ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում հանձնաժողովի նախագահ
Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեցին կառավարության ներկայացրած չորս օրինագծեր:
Քննարկվեց եւ 60 օրով հետաձգվեց կառավարության հեղինակած «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի` հոդվածները հիմնավորված չեն ծրագրային դրույթներով:
«Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը. փոփոխությունների նպատակը օրենքի համապատասխանեցումն է գործող այլ օրենքներին եւ առկա հակասությունների վերացումը: Օրինագիծն ստացավ դրական եզրակացություն, այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգում:
«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» կառավարության հեղինակած օրինագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Նշվեց, որ օրինագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում թատերական բեմադրությունների ստեղծման եւ կենդանի, հրապարակային կատարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է թատրոնի եւ թատերական գործունեության իրավական հիմքերը,
թատերական գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու ձեւերն ու հիմքերը:
Օրինագծի վերաբերյալ արվեցին դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք կառավարության ներկայացուցիչն ընդունեց:
Այս օրինագծից բացի, թատրոնի եւ թատերական գործունեության վերաբերյալ օրինագծեր էին ներկայացրել նաեւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ «Օրինաց երկիր» խմբակցությունը, որոնց վերաբերյալ հանձնաժողովի նախորդ նիստերից մեկում համաձայնություն էր ձեռք բերվել, որ երեք օրինագծերի հեղինակները համատեղ քննարկեն եւ ստեղծեն մեկ օրինագիծ: Մինչեւ համատեղ քննարկումները` հանձնաժողովը որոշեց կառավարության օրինագիծը ընդգրկել նստաշրջանի օրակարգում:
Դրական եզրակացությամբ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում կընդգրկվի կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» եւ դրանով պայմանավորված` մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: