Հունիսի 26-ին ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց եւ ընդունվեց «Աղքատության ֆեմինիզացում » թեմայով զեկույցը, որը ներկայացրեց ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ-ին ՀՀ անդամակցությունից հետո առաջին անգամ Աժ պատվիրակության ներկայացուցիչը հանդես էր գալիս զեկույցով:
Զեկույցում աղքատությունը գնահատված է որպես լայն տարածում ունեցող երեւույթ եւ այդ իմաստով ընդգծված է կանանց առավելագույն խոցելիությունը: Աղքատության հաղթահարման սոցիալապես առավել ընդունելի եւ տնտեսապես արդյունավետ եղանակը զբաղվածության ընդլայնումն է: Զեկույցում առաջարկներ են արվում զբաղվածության, սոցիալական աջակցության, կենսաթոշակային համակարգի, առողջապահության եւ կրթության ոլորտների վերաբերյալ, որոնք հայեցակարգային նշանակություն ունեն կանանց աղքատության հաղթահարման համար:
ԵԽԽՎ լիագումար նիստում զեկույցի քննարկման ընթացքում ելույթ ունեցողները կարծիք հայտնեցին, որ թեմայի հեռանկարը պետք է տեսնել ԵԽ անդամ երկրների ազգային ծրագրերի եւ վարվող քաղաքականությունների շրջանակներում: