Քառօրյա նիստերի երկրորդ օրվա աշխատանքները խորհրդարանն սկսեց քվեարկություններով. փետրվարի 27-ի նիստում Ազգային ժողովն ընդունեց մինչ այդ քննարկված բոլոր հարցերը. 15 նախագիծ եւ օրենսդրական փաթեթ, միջազգային 7 պայմանագիր:
Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորներին ներկայացվեցին «Գույքահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը: «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքի նախագիծը` 14 օրենքներում համապատասխան փոփոխությունների առաջարկով, ներկայացվեց երրորդ ընթերցման:
Այս հարցերի քննարկումից հետո Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նիստը ընդմիջեց` հաշվի առնելով, որ օրակարգում ընդգրկված հարցերի ճնշող մեծամասնությունը քննարկվել է, իսկ մնացած հարցերի հիմնական զեկուցողները, տարբեր պատճառներով, չեն կարող ներկայանալ:
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ պատգամավոր Վռամ Գյուլզադյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ըստ կանոնակարգի` նիստի վերջին մեկ ժամը հատկացվեց պատգամավորների հայտարարություններին: