National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.10.2006
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլիի գլխավորած պատվիրակությանը:

Առաջին անգամ լինելով Հայաստանում` տիկին Ֆինլին նշեց, որ գոհ է երկու օրում իր ունեցած հանդիպումներից, հասցրել է լինել մայրաքաղաքում ու նույնիսկ մայրաքաղաքից դուրս գալ, նաեւ հասկացել է, որ հայերը լավ մարդիկ են: Նրա խնդրանքով` ԱԺ նախագահը հանգամանալից տեղեկություններ հաղորդեց Ընտրական օրենսգրքի փոփոխություններին առնչվող գործընթացների մասին` կարեւորելով ժամանակին, փորձագիտական եզրակացությունների հաշվառումով, ժողովրդավարական չափանիշներին պատշաճ մակարդակով այդ փոփոխությունների ընդունումը: Նշվեց, որ այսօր քաղաքական ուժերի հետ քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել առաջիկա քառօրյայում Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու եւ մինչեւ երկրորդ ընթերցում ժամանակահատվածում խնդրահարույց մի քանի հարցերը, նաեւ միջազգային կառույցների փորձագետների հետ համաձայնեցնելով` դեկտեմբերի քառօրյայում օրենսգիրքը երկրորդ ընթերցումով ընդունելու համար:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին, նշելով, որ Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացների հետ կապված ինքը չի կարող խորհրդատու լինել` խորամուխ չլինելով դրանց մանրամասներին, առաջին հերթին կարեւորեցխորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությունների մասնակցության հարցը` թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ: Նա ընդգծեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից սպասում է ազատ, արդար ժողովրդավարական ընտրություններ, որոնց անցկացման համար ոչ միայն լավ Ընտրական օրենսգիրքն է կարեւոր, այլեւ դրա կիրառումը: Այս հարցում երկկողմանիորեն կարեւորվեց նաեւ դիտորդական առաքելության ընթացքում երկակի ստանդարտների բացառումը եւ գնահատման միասնական չափանիշների կիրառումը: ԱԺ նախագահը նշեց, որ ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների անցկացմամբ առաջին հերթին շահագրգիռ են Հայաստանի իշխանությունները` կարեւորելով դրանց ներգործությունը երկրի հետագա զարգացման ու առաջընթացի վրա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցին: Քանի որ տիկին Ֆինլին ԵԱՀԿ-ում ներկայացնում է Մինսկի խմբի համանախագահ երկիրը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հարկ համարեց նրան ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման գործընթացների առնչությամբ իր մի քանի նկատառումները: ԱԺ նախագահը նշեց, որ ցանկացած միջազգային կազմակերպություն ազատ է քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը (օրինակ ԵԽ-ում այն քննարկվել է եւ բանաձեւ է ընդունվել) այդ քննարկումները երբեմն նաեւ օգտակար են լինում, բայց երբ փորձեր են կատարվում հակամարտության կարգավորման խնդիրները միջազգային այլ կազմակերպություններ տեղափոխել, դա անընդունելի է, որովհետեւ հակամարտությունների կարգավորումը բարդ խնդիր է, տեւական ժամանակ եւ հարցի խորքային իմացություն է պահանջում, ուստի նման փորձերը հանգեցնում են ոչ թե այլ ատյանում կարգավորում գտնելուն, այլ`  գործընթացի տապալմանը: Խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի շրջանակներում ՎՈՒԱՄ երկրների կողմից սառեցված հակամարտությունների ներկայացմանը: Պարոն Թորոսյանը զարմանալի համարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը պաշտպանեց այդ մոտեցումը: Նա կարեւորեց խնդրի լուծումը հենց Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ համանախագահները քաջատեղյակ են բոլոր մանրամասներին: Պատահական չէ, որ վերջերս հենց նրանք առաջարկեցին մի բանաձեւ, որը, ի տարբերություն նախորդների, առանձնանում է կարգավորման համար իրական հնարավորություններ ստեղծելով. այդ բանաձեւը առաջարկում է ոչ թե միմյանց հակադրել ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները, այլ` համադրել: Պարոն Թորոսյանը նաեւ ժխտեց տարածված կարծիքը, որ նախընտրական շրջանում հակամարտությունների հաղթահարման գործընթացները սառեցնելը ճիշտ է`  այդ գործընթացների վրա չներգործելու նպատակով: Նա նշեց, որ հասարակության համար ընդունելի լուծումները դրական ազդեցություն կունենան ընտրական գործընթացների վրա, իսկ անընդունելի լուծումներն անընդունելի են բոլոր ժամանակներում: Այս մասին ասվել է եւ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային եւ նա համամիտ է եղել այս մոտեցմանը: Տիկին Ֆինլին եւս համաձայնեց այս դիրքորոշմանը` նշելով, որ իր համար այս ամենն իմանալը օգտակար կլինի հետագա աշխատանքներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am