National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.7.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.07.2024
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ
1 / 1

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ:

«Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրում ենք կյանքի կոչելու մեր իսկ կողմից որդեգրված բանաձեւերը՝ դրանով իսկ նպաստելով մեր կազմակերպության հեղինակությանը:

Հարցս հնչեցնում եմ դեռեւս չկարգավորված ղարաբաղյան հակամարտության եւ անվտանգային ճգնաժամի համատեքստում, որը ռեալ գոյաբանական մարտահրավեր է Հայաստանի համար:

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից 9-ամսյա դաժան շրջափակումից հետո, ցեղասպանության իրական սպառնալիքի ներքո 150 հազար հայեր լքեցին Լեռնային Ղարաբաղը՝ իրենց 3000 տարվա հայրենիքը, եւ հարկադրաբար տեղափոխվեցին Հայաստան:

Սա հստակ էթնիկ զտման քաղաքականություն եւ գործողություն էր, որին հաջորդեց մշակութային եւ սոցիալական ոչնչացումը:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական եւ արժանապատիվ վերադարձի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ: Անցած երեք տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը եւ եվրոպական 30 երկրներ ընդունել են հայտարարություններ, որոնցում ամրագրված է Լեռնային Ղարաբաղի հայերի անվերապահ վերադարձի իրավունքի իրացումը՝ հիմնված միջազգային երաշխիքների, պատմական եւ մշակույթի ժառանգության նկատմամբ պատշաճ հարգանքի ու պահպանության վրա:

Այս եւ ավելի վաղ ստորագրված բազմաթիվ բարձր մակարդակի հայտարարությունները մնացել են անհետեւանք՝ Ադրբեջանի անտեսման, ինչպես նաեւ միջազգային հանրության անգործության, գործողությունների չորդեգրման պատճառով:

Ադրբեջանի շարունակական ռազմականացումն ու Հայաստանի դեմ նրա տարածքային պահանջները խաթարում են վստահությունն այսպես կոչված «խաղաղության գործընթացի» նկատմամբ:

Սահմռկեցուցիչ լուրեր ենք ստանում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ բռնաճնշումների եւ խոշտանգումների վերաբերյալ, որոնց թվում են 3 նախկին ընտրված նախագահներ, վարչապետ եւ խորհրդարանի խոսնակ, պաշտոնյաներ, որոնց հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր շփումներ են ունեցել ավելի քան 3 տասնամյակ:

Ակնհայտ է, որ խաղաղության գործընթացը կարող է շահել եւ հենվել միայն վստահության գործիքակազմի կիրառման, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակման պարագայում:

Սիրելի՛ գործընկերներ, հրամայական է, որ հակամարտության հանգուցալուծումը պետք է բխի խնդրի բուն էության եւ պատճառների հաշվառումով:

Ակնհայտ է՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական վերադարձով:

Ուստի, ես կոչ եմ անում իմ գործընկերներին ԵԱՀԿ շրջանակում հետագա քայլեր ձեռնարկել՝ հաստատելու այն միջազգային մեխանիզմները, որոնք միջազգային պաշտպանության ներքո կերաշխավորեն ԼՂ հայերի վերադարձի իրավունքը՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ապահովությունը եւ կայուն խաղաղությունը»,- ասել է պատգամավորը: