Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:
Պարոն Գոդենը Հայաստանում է Երեւանի քաղաքապետի հրավերով եւ, ինչպես իրազեկեց ԱԺ նախագահին, ժամանել է մեծ պատվիրակությամբ, որի կազմում են փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող գործարարներ` նրանց այցի նպատակն է ընդլայնել տնտեսական կապերը: Վերջին անգամ Հայաստանում լինելով 2001-ին, պարոն ոդենը տպավորված է կատարված փոփոխություններով: Նա նաեւ իրազեկեց, որ Ֆրանսիայում ստեղծվել է հանձնաժողով` սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման համար` խնդիր ունենալով ընդլայնել խորհրդարանի լիազորությունները, խորհրդարանում երկրի նախագահին հանդես գալու հնարավորություն տալ, մեծացնել կառավարության նկատմամբ վերահսկողությունը, բացի այդ` նախապատրաստվում են ընտրական համակարգի փոփոխություններ: Միջազգային հարաբերություններին անդրադառնալով` Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն արձանագրեց, որ իր երկիրը չի ողջունում Թուրքիայի մուտքը Եվրամիություն, ինչը հաստատել է իր ելույթներում եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ֆրանսիացիների մեծամասնությունն էլ այդ կարծիքին է: Նա նշեց, որ այն, ինչ այժմ կատարվում է ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, Ֆրանսիայում արդեն կատարված փաստ է: Պարոն Գոդենը բարձր գնահատական տվեց նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին, որոնց մի մասը կազմակերպվել է հայաշատ Մարսելում:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների համատեքստում կարեւորելով միջխորհրդանական կապերի զարգացումը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իր ողջույնները եւ Հայաստան այցի հրավերը խնդրեց փոխանցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեին: Պարոն Թորոսյանը խորհրդարանի աջակցությունը հայտնեց նաեւ Երեւանի ու Մարսելի միջեւ հարաբերությունների զարգացման խնդրում: Հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության 1995 թ. ընդունված Սահմանադրության հիմքում եղել է ֆրանսիական մոդելը, ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրեց 2005-ին իրականացված փոփոխությունների էությանը: Տեղեկացվեց նաեւ, որ թեեւ բարեփոխված Ընտրական օրենսգրքի առկայությամբ անցկացված 2007-ի խորհրդարանական ընտրությունները արժանացել են միջազգային կառույցների բարձր գնահատականին` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով, սակայն որոշ հարցեր բարելավելու նպատակով մինչ նախագահական ընտրությունները մեկնարկելը Ընտրական օրենսգիրքը հավանաբար որոշ փոփոխություններ կկրի: Պարոն Թորոսյանը գոհունակությամբ եւ երախտագիտությամբ անդրադարձավ ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը` նշելով, որ իբրեւ քաղաքակրթության եվրոպական արժեքներ կրող երկիր` Ֆրանսիան դիմակայեց Թուրքիայի շանտաժին` քաղաքական ու տնտեսական շահերին գերակայություն չտալով, ինչը չի արձանագրվում ԱՄՆ-ի պարագայում` Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 106-րդ բանաձեւի ընդունումից հետո տեղի ունեցող գործընթացների առումով: Իսկ Թուրքիան, հավակնելով ԵՄ անդամակցության, 16 տարի շարունակ փակ է պահում հարեւանի հետ սահմանը, մինչդեռ Եվրամիության ստեղծումը նպատակ ուներ ոչ թե սահման փակելու, այլ` բացելու:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեցին միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխայցերը: