ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով:
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ արտաքին քաղաքական գործունեության բնագավառի ծախսերը 2006 թ. կազմել են ավելի քան 7.7 մլրդ դրամ` ապահովելով 97.0% կատարողական: Գումարի հիմնական մասն ուղղվել է ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանմանը (4.1 մլրդ դրամ), միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներին (945.7 մլն դրամ) եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանը (839 մլն դրամ): Ինչպես մեկնաբանեց պարոն Ջանջուղազյանը, ծրագրից շեղումն առաջացել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների (կատարողականը` 93.2%), արտասահմանյան պաշտոնական գործուղումների (88%), արտասահմանյան առեւտրային ներկայացուցչությունների պահպանման (69.4%) եւ դեսպանությունների շենքերի գնման (58.7%) ծրագրերի գծով տնտեսումների արդյունքում: Տեղեկացվեց, որ արտաքին քաղաքական գործունեության մյուս ծրագրերը ֆինանսավորվել են ամբողջ ծավալով. 2005 թ. համեմատ արձանագրվել է արտաքին քաղաքական գործունեության ծախսերի նվազում 18.2%-ով, որը պայմանավորված է պետական կառավարման մարմինների պահպանման, միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարման եւ միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով 2006 թ. բյուջեով նախատեսված ծախսերի կրճատմամբ: Ոլորտի գործադիր իշխանության մարմինների պահպանման ծրագրով նախատեսված ծախսերը կատարվել են 98.9%-ով, իսկ 2005 թ. համեմատ 43.4%-ով նվազումը պայմանավորված է նախորդ տարվա պետական բյուջեից կապիտալ ակտիվների ձեռքբերման նպատակով միջոցների հատկացմամբ: Գլխավոր գանձապետն ասաց, որ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչության պահպանման նպատակով հաշվետու տարում նախատեսվել է 30 մլն դրամ, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ում Հայաստանի կապի սպայի գործունեության ապահովման համար` 19,9 մլն դրամ, Հայաստանի ռազմական կցորդների պահպանման նպատակով` 97,5 մլն դրամ: Արտասահմանում առեւտրային ներկայացուցչությունների պահպանման համար նախատեսված 85 մլն դրամի փոխարեն արձանագրվել է 69.42% կատարողական: Դեսպանությունների շենքերի գնման համար նախատեսված 200 մլն դրամից օգտագործվել է 117 մլն:
ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության բյուջետային հատկացումները, փաստեց, որ բյուջեի կանոնավոր վճարումները եւ դեսպանատներին, եւ աշխատակազմին նպաստել են նախարարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Տեղեկացվեց, որ վիզաներից եւ հյուպատոսական ծառայություններից նախատեսվող 1 մլրդ 880 մլն դրամ եկամուտի փոխարեն բյուջե է ներմուծվել 2 մլրդ 450 մլն` արձանագրելով 30 տոկոսի գերակատարում: Պարոն Օսկանյանը խորհրդարանականներին հաղորդեց, որ 2006 թ. դեսպանատան շենքեր են ձեռք բերվել Վիեննայում, Աթենքում եւ Սոֆիայում:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարումը:
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2006 թ. պետական բյուջեով նախատեսված չի եղել որեւէ ծրագիր, որն անմիջականորեն կապված կարող էր լինել եվրաինտեգրման գործընթացին: Փոխնախարարը ներկայացրեց Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանում իրականացվող «Պարենային աջակցության» ծրագիրը, որը արդյունավետ նախագիծ է համարվել եվրոպական կառույցների կողմից: Համագործակցության տեսակետից 2005 թ. որակական փոփոխություն է տեղի ունեցել. եթե մինչ այդ Եվրահանձնաժողովը աջակցում էր պետական բյուջեին կոնկրետ ծրագրեր իրականացնելու նպատակով, ապա 2005-2006 թթ. համար կնքված հուշագրի շրջանակներում նախատեսվել է ֆինանսական աջակցություն պետական բյուջեին: Պարոն Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ կառավարությունը եւ Եվրահանձնաժողովը համաձայնության են եկել առաջիկայում նախատեսվող միջոցառումների շուրջ, որոնք ենթադրում են ֆինանսական միջոցների օգտագործում պետական բյուջեից: Հաշվետու տարում ավելի քան 5.0 մլրդ դրամ դրամաշնորհ է նախատեսվել Եվրամիության կողմից իրականացվող «Պարենային ապահովություն» ծրագրի շրջանակներում, որի դիմաց պետական բյուջե մուտքագրվել է շուրջ 4.8 մլրդ դրամ: Նշվեց, որ այդ միջոցներն օգտագործվել են տարբեր ուղղություններով` գյուղատնտեսության, ջրային տնտեսության, սոցիալական ոլորտների, վիճակագրական ծառայության համար: Տեղեկացվեց, որ ծրագիրը ներառում է նաեւ անշարժ գույքի կադաստրի համակարգը:
Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը խոսեց ոլորտի բովանդակային մասից` նշելով, որ Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակությունը տարբերվում է տարբեր երկրներից Հայաստանին տրվող օժանդակության ձեւերից. Եվրամիության օժանդակությունը բարեփոխումներին աջակցության բնույթ ունի, ինչը համապատասխանում է Հայաստանի բարեփոխումների քաղաքականությանը: Խոսելով պարենային անվտանգությունից` փոխնախարարը նշեց, որ դրա կարեւոր բաղադրիչներից է բյուջետային հատկացումների գծով կառավարման բարելավումը: Պարոն Բայբուրդյանը նշեց, որ 2006 թ.-ից սկսված Եվրոպական հարեւանության քաղաքականության հնգամյա ծրագրի գործնական կարեւոր արդյունքներից մեկը կլինի այն, որ Հայաստանն իր մասնաբաժինը կստանա Եվրամիության ներքին շուկայում: