Փետրվարի 16-18-ը Երեւանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստը:
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստում ելույթներ կունենան հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ ԲՀ ԱԺ փոխնախագահ Սերգեյ Զաբոլոտեցը: Օրակարգի հաստատումից հետո քննարկումներ կլինեն երկու հանրապետությունների միջեւ գործող իրավապայմանագրային բազայի վիճակի եւ ՀՀ ու ԲՀ պատվիրակությունների միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության շուրջ: Նիստի աշխատանքները կամփոփվեն արձանագրության ընդունմամբ:
Նույն օրը նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հանդիպումը ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ փոխնախագահ Սերգեյ Զաբոլոտեցի հետ:
Պարոն Զաբոլոտցին կընդունի նաեւ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ համագործակցության հանձնաժողովի անդամներին կընդունի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: