National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.10.2007
Նախատեսվում են հարկային օրենսդրության նոր բարեփոխումներ

Ազգային ժողովի` հոկտեմբերի 1-ի նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով, որից հետո ԱԺ պատգամավորները քննարկեցին քառօրյայի օրակարգում ընդգրկված նախագծերը:

Քննարկվեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի նպատակահարմարությունը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի, պայմանավորված է նրանով, որ ներկայումս գործող օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից օգտվող ոչ ռեզիդենտները, որպես կանոն, գրանցված են օֆշորային գոտիներում, ինչը հնարավորություն է տալիս նրանց խուսափել շահութահարկի վճարից. առաջարկվող փոփոխությամբ նրանք նույնպես պետք է վճարեն 10 տոկոս շահութահարկ: Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ օֆշորային տարածքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը, որը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը, դրական էր. առաջարկվող փոփոխությամբ փակվում է հարկային օրենսդրության մեջ առկա սողանցքներից մեկը:

Բոլոր ելույթ ունեցող պատգամավորները կարեւորեցին օրենքի նախագիծը. եթե ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Արեգ Ղուկասյանի, Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի գնահատմամբ`օրինագիծը բացառապես հավասար մրցակցային դաշտ ապահովելու նպատակ ունի, ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Լարիսա Ալավերդյանը կասկածի տակ առան օֆշորային տարածքների ցանկը սահմանելիս ՀՀ կառավարության ցուցաբերելիք օբյեկտիվությունը:

«Ժառանգություն» խմբակցությունը, ըստ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, ողջունում է նախագծում առաջարկվող գաղափարը, սակայն տրված ձեւակերպումները հարկային այս ոլորտը կարգավորելու իրական, հստակ ձեւեր չեն նախանշում: Նա առաջարկեց հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի եղած չարաշահումները, անհրաժեշտ է նաեւ օֆշորային տարածքների ցուցակի կազմման չափորոշիչներ մշակել: Տիկին Ալավերդյանը տեղեկացրեց, որ եթե մինչեւ երկրորդ ընթերցում չհստակեցվեն ձեւակերպումները, խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին:

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ լիազոր մարմնի համար հանքավայրերի պաշարների հաշվարկի գծապատկերային հատակագծերի մասին տեղեկատվության բացահայտման արգելքը խոչընդոտում է հարկային մարմինների հսկողական աշխատանքը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել առանց լիցենզառուի համաձայնության լիազոր մարմնի կողմից ընդերքի տեղամասին վերաբերող տեղեկատվությունը հարկային մարմիններին տրամադրելու հնարավորությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը այս օրինագծի վերաբերյալ նույնպես դրական էր. հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն առաջարկում է մինչեւ երկրորդ ընթերցում հստակեցնել տրամադրվելիք տեղեկատվության տեսակը: Պարոն Ալավերդյանը եզրափակիչ ելույթում պատրաստակամություն հայտնեց հանձնաժողովի առաջարկը քննարկել եւ դրական լուծում տալ:

«Ավելացված արժեքի հարկի մասին», «Հարկերի մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն սահմանադրական պահանջի ապահովման նպատակով ուսումնասիրություններին վերաբերող դրույթները սահմանել օրենքներով եւ օրենքների շարադրանքից հանել տարընթերցումների տեղիք տվող դրույթները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ, միաժամանակ նշեց մի շարք թերություններ, որոնք վերաբերում էին հարկային պարտավորությունները մանրամասնելուն, հսկիչ գնումների, ստուգում իրականացնողների պատասխանատվության հստակեցմանը, հարկատուների ստուգումների ժամանակ արտոնությունների բացառմանը, գերավճարների վերադարձի կարգի պարզեցմանը: Պարոն Այվազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը իր բոլոր առաջարկությունները կներկայացնի գրավոր եւ հույս հայտնեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում կառավարությունը առաջարկների հաշվառումով կբարելավի օրենքը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներեւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 2-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am