Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիին եւ դեսպանատան աշխատակիցներին. հանդիպման նպատակը ԱՄՆ-ի դեսպանատան կողմից Ազգային ժողովում քաղաքական համակարգի կայացման եւ աշխատակազմի վերապատրաստման ծրագրերի որոշակիացումն էր, որի մասին պայմանավորվածություն էր ձեքբերվել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Ջոն Դանիլովիչի հանդիպման ժամանակ:
ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին ԱԺ նախագահին իրազեկեց, որ հուլիսի 10-ին Երեւան կժամանի Ռուդոլֆ Փերինան` ժամանակավորապես ստանձնելով դեսպանի պարտականությունները: Անդրադառնալով ծրագրերին` պարոն Գոդֆրին ճշտեց, որ դրանց իրականացման համար ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունն անհրաժեշտ չէ, քանի որ ֆինանսները կանխավ նախատեսված են եղել` հաշվի առնելով, որ Հայաստանում չորրորդ գումարման Ազգային ժողով է ձեւավորվելու: Պարոն Գոդֆրին տեղեկացրեց, որ պետքարտուղարության միջազգային այցերի ծրագրերի շրջանակներում երկու շաբաթով նախատեսվում են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հանդիպումներ Վաշինգտոնում եւ երկու այլ քաղաքներում եւս` պետական կառավարման համակարգի, հասարակական կազմակերպությունների, լոբբինգով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաեւ նորընտիր պատգամավորների համար օրենսդրական աշխատանքին առնչվող կողմնորոշիչ փաթեթներ կազմել, սեմինարներ անցկացնել: Աշխատակազմի վերապատրաստման ծրագիր եւս նախատեսված է: Պարոն Գոդֆրին պատրաստակամություն հայտնեց աջակցել նաեւ Ընտրական օրենսգրքի կատարելագործման աշխատանքներին, որպեսզի առաջիկա նախագահական ընտրությունները եւս բարձր մակարդակով անցկացվեն:
Շնորհակալություն հայտնելով ԱԺ ինստիտուցիոնալ հզորության ձեւավորման աջակցության համար` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց ծրագրերի որոշակիացումն ու նպատակայնությունը եւ առաջարկեց կարճ ժամանակից վերստին հանդիպել` համադրելով քննարկելու ծրագրերի նախնական տարբերակները, որոնք այդ ընթացքում երկու կողմերն էլ կնախապատրաստեն, պարոն Գոդֆրին առաջարկը ընդունեց:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը եւ այդ շրջագծում` «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման խնդրին: Պարոն Գոդֆրին իր կառավարության մտահոգությունը հայտնեց ռադիոկայանի հեռարձակման դադարեցման հնարավորության կապակցությամբ` նշելով, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Ազատության» հեռարձակման հնարավորությունը բարձր գնահատվեց Արեւմուտքում եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, հիշատակելով նախորդ օրը նստաշրջանում իր ելույթն օրինագծի առնչությամբ, նշեց, որ օրինագիծը ոչ մի առնչություն չունի «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հետ:Նա նշեց, որ որեւէ հիմք չկա մտածելու, թե նման կապ կա կամ «Ազատությունը» խորհրդարանական ընտրություններում բացասական ազդեցություն է ունեցել. ռադիոկայանը գործել է ընտրությունների ժամանակ եւ ՀՀԿ-ն իր պատմության մեջ ամենամեծ թվով ձայներն է հավաքել: Արտահերթ նստաշրջանում քննարկվող օրինագծի ընդունումը կամ չընդունումը որեւէ առնչություն չունի «Ազատության» հեռարձակման հետ: Պարոն Թորոսյանը հայտնեց, որ ինքը կողմ է քվեարկելու այն առաջին ընթերցումով ընդունելու համար, ինչպես նաեւ օրենքի նախագծի բովանդակային քննարկման պատրաստակամություն հայտնեց` հնարավոր հարցերը պարզելու նպատակով: Իսկ ռադիոկայանի հեռարձակման շարունակման կամ դադարեցման հարցերը Ազգային ժողովի լիազորություններից դուրս են եւ այդ խնդրով պետք է դիմել հասցեատերերին: