National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.06.2024
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կատարողականը 2023 թ. կազմել է 97.5 տոկոս
1 / 17

2023 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունը ծախսել է 705.6 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել 2022 թվականի հատկացումից 15 տոկոսով: Տարվա պլանը եղել է 653.7 մլրդ դրամ, սակայն այդ միջոցներն ավելացվել են՝ պայմանավորված ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Տարվա ընթացքում իրականացվել են 17 ծրագիր եւ 107 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 3-ին քննարկման ներկայացնելով  «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության համապատասխան հատվածները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարում գերատեսչությունում իրականացրած աշխատանքների կատարողականն ու ֆինանսական հատկացումները: Նախարարի խոսքով իր ղեկավարած կառույցի կատարողականը հաշվետու տարում կազմել է 97.5 տոկոս: Նշվել է, որ 2024 թվականին եւս ավելի շատ են լինելու ծրագրերն ու ֆինանսավորումը:

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու հարցին: Բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառմանն ուղղվել է 1.6 մլրդ դրամ՝ 839 շահառու ընտանիքի համար:

«2023 թվականին գործուն փուլ ենք տեղափոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում, այսպես կոչված, 16 մլն ծրագիրը, համաձայն որի՝ պետությունը 16 մլն դրամի  շրջանակում աջակցում է սահմանամերձ գյուղական համայնքներում հիպոտեկով սեփական տուն կառուցելու ծրագրին: Ծրագրի կատարողականը եւ պահանջարկը բավականին մեծ են: 2023 թվականին ունեցել ենք 280 շահառուի հաստատված գործ: Երբ որոշակի լավարկումներ իրականացրեցինք, կարող եմ ասել, որ բնակարանների թիվն անցնում է 1100-ը, որոնցից 660-ն արդեն վարկավորվել են: Բնակարանների մի մասն արդեն պատրաստ է, մարդիկ ապրում են դրանցում, մի մասում էլ տարբեր աստիճանների շինաշխատանքներ են ընթանում»,- ասել  է նախարարը եւ հավելել, որ ծրագիրը որոշակիորեն փոփոխվելու է, դառնալու է ավելի թիրախային:

Անդրադառնալով զբաղվածության ապահովման ծրագրերին՝ նախարարը նշել է, որ 2023 թվականին նախարարությունը շարունակել է իրականացնել զբաղվածության ապահովման մի ծրագիր, որը մասնագիտական ուսուցում եւ/կամ կայուն զբաղվածություն է ապահովել Ադրբեջանի կողմից 2016, 2020, 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակից 526 անձի համար:

Ծրագիրն իրականացվել է պիլոտային տրամաբանությամբ, ունեցել է երեք բաղադրիչ՝ վերապատրաստում, կրթություն, փորձառության ձեռքբերում, ինչպես նաեւ պետությունը  խրախուսել է գործատուներին, որ պատերազմի մասնակիցներին աշխատանքի ընդունեն:

«Բացի այդ, ուսումնասիրելով ծրագիրը, մենք հասկացանք, որ այն դրական արդյունքներ է տալիս, եւ ընդլայնեցինք շահառուների ցանկը: 2023 թվականից ներառում ենք ոչ միայն պատերազմի մասնակիցներին, այլ նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից  զորացրվածներին: Մինչեւ զորացրվելն էլ որոշակի աշխատանք կատարում ենք հենց զորամասերում՝ փորձելով հասկանալ, թե ինչ սպասելիքներ, հմտություններ,  վերապատրաստման ինչ անհրաժեշտություն կարող է առաջանալ: Զորացրվելուց հետո արդեն ունենում ենք որոշակի տվյալներ եւ կարողանում ենք ուղղորդել համապատասխան ոլորտներ եւ ծրագրեր»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների բազմաբնույթ հարցերին, տվել պարզաբանումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am