National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.10.2007
Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն Ազգային ժողովում

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:

Պարոն Գոդենը Հայաստանում է Երեւանի քաղաքապետի հրավերով եւ, ինչպես իրազեկեց ԱԺ նախագահին, ժամանել է մեծ պատվիրակությամբ, որի կազմում են փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող գործարարներ` նրանց այցի նպատակն է ընդլայնել տնտեսական կապերը: Վերջին անգամ Հայաստանում լինելով 2001-ին, պարոն ոդենը տպավորված է կատարված փոփոխություններով: Նա նաեւ իրազեկեց, որ Ֆրանսիայում ստեղծվել է հանձնաժողով` սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման համար` խնդիր ունենալով ընդլայնել խորհրդարանի լիազորությունները, խորհրդարանում երկրի նախագահին հանդես գալու հնարավորություն տալ, մեծացնել կառավարության նկատմամբ վերահսկողությունը, բացի այդ` նախապատրաստվում են ընտրական համակարգի փոփոխություններ: Միջազգային հարաբերություններին անդրադառնալով` Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն արձանագրեց, որ իր երկիրը չի ողջունում Թուրքիայի մուտքը Եվրամիություն, ինչը հաստատել է իր ելույթներում եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ‎ֆրանսիացիների մեծամասնությունն էլ այդ կարծիքին է: Նա նշեց, որ այն, ինչ այժմ կատարվում է ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, Ֆրանսիայում արդեն կատարված փաստ է: Պարոն Գոդենը բարձր գնահատական տվեց նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին, որոնց մի մասը կազմակերպվել է հայաշատ Մարսելում:

Հայ-‎ֆրանսիական հարաբերությունների համատեքստում կարեւորելով միջխորհրդանական կապերի զարգացումը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իր ողջույնները եւ Հայաստան այցի հրավերը խնդրեց փոխանցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեին: Պարոն Թորոսյանը խորհրդարանի աջակցությունը հայտնեց նաեւ Երեւանի ու Մարսելի միջեւ հարաբերությունների զարգացման խնդրում: Հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության 1995 թ. ընդունված Սահմանադրության հիմքում եղել է ֆրանսիական մոդելը, ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրեց 2005-ին իրականացված փոփոխությունների էությանը: Տեղեկացվեց նաեւ, որ թեեւ բարեփոխված Ընտրական օրենսգրքի առկայությամբ անցկացված 2007-ի խորհրդարանական ընտրությունները արժանացել են միջազգային կառույցների բարձր գնահատականին` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով, սակայն որոշ հարցեր բարելավելու նպատակով մինչ նախագահական ընտրությունները մեկնարկելը Ընտրական օրենսգիրքը հավանաբար որոշ փոփոխություններ կկրի: Պարոն Թորոսյանը գոհունակությամբ եւ երախտագիտությամբ անդրադարձավ ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը` նշելով, որ իբրեւ քաղաքակրթության եվրոպական արժեքներ կրող երկիր` Ֆրանսիան դիմակայեց Թուրքիայի շանտաժին` քաղաքական ու տնտեսական շահերին գերակայություն չտալով, ինչը չի արձանագրվում ԱՄՆ-ի պարագայում` Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 106-րդ բանաձեւի ընդունումից հետո տեղի ունեցող գործընթացների առումով: Իսկ Թուրքիան, հավակնելով ԵՄ անդամակցության, 16 տարի շարունակ փակ է պահում հարեւանի հետ սահմանը, մինչդեռ Եվրամիության ստեղծումը  նպատակ ուներ ոչ թե սահման փակելու, այլ` բացելու:
 
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեցին միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխայցերը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am