National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.06.2024
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան
1 / 1

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին:

Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է.

«Հարգարժա'ն գործընկերներ,

Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների մասին: Թավշյա հեղափոխությունը բեկումնային պահ էր մեր ժողովրդի պատմության մեջ` սկիզբ դնելով հույսի, փոփոխությունների եւ ժողովրդավարության վերականգնման դարաշրջանին:

Թավշյա հեղափոխությունը մի պահ էր, երբ Հայաստանի ժողովուրդը համախմբվեց` պահանջելով վերջ տալ կոռուպցիային եւ ավտորիտարիզմին: Այս հեղափոխությունը միայն առաջնորդներ փոխելու մասին չէր. այն Հայաստանի քաղաքական լանդշաֆտը հիմնովին վերափոխելու մասին էր:

Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին, որն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, թափանցիկության բարձրացմանը եւ օրենքի գերակայության խթանմանը: Հետհեղափոխական ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն ընտրական համակարգի հիմնանորոգումն է: Հայաստանի կառավարության կողմից ջանքեր են գործադրվել ապահովելու, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքն էական փոփոխությունների են ենթարկվել: Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին համապատասխան:

Դատական իշխանության անկախության ամրապնդումը եղել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հիմնաքարը: Քայլեր, ինչպիսիք են դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգումը, ձեռնարկվել են` երաշխավորելու, որ այդ պաշտոններում ընտրության գործընթացն արժանիքահենք է եւ զերծ քաղաքական ազդեցությունից:

Հատուկ ուշադրություն է դարձվել կոռուպցիայի դեմ պայքարին: Ոստիկանության ոլորտում իրականացված հավակնոտ բարեփոխումները, հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը եւ կոռուպցիոն դրսեւորումների դեմ խիստ միջոցառումների նախաձեռնումը նպաստել են կոռուպցիայի կանխարգելմանը եւ հակազդմանը` ստեղծելով ավելի թափանցիկ եւ հաշվետու դատական ու իրավապահ մարմիններ:

Զգալի առաջընթաց է գրանցվել լրատվամիջոցների ազատության ապահովման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվել անկախ լրագրությունը խթանելու ուղղությամբ: Արդյունքում Հայաստանը 180 երկրների շարքում 43-րդն է ԶԼՄ-ների ազատության ինդեքսում 2024 թվականի դրությամբ` ամեն տարի անընդմեջ բարելավելով իր վարկանիշը:

Հարգելի' գործընկերներ, պատերազմը ժողովրդավարության ամենամեծ թշնամին է: Այդուհանդերձ, այս մարտահրավերը չի խանգարել Հայաստանի կառավարությանը շարունակել ժողովրդավարական բարեփոխումներն անվտանգության հետ կապված խնդիրներին զուգահեռ: Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հետագա հարձակումներից հետո հայ հասարակության շրջանում քննարկվում էր, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը բացառում են միմյանց, եւ հնարավոր չէ լինել ուժեղ երկիր` լինելով ժողովրդավար: Չնայած անվտանգության հետ կապված բոլոր դժվարություններին` հայ ժողովրդի պատասխանն այս բանավեճին հստակ էր: Ժողովրդավարությունն ու անվտանգությունը չեն հակասում, ավելի շուտ լրացնում են միմյանց: Ժողովրդավարությունը Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է, եւ այն ամուր կանգնած է Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության խրամատում:

Հարգելի' գործընկերներ, չնայած զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը շարունակվում է: Հիմքերը դրված են, բայց մեզնից է կախված, թե ինչ կկառուցենք այդ հիմքերի վրա: Այս բարեփոխումների հաջողությունը կախված է Հայաստանի կառավարության քաղաքական կամքից: Մենք պետք է հավատարիմ մնանք ժողովրդավարության սկզբունքներին` ապահովելով, որ մեր ինստիտուտները լինեն դիմակայուն եւ արձագանքող բոլոր քաղաքացիների կարիքներին:

Գործընկերնե'ր, 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները մեր ժողովրդին կանգնեցրել են ավելի լուսավոր, ավելի ժողովրդավարական ապագայի ուղու վրա: Եվ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի մեր ժողովրդավարական արժեքները պաշտպանելու եւ այնպիսի հասարակություն կառուցելու համար, որտեղ գերակայում են ազատությունը, արդարությունը եւ հավասարությունը:

Շնորհակալություն»:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am