National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.06.2024
ՀՀ-ում եվրոպական ինտեգրման օրակարգի առաջամարտիկը Կառավարությունն ու իշխող մեծամասնությունն են. Արման Եղոյան
1 / 26

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի առաջարկով հունիսի 21-ին հրավիրել է «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ:

Ըստ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի` նպատակն է լսել բովանդակային առաջարկներ` նախանշված քաղաքական նպատակներին հասնելու համար, ստանալ ոչ թե «ի՞նչ», այլ «ինչպե՞ս» հարցի պատասխանը` ուղիների, ժամկետների, գործիքակազմերի, քայլերի հաջորդականության վերաբերյալ: 
 
«Եվրոպական ինտեգրումը բազմաթիվ գծերից բաղկացած գործողություն է, որի մեջ կան բազում առանձին վերցրած քայլեր»,- ասել է Արման Եղոյանը: Նրա խոսքով փոքր պետությունների համար լավ է լինել Եվրամիության անդամ. փորձը ցույց է տվել, որ անդամակցությունից հետո նման երկրները թռիչքաձեւ աճ են արձանագրել:

Անդրադառնալով քննադատություններին, թե իշխող խմբակցությունը դանդաղեցնում է ՀՀ-ի եվրաինտեգրման ընթացքը` Արման Եղոյանը նշել է. «Այս լսումները հրավիրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, մեր հանձնաժողովի կողմից: Մենք պարտադրված չենք եղել դա անելու, ցանկացել ենք դա անել»: Նա շեշտել է, որ 2024 թվականի ապրիլի 5-ից հետո եւ առավելապես վերջին շրջանում, շփումներն ակտիվացել են ոչ միայն եվրոպացի, այլեւ ԱՄՆ գործընկերների հետ:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարեւորել է հանձնաժողովի` հասարակական պահանջին ընդառաջ գնալու եւ խորհրդարանական լսումներ հրավիրելու հանգամանքը: Նրա դիտարկմամբ փոքր պետությունները շահում են միություններում, եթե դրանք նվաճված պետություններ չեն: «Եթե մեծ, հզոր պետությունները նվաճող, շահագործող չեն, այո', կարելի է շահել: Բայց մեծ պետությունները նույնպես շահում են: Մեզ ընդունելով ԵՄ` եվրոպացիները շահում են. մեզ նման դաշնակից, գործընկեր ունենալը նրանց արժանապատվության հարցն է»,- ասել է Ազատ Արշակյանը` հավելելով, որ Հայաստանը ցանկալի դաշնակից է Եվրոպայի համար:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշել է, որ իրենք հանձնառություն են վերցրել դեպի Եվրոպա գնալու գործընթացում աջակցել գործող իշխանություններին: Նրա դիտարկմամբ 2020 թվականից հետո ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր գործընթացներն աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական են, ուստի առաջարկում է կատարել քաղաքակրթական ընտրություն, որոշել Հայաստանի վերջնական ուղղվածությունն ու այդ ուղղությամբ իրական քայլեր անել: Արամ Սարգսյանը, ներկայացնելով չորս քաղաքական ուժերի տեսակետը, առաջարկել է 100 օրվա մեջ կազմակերպել Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե: Մասնավորապես, նա առաջարկել է հանրաքվեն իրականացնել սեպտեմբերի 21-ին, ինչպես 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց անկախության հանրաքվեն:

«Խնդիրը սիմվոլիզմը չէ, դա կնշանակի, որ մենք նորից ջանում ենք տարածաշրջանում դառնալ ժողովրդավարության կղզյակ, ժողովրդավարության առաջատարը»,- ասել է կուսակցության նախագահը` հավելելով, որ այդ քայլն առատաձեռն կփոխհատուցվի հայ ժողովրդին ինչպես սպառազինության, անվտանգության, այնպես էլ` տնտեսության զարգացման եւ ներդրումների առումով:

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով Եվրոպական միությանն անդամակցելու գաղափարը Հայաստանի Հանրապետությունում ունի ընդգրկուն համախոհություն: Նա ընթերցել է հունիսի 20-ին տեղի ունեցած Ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովում ընդունված կոչը, ըստ որի` ՀՀ իշխանություններին առաջարկվում է առաջիկա չորս ամիսների ընթացքում կազմակերպել Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե: Հովսեփ Խուրշուդյանը համոզմունք է հայտնել, որ հանրությունն «Այո» է ասելու առաջարկվող հանրաքվեին:

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի խոսքով կայացնելու են որոշումներ, որոնք կսահմանեն մեր պետության հարատեւ ուղին եւ հավերժ գոյության ճանապարհը: Նրա կարծիքով հանրաքվեն կօգնի խորացնել հարաբերությունները ոչ միայն Եվրոպական միության հետ, այլեւ` ԱՄՆ-ի հետ: Հայաստանի համար կստեղծվի ահռելի զսպման գործիքակազմ եւ անվտանգային կապիտալ:

Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով հարցի կարեւորությանն ու պատասխանատվությանը, նշել է. «Պատասխանատվությունը կոլեկտիվ է: Ես այստեղ չեմ ուզում հակադրությունների մեջ մտնել ոչ «Քաղաքացիական պայմանագրի», ոչ մյուսների հետ, որովհետեւ այսօր Հայաստանին պետք է կոնսենսուս` շատ առանցքային որոշմամբ: Առաջարկվող թեմայով հանրաքվեն հենց այդ կոնսենսուսի խնդիրն է: Իսկապես, պահն է հասկանալու, որ որեւէ մեկն այս անգամ այդ պատասխանատվությունից չի փախչելու` լինի իշխանություն, թե ընդդիմություն»:

Ժողովրդավարական ուժերի հարթակի եւ քաղհասարակության ներկայացուցիչները ելույթներում անդրադարձել են եվրաինտեգրման գործընթացներին, այլընտրանքային ուղիներին, Հայաստանի անվտանգային համակարգին, ժողովրդավարության ամրապնդմանը: Հայաստանի համար եվրաինտեգրումը բնորոշվել է որպես այլընտրանք չունեցող ճանապարհ: Տեսակետ է հնչել, որ նախատեսված ժամկետում հանրաքվեի իրականացումը կապահովի միջազգային հնչեղություն, ժողովրդավարական աշխարհում Հայաստանի Հանրապետության վերելք, ինչպես նաեւ Հայաստանի շուրջ արեւմտյան կոնսոլիդացիայի ուժգնացում: Հանրաքվեն դիտարկվել է որպես պատմական, քաղաքակրթական, աշխարհաքաղաքական, անկախ պետականությունն ու ինքնիշխանության գոյատեւումը հավերժացնող, ազգային անվտանգությունը եւ դիմակայունությունն ուժեղացնող ընտրական գործընթաց:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Սոնա Ղազարյանն ընդգծել է, որ եվրաինտեգրումն ամենեւին ֆինանսական աջակցություն չէ, այլ տնտեսական, էներգետիկ անվտանգությանն ուղղված քայլեր: «Եվրոպական միությանն ինտեգրումը նաեւ մարդու իրավունքների ոլորտում կատարված եւ տարվող ինստիտուցիոնալ ռեֆորմներն են, որոնք անշրջելի են դարձնելու Հայաստանի` եվրաինտեգրման ուղին»,- ասել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը կարեւորել է խորհրդարանական լսումներին մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը ողջունել է բովանդակության շուրջ հանրային խոսույթը, օրակարգը զարգացնելու համար: «Ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն ու ձգտումները դեպի իրական ժողովրդավարություն, եւ սա ամենակարեւոր հարցն է, որի շուրջ հանրային լայն կոնսենսուսը եւ մեր հանրության ողջախոհությունը կուղղորդեն քաղաքական զարգացումների բովանդակությունն ու ուղղությունը»,- ասել է Մերի Գալստյանը:

«Հայաստանի Հանրապետությունում եվրոպական ինտեգրման օրակարգի առաջամարտիկը ՀՀ կառավարությունն ու իշխող մեծամասնությունն են»,- ամփոփելով խորհրդարանական լսումները` ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը` ներկայացնելով եվրաինտեգրման հաջորդական քայլերը:

Նշելով, որ ՀՀ իշխող մեծամասնությունը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցը` նա ասել է, որ պատեհ պահի` մի շարք այլ ձեւաչափերով քննարկումների արդյունքում, երբ Կառավարությունն ու իշխող մեծամասնությունը գան որեւէ եզրահանգման, դրա մասին կհայտարարվի: Արման Եղոյանը շեշտել է, որ ՀՀ եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է: Անդրադառնալով խորհրդարանական լսումների ընթացքում հնչած ելույթներին, դիտարկումներին` հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել մասնակցության եւ հետաքրքիր քննարկման համար: