National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.10.2007
Ազգային ժողով ներկայացվեց «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի նոր նախագիծ

Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը, քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը:Առաջին ընթերցմամբ ընդունվեցին  «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու մասին», «Շահութահարկի մասին» կառավարության ներկայացրած օրինագծերը, երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», կառավարության ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը խորհրդարանի քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Արժեթղթերի շուկայի մասին» եւ այդ օրինագծով պայմանավորված` «Վարկային կազմակերպությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Շահութահարկի մասին», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «ՀՀ Կենտրոնական բանկի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սնանկության մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրեց, որ նոր նախագիծ ներկայացնելը պայմանավորված է մի շարք գործոններով, մասնավորապես. անհրաժեշտ է, որ Հայաստանն իր ֆինանսական համակարգի հայեցակարգը համապատասխանեցնի եվրոպական օրենսդրությանը` հրաժարվելով գործող ամերիկյան մոդելի օրենքից: Ըստ ԿԲ նախագահի` գործող «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը բավարար չափով չի կարգավորում ոլորտի իրավահարաբերությունները, կան ներքին հակասություններ օրենքի տարբեր դրույթների միջեւ:

Անդրադառնալով օրինագծի դրույթներին` Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրանք առավել պարզեցված են եւ մատչելի, օրինագծի ընդունման դեպքում արժեթղթերի շուկան կդառնա ավելի ճկուն եւ կառավարելի: Հստակեցվել են ազդագրի գրանցման եւ հրապարակման ընթացակարգերը, սահմանվել են արժեթղթերի շուկա մուտքի խիստ պահանջներ ներդրումային ընկերությունների համար, սահմանվել են արժեթղթերին եւ դրանց թողարկողներին վերաբերող ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման եւ դրանց բացահայտման կանոններ: Նախատեսված է բորսայական եւ ոչ բորսայական կազմակերպված շուկաների ստեղծման հնարավորություն, որոնց օպերատորը կարող է լինել միայն բաժնետիրական ընկերությունը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ հաշվի են առնվել եվրոպացի փորձագետների առաջարկությունները, իսկ նախագիծը գրվել է Էստոնիայի եւ Սլովենիայի համապատասխան օրենքների մոդելով:

«Ժառանգություն» խմբակցության կողմից ելույթ ունեցավ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին, գտնելով, որ այն լուրջ վերամշակման կարիք ունի:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նշելով, որ խմբակցությունը դեմ է օրինագծի ներկայացված տարբերակին, որը չի պատասխանում ոլորտում առաջացող շատ հարցերի եւ օրինագիծը անհրաժեշտ է անպայման բարեփոխել: Պատգամավորը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկությունները:

Օրինագծի վերաբերյալ իրենց դրական տեսակետները ներկայացրին Վարդան Բոստանջյանը եւ Հերմինե Նաղդալյանը: Վարդան Բոստանջյանի կարծիքով` յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ֆինանսական շուկա եւ դրա կարգավորում, կարեւոր է չվնասել սուբյեկտների սեփականության իրավունքը եւ նպաստել ֆինանսական գիտելիքների ձեռքբերմանը` այդ նպատակով:

Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ` օրինագծի ընդունմամբ  ֆինանսական շուկան նոր փուլ կթեւակոխի, Հայաստանին հնարավորություն տալով ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը, որի համար նախեւառաջ օրենսդրական ճկուն դաշտ պետք է ունենալ: Իսկ օրինագիծը կարելի է որակել պրոֆեսիոնալ  շուկա պրոֆեսիոնալ մասնակիցներով մուտք գործելու հնարավորություն:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը. «Իհարկե շատ կարեւոր է, որ շահագրգիռ քննարկում է տեղի ունենում, որովհետեւ այս օրենքը եւ ընդհանրապես փաթեթը Հայաստանի տնտեսության համար ունեն բացառիկ նշանակություն: Բայց, ցավոք սրտի, շատ հաճախ քննարկումները տեղափոխվում են, կարելի է ասել, մերձօրենքային կամ մերձնախագծային շրջակայք: Ինչու՞: Որովհետեւ ամեն ինչի մասին կարծես թե խոսվեց: Էլ AEPLAC, էլ Եվրամիություն, էլ ՕԷՄԵՔՍ, էլ ՆԱԶԴԱԿ էլ չգիտեմ, հազար ու մի բանի մասին: Բայց այդ ամենը, կարծում եմ, ունի երկրորդային նշանակություն, որովհետեւ շատ կարեւոր է, թե որն է օրենքի կամ փաթեթի անհրաժեշտությունը Հայաստանի, Հայաստանի տնտեսության համար: Շատ կարեւոր է, որ երբ 2000 թվականին այս դահլիճում մենք քննարկում էինք նախորդ օրենքը, որին փոխարինելու է այս օրենքը, նույն, կարելի է ասել, ավելի մեծ խանդավառությամբ էր քննարկվում: Էլի ակտիվ քննարկումներ էին, բայց ցավոք սրտի, 7 տարի հետո մենք հայտարարում ենք, որ չէ, հիմա պիտի ուրիշ բան անենք : Անկեղծ ասած, ինձ համար ընդունելի չեն այդ ամերիկյան կամ եվրոպական մոդել ասածները, որովհետեւ եթե ամեն ինչ այդքան պարզ է, ապա պետք է պատասխանել նաեւ մեկ այլ` շատ ավելի պարզ հարցի. ինչու՞ 7 տարի առաջ մտածում էինք, որ այդ, այսպես կոչված, ամերիկյան մոդելը պիտի գործի Հայաստանում, իսկ հիմա որոշում ենք` չէ, եվրոպական մոդելը պիտի գործի: Ի՞նչն է սրա հիմքը, բայց ավելին` ամենակարեւոր հարցի պատասխանը չի տրվում. ինչու՞ Հայաստանում արժեթղթերի շուկան զարգացած չէ, ավելին, ինչու Հայաստանում գոյություն չունի տնտեսության համար ամենակարեւոր կառույցներից մեկը` արժեթղթերի երկրորդային շուկան: Ի՞նչն է պատճառը: Պարզունակ մոտեցումները, թե հայերը սիրում են հիմնականում միայնակ իրենց գործը վարել, եւ, եթե արժեթղթեր էլ թողարկել են, ապա առաջին հերթին ձեւի համար եւ դրանց առյուծի բաժինը իրենցն է եւ էստեղ որեւէ խնդիր չկա, չեմ կարծում, որ իսկապես բացատրություն է: Եվ ամենակարեւոր հարցադրումը, որ այստեղից պիտի հնչեր եւ ամենակարեւր պատասխանը պիտի լիներ այն հարցի հետ կապված, ինչու՞ 7 տարվա ընթացքում չկայացավ այդ շուկան Հայաստանում: Ո՞րն էր այդ օրենքի թերությունը եւ ինչպե՞ս է այս նախագիծը շտկելու այդ թերությունները: Ցավոք սրտի, օրինագծի հիմնավորումը որեւէ նման հարցի պատասխան չի տալիս: Ասում է, որ կլինի արդյունավետ, կկարգավորի եւ այլն, եւ այլն: Իհարկե, սա միայն նախագծի խնդիրը չի, վստահաբար առավել եւս սա միայն Կենտրոնական բանկի խնդիրը չի: Սա կարեւոր տնտեսագիտական հարց է, որի անգամ հարցը չի հնչում հաճախ, էլ ուր մնաց` պատասխանը: Սա Հայաստանում տնտեսագիտական մտքի տկարության դրսեւորում է, սա է ամենակարեւորը: Ակնհայտ է, որ եթե օրենք է ընդունվել եւ 7 տարվա ընթացքում չի լուծել այն հիմնական հարցը, որ պիտի լուծեր, պիտի փոխվի:

Եվ այս առումով բացարձակապես արդարացի են պարոն Սարգսյանի նկատառումները: Բայց որպեսզի եւս 7 տարի չանցնի, եւ մենք էլի չարձանագրենք, որ արժեթղթերի երկրորդային շուկա փաստորեն Հայաստանում գոյություն չունի, մենք պիտի հասկանայինք, թե 7 տարվա ընթացքում ի՞նչ արեցինք, որտե՞ղ էին թերությունները, ո՞ր սխալները պիտի շտկեինք, որտե՞ղ էր սկզբունքային խնդիրը, որ հնարավոր չէր լուծել եւ որի համար պիտի այս օրենքը եւ այս փաթեթը բերվեր: Ահա այս պարագայում կարծում եմ, իսկապես ակնհայտ է, որ օրենքը պիտի փոխվի: Այլ կարծիք լինել չի կարող: Բայց շատ կարեւոր է նաեւ, թե ինչպես պիտի փոխվի: Ուղղակի մի օրենքը մյուսով փոխելը չի կարող հարցի լուծում լինել: Հետեւաբար` շատ կարեւոր է օրենքի բովանդակությունը: Այս տեսակետից, կարծում եմ, առաջարկությունները` թե տարեք մշակեք-բերեք` որեւէ լուծում չեն կարող առաջարկել: Ավելին: Այն աշխատանքները, որ եղած շրջանակներում հնարավոր էր, կարծում եմ արվել են: Այսօր շատ կարեւոր է այն աշխատանքը, որ պիտի արվի խորհրդարանում: Այդ տեսակետից բացառիկ նշանակություն ունի հատկապես այս փաթեթի հետ կապված աշխատանքը մեր գլխադասային հանձնաժողովում: Եվ սա է ամենակարեւորը` ինչ փոփոխություններ են տեղի ունենալու այս օրենքի նախագծում մինչեւ երկրորդ ընթերցում: Համոզված եմ, որ առաջին ընթերցումով անպայման պիտի ընդունվի այս նախագիծը, թեեւ, ցավոք սրտի, կարելի է նշել բազմաթիվ թերություններ: Սակայն մերժել նախագիծը նույնպես լավ ճանապարհ չէ` դրանում նույնպես բազմիցս համոզվել ենք: Եթե անգամ քվեարկությամբ հետ է ուղարկվում նախագիծը, բնականաբար նույն մարդիկ աշխատում են այդ նախագծի վրաեւ էական եւ սկզբունքային փոփոխություններ չեն արվում: Հետեւաբար շատ կարեւոր է ընդունել խորհրդարանի եւ առաջին հերթին գլխադասային հանձնաժողովի պատասխանատվությունը ընդունվող օրենքի որակի համար եւ աշխատել: Ոչ միայն ելույթներ ունենալ, այլ նաեւ փորձել իսկապես տալ հիմնական երկու հարցերի պատասխանները. որոնք են այս ոլորտում առկա դժվարությունների ու թերությունների պատճառները եւ ինչ դրույթներ են ամրագրվելու այս օրենքում, որոնք թույլ են տալու լուծել այդ խնդիրները: Կկարողանա՞նք դա անել, իսկապես ամեն ինչ կլինի նորմալ եւ ի վերջո Հայաստանի տնտեսությունը իր ամենակարեւոր կառույցներից մեկը` կայացած կառույցներից մեկը կստանա: Ես ավելի քան համոզված եմ, որ նման կառույցի բացակայությունը լուրջ խնդիր է մեր տնտեսության զարգացման համար: Հետեւաբար ճիշտ կլինի, որ այս նախագծի նկատմամբ լինի սեւեռուն ուշադրություն, լինեն էական առաջարկություններ նաեւ Կենտրոնական բանկից, նաեւ կառավարությունից, որովհետեւ գոնե իրավական առումով նախագծի նախաձեռնողը կառավարությունն է, իսկապես լինի շատ սեւեռուն ուշադրություն առաջարկությունների վերաբերյալ: Ցավոք սրտի, մեկ հնարավորություն մենք բաց ենք թողել. անկախ փորձագետների եզրակացությունը: Ճիշտն ասած լավ է, որ ՕԷՄԵՔՍԸ ներգրավել է փորձագետներ, բայց սովորաբար նման պրակտիկա չի լինում: Շահագրգիռ կողմը փորձագետ չի ներգրավում փորձաքննության համար: Սա ակնհայտ պրակտիկա է, եւ ճիշտ կլիներ այս ընթացքում, որ Կենտրոնական բանկը, որ դժվարություններ չունի այս առումով, ներգրավեր իրոք չեզոք փորձագետների: Սա մի հնարավորություն է, որը, ցավոք սրտի, մենք բաց ենք թողել: Ես ավելի քան համոզված եմ, որ առաջին ընթերցումով անհրաժեշտ է, որ փաթեթը ընդունվի, բայց նույնքան համոզված եմ, որ շատ լուրջ եւ մանրակրկիտ աշխատանք է անհրաժեշտ նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելու համար»:

Եզրափակիչ ելույթում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կարծիք հայտնեց, թե գործող օրենքը խոչընդոտում է արժեթղթերի շուկայի զարգացմանը եւ արգելում օտարերկրյա ներդրողների մուտքը շուկա եւ խորհրդարանին առաջարկեց ներկայացնել դիտողությունները:

Օրինագծի վերաբերյալ գլխադասային` ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով` օրինագծի հիմնական նպատակը արժեթղթերի շուկայի տեղափոխումն է ինքնակարգավորումից դեպի առեւտրային կազմակերպում, ինչն էլ ոլորտի զարգացում է ենթադրում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ վարկային համաձայնագիրը», որի նպատակը Սեւանա լճին հարող հինգ քաղաքային համայնքներում կեղտաջրերի վերամշակմանն աջակցելն է: Այդ նպատակով կծախսվի 13,2 մլն եվրոյին համարժեք գումար:

Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սամվել Նիկոյանը:

Վերջին նիստի մեկ ժամը, ԱԺ կանոնակարգի համաձայն, տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:


02.10.2007
ԱԺ պատվիրակության հանդիպումները ԵԽԽՎ նստաշրջանում
Հոկտեմբերի 1-5-ը Ստրասբուրգում տեղի է ունենում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի աշխատանքներին Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցում է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են Ավետ Ադոնցը, Արմեն Ռուստամյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանը, Գրիգորի Մարգարյանը, Վահե Հովհաննիսյան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am