Հոկտեմբերի 19-ին ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար,ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ պատվիրակության անդամ Սամվել Նիկոյանը հանդիպեցին ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան տիկին Ջուլի Ֆինլիին:
Տիկին Ֆինլին կարեւորեց Հայաստանում առաջիկա ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը` անհրաժեշտ համարելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության երկարաժամկետ` 90-օրյա ներկայությունը Հայաստանում: Տիկին Ֆինլիի համոզմամբ, դիտորդների ներկայությունը նախընտրական գործընթացում նույնքան կարեւոր է, որքան ընտրությունների ժամանակ:
Վահան Հովհաննիսյանը եւ Սամվել Նիկոյանը նույնպես կարեւորեցին Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը` նշելով, որ շուտով կընդունվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք անցել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը եւ համաձայնեցվել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:
Հանդիպմանը անդրադարձ եղավ ԿԸՀ գործունեությանը, երկուստեք կարեւորվեց ընտրացուցակների ամբողջական եւ ճշգրտիտ լինելու անհրաժեշտությունը: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: