National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.10.2007
Քննարկվեցին մարդու իրավունքներին առնչվող հարցեր


Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստային: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Ողջունելով պարոն Կոստային, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ նրա այցը Հայաստան համընկել է հետաքրքիր ժամանակաշրջանի հետ, երբ 2005-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքները կյանքի են կոչվում:  Այդ փոփոխություններից հետո ՀՀ քաղաքացիները իրավունք ստացան դիմել Սահմանադրական դատարան, մարդու իրավունքների պաշտպանին նշանակում է ԱԺ-ն, վերացավ վարչական կալանքը: Եվ այսօր` չնայած մեկուկես տարի է անցել ընդամենը, ՀՀ Սահմանադրական դատարանը լարված աշխատում է քաղաքացիների հայցերով հարուցված գործերի վրա, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաեւ հօգուտ քաղաքացիների վճիռները: Պարոն Թորոսյանը վստահաբար ասաց, որ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դարձել է Հայաստանի` որպես ԵԽ անդամ երկրի, դատական համակարգի անբաժանելի մասը: Նա կարեւորեց ստրասբուրգյան դատարանում ՀՀ քաղաքացիների դիմումներով գործերի քննությունը` նշելով, որ դրանք չափազանց կարեւոր աջակցություն են, որովհետեւ բացի քաղաքացիներին օգնելուց, նպաստում են ազգային դատական համակարգի գործունեության բարելավմանը: Պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում դատական համակարգի կարեւոր բարեփոխումներ են սկսված, եւ արվածի հետ` նաեւ շատ անելիքներ կան, որոնց հաջողությանը նպաստում են եվրոպական համապատասխան կառույցների հետ համագործակցությունը: ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց նաեւ, որ օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ վերընտրվեց Ալվինա Գյուլումյանը եւ վստահություն հայտնեց, որ նրա աշխատանքը շահեկան է լինելու թե եվրոպական դատարանի, թե հայկական կողմի համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստան իր այցը Հայաստան որակեց ոչ միայն պաշտոնական, այլեւ` ջերմ բարեկամական, նշելով, որ Հայաստանում անցկացրած մեկ ժամը եռակի-հնգակի է դառնում` աշխատանքների արդյունավետության տեսակետից: Նա բարձր գնահատական տվեց Հայաստանում կատարված բարեփոխումներին: Նա ԵԽ անդամ բոլոր երկրների համար կարեւորեց մարդու իրավունքների կոնվենցիայի ճշմարիտ ընկալումը ու կիրառումը, որի արդյունքում ստրասբուրգյան դատարանում շատ ավելի քիչ թվով գործեր կհայտնվեն: Նա հիշեցրեց, որ իր նախագահած դատարանը ստեղծվել է ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների կոնվենցիայի կատարումը վերահսկելու նպատակով, բայց դա չի նշանակում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փոխարինում է ազգային դատարաններին: Եվ եթե Ստրասբուրգում ընդունվում են վճիռներ ի վնաս ազգային պետությունների, դրանք պետք է ընկալել իբրեւ աջակցություն այդ պետություններում մարդու իրավունքների պաշտպանությանը: Պարոն Կոստայի գնահատմամբ` նույնիսկ հին ժողովրդավարությամբ երկրներում սակավ չեն քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը: Նա հաջողություններ մաղթեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքին` նշելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատրաստ է աջակցել դրանց իրականացմանը, եւ անձամբ` ԱԺ նախագահին, ու պարոն Թորոսյանին հրավիրեց Ստրասբուրգ` արձանագրելով, որ թեեւ նա քաջածանոթ է ԵԽ-ի ու ստրասբուրգյան դատարանի աշխատանքին, բայց փոխադարձ այցերը միշտ նպաստում են հարաբերությունների խորացմանն ու արդյունավետ գործունեության ապահովմանը:            




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am