Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին, խմբի անդամ Ալեն Մուան Բրըսանին, քարտուղար Ժան Պիեռ Դելանուային:
Ողջունելով հյուրերին` խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց ի շահ Հայաստանի ու երկու ժողովուրդների բարեկամության գործադրված ջանքերի համար եւ այն մեծ աջակցության, որ Ֆրանսիայի խորհրդարանը ցուցաբերում է հայերիս համար զգայուն ընկալում ունեցող խնդիրների նկատմամբ. մասնավորապես վերջին շրջանում բոլոր երկրներում ու հատկապես Թուրքիայում բուռն արագանք գտած` ցեղասպանության ժխտողականության դատապարտման օրինագծի ընդունման, որն իրականում ուղղված է ոչ թե առանձին մարդկանց պատժելուն, այլ` նման երեւույթների նկատմամբ հստակ վերաբերմունք է արտահայտում` դրանք կանխելու նպատակով: Պարոն Թորոսյանը ծիծաղելի համարեց որոշ խմբերի վերաբերմունքը, երբ ժողովրդավարության մասին հեռավոր պատկերացում ունենալով` փորձում են Ֆրանսիայի խորհրդարանին մեղադրել խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունների մեջ:
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, որ 15-րդ անգամ է Հայաստանում, նշեց այն մեծ առաջընթացը, որ 90-ական թվականներից հետո ունեցել է Հայաստանը բոլոր ոլորտներում: Նրա խնդրանքով ԱԺ նախագահը իրազեկեց ԼՂ հարցի կարգավորման ու Թուրքիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին: Աժ նախագահը նշեց, որ հիմա ԼՂ հարցի լուծման առավել նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. տեւական ժամանակ միմյանց հակադրվում էին ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները, այժմ Մինսկի խմբի համանախագահները առաջարկում են մի բանաձեւ, որտեղ այդ սկզբունքները համադրվում են: Այդ մոտեցումն ամրագրված է ԵԽԽՎ 1416 բանաձեւում եւ ԵԽ նախարարների կոմիտեի այդ բանաձեւի վերաբերյալ ընդունած փաստաթղթում: Պատասխանելով պարոն Ռոշբլուանի հարցին Բաքվի դիրքորոշման մասին, որը նրա գնահատմամբ բոլորովին այլ է, պարոն Թորոսյանը նշեց, որ երկու պատճառով Բաքուն չի ուզում խնդիրը լուծված տեսնել` նախ լուծումը վերջ կտա Լեռնային Ղարաբաղը «ազատագրելու» «հայրենասիրական» ելույթներ ունենալու հնարավորությանը, ինչը կորցնել Բաքվում չեն ուզում, եւ ապա` կտրուկ մեծացնում են ռազմական ծախսերը, թեպետ հազիվ թե մտածում են զենքով լուծել հարցը. կյանքն արդեն ցույց է տվել, որ զենքի, փողի քանակը վճռորոշ նշանակություն չունի, բայց ռազմական բյուջեն ամենաանվերահսկելին է` դրանից բխող հետեւանքներով: Բայց վերջիվերջո` միջազգային հանրության համբերությունը կարող է սպառվել եւ այդ դեպքում նրանց լուծումը կպարտադրվի: Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կողմնակից է նորմալ հարաբերությունների` առանց նախապայմանների, սակայն նախապայմաններ է դնում Թուրքիան, ինչը, բնականաբար, անընդունելի է: Որպես ԵԽ անդամ երկիր, որ ցանկանում է դառնալ ԵՄ անդամ` պարոն Թորոսյանը Թուրքիայի պարագայում անընդունելի համարեց փակ սահմանի առկայությունը, որը համադրելի չէ եվրոպական որեւէ սկզբունքի ու չափանիշի հետ: Պարոն Թորոսյանը նշեց, որ ԵԽ-ն արջի ծառայություն մատուցեց Թուրքիային` դադարեցնելով մոնիտորինգը, թերեւս դրանից ոգեւորված է Թուրքիան սպառնալիքներ տեղում բոլորի, այդ թվում` ԵՄ-ի հասցեին:
Պարոն Ռոշբլուանը համաձայնեց ԱԺ նախագահի այդ դիտարկման հետ: Նա անդրադարձավ նաեւ ժխտողականության մասին օրենքը Ֆրանսիայի Հանրապետության Սենատում ընդունելուց առաջ մեկ այլ նախագծի քննարկմանը, որի հեղինակն է ինքը եւ որով դատապարտվում են ընդհանրապես բոլոր ցեղասպանությունները` առանց երկիրները որոշակիացնելու: Պարոն Թորոսյանը նշեց, որ ինքնին որեւէ ցեղասպանություն հանցագործություն է մարդկության նկատմամբ եւ լիովին ընդունելի է ցեղասպանությունը դատապարտող ընդհանրական օրինագծի ընդունումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան եւ Հայաստանի էներգետիկ համակարգին: Պարոն Ռոշբլուանին հետաքրքրում էին Մեծամորի աէկ-ի փակման հարցը եւ այդ շրջագծում` Հայաստանի էներգետիկ ապահովման հեռանկարները: ԱԺ նախագահը պարզաբանեց, որ այժմ Հայաստանում, որոշ երկրներից վարկեր ու դրամաշնորհներ ստանալով, կառուցվում են փոքր հէկ-եր, որոնք, սակայն, էլեկտրաէներգիայի ամբողջ պահանջը բավարարել չեն կարող: Ծրագրեր կան նոր աէկ կառուցելու, ապա Մեծամորի աէկ-ը փակելու, բայց այս պարագայում ծագում են ֆինանսական խնդիրներ: Առաջիկա մի քանի տարում այս հարցը պետք է լուծվի:
Հանդիպման ժամանակ անդրադարձներ եղան եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի ու Ֆրանսիայի պատվիրակությունների համագործակցության խնդիրներին: