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է կառուցվող Ինժեներական քաղաքը, այնտեղ գործունեություն ծավալող ընկերությունների, ԳԱԱ-ում եւ համալսարաններում աշխատող գիտնականների գործունեությունը եւ գոհունակությամբ արձանագրել, որ վերջին 2-3 տարիների ընթացքում մեր երկիր մուտք են գործել նոր բարձր տեխնոլոգիական ընկերություններ:

Հակոբ Արշակյանը խոսել է նոր, ինչպես նաեւ արդեն գոյություն ունեցող նախաձեռնությունների արդյունավետ իրականացման մասին, անդրադարձել գիտության ֆինանսավորման բովանդակային ծրագրերի ներկայացմանը, գիտության ֆինանսավորման կրկնապատկմանը: «Ուզում եմ կոչ անել գիտական, ինժեներական հանրույթին՝ էլ ավելի ջանքեր գործադրելու, որ բոլոր  միջոցները ծախսվեն առավելագույն արդյունավետ»,- նշել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է կրթության որակի բարելավման հարցում պետության կողմից իրականացվող ներդրումները, արժեւորել դպրոցներում բնագիտական լաբորատորիաների թարմացման եւ ներդրման ծրագրերը, որոնք, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի, ապագային միտված նախաձեռնություններ են:

Խոսքի ավարտին Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության իրականացմանն աջակցած բոլոր կառույցներին, որոնց ջանքերի համատեղմամբ իրականություն է դարձել գերհամակարգչային կենտրոնի հիմնումը:

Նշենք, որ աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքի համաձայնությամբ գերհամակարգչային կենտրոնն անվանակոչվել է երգահանի անունով:

Կենտրոնի եւ վերջինիս կողմից ստեղծվող նոր հնարավորությունների մասին խոսել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը:

Այնուհետեւ հանդիսավոր պայմաններում կայացել է Ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտնականներ, ինժեներներ, հյուրեր:

«Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակն է Հայաստանում Ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել ինժեներական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով մեր երկրում տնտեսության մրցունակության եւ արտադրողականության բարձրացումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am