National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.06.2024
Քննարկվել են ՀՀ վարչապետի եւ նախագահի աշխատակազմերի 2023 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունները
1 / 4

2023 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել պետական ապարատի աշխատանքները` հնարավորինս կիրառելով թվային գործիքներ. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ 2023 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 22,2 մլրդ դրամ, որից 2023 թվականի ծախսերը կազմել են 21.2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.3 տոկոսը: Ծրագրված ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, տեսչական վերահսկողության եւ արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագրերի կատարողականով:

Զեկուցողի խոսքով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական վերահսկողության ծրագրին է փոխանցվել 4 միջոցառում:

«Իմ գլխավորությամբ` որպես ազգային համակարգողի, շարունակել ենք մեր պարտավորությունների իրականացումը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում: Աշխատակազմի եւ անձամբ իմ համակարգմամբ Հայաստանում անցկացվել են մի շարք մեծ նախագծեր, որոնցից են Համահայկական խաղերի ու Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպումը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ վարչապետի որոշումներով գլխավորել է Արամ Խաչատրյանի, Սերգեյ Փարաջանովի եւ Շառլ Ազնավուրի հոբելյանական հանձնաժողովները:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն էլ ներկայացրել է նախագահի աշխատակազմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Նրա խոսքով 2023 թվականին «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրով տարեկան պլանը հաստատված էր 1 մլրդ 686,3 մլն դրամ: Տարվա ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 546 մլն 500 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 466 մլն 562 հազար դրամ, ինչը կազմել է ճշտված բյուջեի 95 տոկոսը:

Ըստ զեկուցողի` վերոնշյալ ծրագրով իրականացված «Հանրապետության նախագահի գործունեություն եւ ներկայացուցչականության ապահովում» միջոցառման տարեկան պլանը եղել է 1 մլրդ 682,5 մլն դրամ: Խաչատուր Պողոսյանը հայտնել է, որ հետագայում Կառավարության որոշումներով պլանը նվազեցվել է 172 մլն դրամով: Ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 510,5 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 431 մլն 100 հազար դրամ, ինչը կազմում է ճշտված բյուջեի 94,7 տոկոսը: Տնտեսվել է շուրջ 70 մլն դրամ:

Նշվել է, որ «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 3 մլն 762 հազար դրամ, այնուհետեւ միջոցառման գումարն ավելացվել է 32 մլն դրամով: Ճշտված պլանը կազմել է 35,7 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 35 մլն 233 հազար դրամ: Տնտեսվել է 529 հազար դրամ:

Խաչատուր Պողոսյանը ներկայացրել է նաեւ իրականացված մյուս միջոցառումներն ու աջակցության ծրագրերը եւ դրանց համար կատարված ծախսերը:

Զեկուցողը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում նախագահի կողմից ստորագրվել են խորհրդարանի ընդունած 426 օրենքներ: ՀՀ նախագահի կողմից նաեւ ընդունվել է քաղաքացիության վերաբերյալ 130 հրամանագիր, արդյունքում` քաղաքացիություն շնորհելու մասին նախագահի հրամանագրերով 2023 թվականին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 855 անձի: Հաշվետու տարվա ընթացքում դադարեցվել է շուրջ 3 հազար 300 անձի քաղաքացիությունը:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 3-ին շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանն ու Ծովինար Վարդանյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am