National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.10.2007
ԱԺ պատվիրակության հանդիպումները ԵԽԽՎ նստաշրջանում

Հոկտեմբերի 1-5-ը Ստրասբուրգում տեղի է ունենում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի աշխատանքներին Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցում է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են Ավետ Ադոնցը, Արմեն Ռուստամյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանը, Գրիգորի Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը:

Վեհաժողովի հոկտեմբերի 1-ի օրակարգում ընդգրկված էր միգրացիայի եւ փախստականների հարցերին վերաբերող երեք զեկույց: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Հարությունյանը եւ Ավետ Ադոնցը հերթագրվել էին «Միգրացիայի միջազգային կազմակերպության գործունեությունը» թեմայով զեկույցի վերաբերյալ ելույթ ունենալու համար: Զեկուցողն էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գյուլթաքին Հաջիեւան: Ժամանակի սղության պատճառով ելույթի հնարավորություն ստացավ միայն Արմեն Ռուստամյանը: Դավիթ Հարությունյանի եւ Ավետ Ադոնցի ելույթները փոխանցվել են վեհաժողովի քարտուղարություն եւ կընդգրկվեն նիստի արձանագրության մեջ: Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ տիկին Հաջիեւան, օգտվելով զեկուցող լինելու հանգամանքից, շեղվել է զեկույցի հիմնական թեմայից եւ պատճառաբանական մասում (որը չի քվեարկվում վեհաժողովի կողմից) անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ ցուցաբերել կողմնակալ մոտեցում: Միգրացիայի, փախստականների եւ ժողովրդագրության հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը զեկույցի պատճառաբանական մասի վերաբերյալ իր դժգոհությունն ու անհամաձայնություննէ հայտնել հանձնաժողովի նախագահին ուղղվածնամակում, որը հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացվել է նաեւ հանձնաժողովի մյուս անդամներին:

Նստաշրջանի ընթացքում պատվիրակությունն ունեցավ մի շարք հանդիպումներ:

ԵԽ Գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսի հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատվիրակությունը նրա ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմը այցերի նախօրեին նախապայմաններ թելադրելով շարունակաբար ձախողում է Նախիջեւանում Ջուղայի միջնադարյան գերեզմանատան խաչքարերի իրավիճակն ուսումնասիրելու նպատակով թե ԵԽ փորձագետների, թե ԵԽԽՎ եւ այլ միջազգային կառույցների փաստահավաք առաքելությունների այցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ԵԽ եւ ՀՀ միջեւ աջակցության ծրագրի շրջանակներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերին:

ԵԽԽՎ 1416 բանաձեւի կատարման հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել-Ջոնսթոնը հոկտեմբերի 1-ին հանդիպել է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանի եւ Սամեդ Սեիդովի հետ: Հանդիպման առանցքում ժամանակավոր հանձնաժողովի հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության հարցն էր, քանի որ հոկտեմբերի 8-12-ը Լեռնային Ղարաբաղ նախատեսվող ժամանակավոր հանձնաժողովի այցը տապալվել էր միայն Ադրբեջանի տարածքով ԼՂ այցելելու ադրբեջանական կողմի առաջ քաշած նախապայմանի պատճառով: ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հանդիպման ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղ այցի կարեւորությունը եւ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի ենթահանձնաժողովի անդամների այցը չկայանա: Այս անգամ Ադրբեջանն ընտրել է այցի ձեւաչափի փոփոխման ճանապարհը: Հայկական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային կառույցների ներկայացուցիչների, այդ թվում ԵԽԽՎ-ի, այցերը Լեռնային Ղարաբաղ երկար տարիների ընթացքում իրագործվել են Հայաստանի տարածքով:

Լորդ Ռասսել Ջոնսթոնը իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի պատճառով եւ տեղեկացրել է ծրագրված այցից հարկադրաբար հրաժարվելու մասին: Իրավիճակի հետագա զարգացումն առայժմ հայտնի չէ:

Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեի հետ եւ քննարկել առաջիկա անելիքները:

Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի հետ: Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ առաքելությունների ձախողման խնդրին, մասնավորապես Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի զեկուցող Էդդի Օ՛Հարայի՝  Հարավային   Կովկաս եւ Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ ԵԽԽՎ բյուրոյի Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի այցերի տապալումը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին պահին նախապայմանների ներկայացմամբ: Պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ նախագահին առաջարկեց Բյուրոյի ուշադրությանը ներկայացնել այս խնդիրները, ինչպես նաեւ դիմել ԵԽ Նախարարների կոմիտեին եւ Գլխավոր քարտուղարին համապատասխան քայլեր ձեռնարկել ԵԽ առաքելությունների իրագործման ուղղությամբ: Անդրադառնալով 2007 թվականի հուլիսին Հարավային Կովկաս կատարած իր այցին` ԵԽԽՎ նախագահը մտահոգություն հայտնեց, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին որեւէ առաջընթաց չի արձանագրվել, այլ նկատվում է հարաբերությունների սրում եւ մթնոլորտի լարում:

Այս կապակցությամբ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մատնանշեց Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները, որոնք հանգեցնում են իրավիճակի սրմանն ու լարվածության մակարդակի բարձրացմանը: Այս առումով պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը կարեւորեց ԵԽ եւ մյուս եվրոպական կազմակերպությունների դերակատարումը, որոնք պետք է իրենց ջանքերն ուղղեն Հարավային Կովկասում վստահության մթնոլորտի ձեւավորմանը, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, ինչը կարեւոր գործոն է հակամարտությունների կարգավորման համար:

Անդրադառնալով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Բեռլինում սառեցված հակամարտությունների վերաբերյալ կայանալիք համաժողովին, պարոն Դավիթ Հարությունյանը առաջարկեց որպես հակամարտության կողմ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին, ընդգծելով, որ ԼՂ մասնակցությանը կապահովի հավասարակշռություն` թե մասնակցության, թե կարծիքների ներկայացման առումով:

Ստրասբուրգում ԱԺ պատվիրակությունը հանդիպեց նաեւ ԵԽ Նախարարների կոմիտեի Ագոյի դիտարկման հանձնախմբի ղեկավար Պեր Սյոգրենի եւ հանձնախմբի անդամների հետ: Հանձնախումբը ՀՀ ԱԺ պատվիրակությանը խնդրեց մանրամասներ հաղորդել 2008 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին նախորդող  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, 2005 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքի, Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքին առնչվող զարգացումների մասին: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկայում խորհրդարանի քննարկմանը ներկայացվելիք Ընտրական օրենսգրքի փոփոխություններն առավելապես վերաբերում են քարոզարշավի ֆինանսական միջոցների տնօրինման թափանցիկության ապահովմանը, աուդիտի անցկացմանը, ինչպես նաեւ քարոզարշավի անօրինական ֆինանսավորման կանխմանն ուղղված մեխանիզմներին: Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքի կապակցությամբ նշվեց, որ օրենքում կատարված վերջին փոփոխությունները պայմանավորված են 2005 թվականին ընդունված սահմանադրական փոփոխություններով, սակայն 2008 թվականի կեսերին նախատեսվում է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել նոր օրենք: Պատվիրակության ղեկավարը հանձնախմբին տեղեկացրեց նաեւ դատական համակարգի բարեփոխումների, վարչական, վարչական դատավարության օրենսգրքերի հետ կապված քննարկումների եւ ընդունման ընթացքի մասին:

Վերոնշյալ հարցադրումների կապակցությամբ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը կարեւորեց ընտրական բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումների կրկնության բացառման եւ ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների եւ հարց ու պատասխանի ամբողջական հեռարձակման հրամայականը:



02.10.2007
Ազգային ժողով ներկայացվեց «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի նոր նախագիծ
Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը, քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը:Առաջին ընթերցմամբ ընդունվեցին  «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու մասին», «Շահութահարկի մասին» կառավարութ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am