National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.10.2007
Միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը Ազգային ժողովում


Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը:

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, բացման խոսքում ողջունելով միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին, նշեց, որ ներկայում հետաքրքիր եւ լարված շրջան է`  Ռուսաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ  Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ կապված, եւ չնայած դրան` հանձնաժողովը կարողացել է ժամանակ գտնել կատարված աշխատանքների ամփոփման եւ նոր քննարկումների համար: Պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո հանձնաժողովը էական փոփոխություններ չի կրի, պատգամավորների մեծ մասը կպահպանի իր տեղը երկրի խորհրդարանում եւ կշարունակի իր օրինաստեղծ աշխատանքը: Նրա  գնահատմամբ` միջխորհրդարանական հանձնաժողովը բավական լավ է աշխատել, չնայած եղել են երկու խորհրդարանների հարաբերություններին առնչվող առանձին մտահոգիչ դեպքեր: Խոսքը վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի 106 բանաձեւի վերաբերյալ ՌԴ խորհրդարանի որոշ պատգամավորների հայտարարություններին: Միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում հանդիպումների ժամանակ ամեն ինչ կարծես սահուն է ու լավ, բայց երբ հարցը վերաբերում է նման թեմաներին,  անընդունելի եւ անհասկանալի կարծիքներ են հնչում: Հարկավոր է լրջորեն մտածել այդ մասին, որպեսզի հետագայում գոնե ամեն ինչ լինի հավասարակշռված:  ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի խորհրդարանականներին այցի համար եւ  ցանկացավ նրանց հետեւողական ու նպատակասլաց աշխատանք:

Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային ժողովի բնական մոնոպոլիաների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, ողջունելով հանձնաժողովի հայկական կողմի նոր անդամներին, շնորհակալություն հայտնելով պարոն Թորոսյանին անկեղծ դիտարկումների համար, ափսոսանք հայտնեց ռուսական կողմից հնչած այնպիսի կարծիքների համար, որոնք կամ կշռադատված չեն, կամ էլ ընդամենը անձնական տեսակետներ են, այնինչ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ուղեգիծը հստակ ու կանխատեսելի է:

Պարոն Նիկոլայ Ռիժկովը տեղեկացրեց, որ հանձնաժողովի  նիստի օրակարգում երկու հարց է ընդգրկված. առաջինը վերաբերում է ներդրումային քաղաքականության իրավական ու կազմակերպչական խնդիրների ապահովմանը, երկրորդը` Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյակին առնչվող միջոցառումների կազմակերպմանը:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը պարոն Ռիժկովը տեղեկացրեց, որ չորս տարի առաջ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների միջեւ ստորագրված փաստաթղթի համաձայն` միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական եւ ռուսական կողմերի պատգամավորների քանակը պետք  հավասար լինի` քսանական պատգամավոր, այնինչ տեղեկացել է, որ  հանձնաժողովի անդամ հայ պատգամավորները տասնմեկն են: Հանձնաժողովի համանախագահն առաջարկեց ԱԺ նախագահին հավասարության սկզբունքով վերանայել կազմերը: 

Օգտվելով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ներկայությունից` պարոն Ռիժկովը օրակարգային երկրորդ հարցի հետ կապված` տեղեկացրեց, որ Հայաստանի երկրաշարժի 20-ամյակի միջոցառումների շրջանակում առաջարկվում է Գյումրիում հուշարձան կանգնեցնել` ներգրավելով Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչներին ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով եւ խնդրեց, որ հարցի հետ կապված հայ խորհրդարանականները հայտնեն իրենց դիրքորոշումը:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ողջունեց հավասարության սկզբունքի կիրառումը միջխորհրդարանական հանձնաժողովում եւ առաջարկեց այդ հարցին անդրադառնալ  Ռուսաստանում առաջիկա ընտրություններից հետո կամ էլ հոկտեմբերին իր պաշտոնակիցների հետ սպասվող հանդիպման ժամանակ: Իսկ Հայաստանի երկրաշարժի 20-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում առաջարկվող հուշարձանի բացումը ողջունելի է, հայ ժողովուրդը երբեք չի մոռանա ինչպես ռուս, այնպես էլ աշխարհի շատ ազգերի ցուցաբերած  օգնությունը  այդ արհավիրքի ժամանակ եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել  այդ կարեւոր խնդրի լուծմանը:

Միջխո րհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգերում, որպես կանոն, ընդգրկվում են տնտեսական բնույթի հարցեր, եւ կարեւոր է, որ ռուսական կապիտալի հոսքը Հայաստան աճում է, բայց միաժամանակ  ակնհայտ է, որ երկու երկրների օրենսդրությունները ոչ միշտ են համապատասխանում, ինչը որոշակի դժվարություններ է առաջ բերում երկկողմ ակտիվ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով: Ընդունելի կլիներ, եթե հայ գործարարի համար էլ Ռուսաստանում ներդրումներ անելու այնպիսի հնարավորություն ստեղծվեր, ինչպիսին ստեղծվում է Հայաստանում ռուս գործարարի համար:

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ներդրումային վարչության պետ նել Մայիլյանը տեղեկացրեց, որ  Հայաստանում գործող  օրենսդրական դաշտը հավասար պայմաններ է ստեղծում ներքին եւ արտաքին ներդրողների  համար, պաշտպանում նրանց շահերը, ինչի շնորհիվ ներդրումների ու տնտեսության ակտիվ աճ է գրանցվել երկրում: Ռուսաստանի հետ Հայաստանը 10 համաձայնագրեր է ստորագրել, որոնք ապահովում են ներդրումային քաղաքականության իրականացումը եւ ռուսական կապիտալի ակտիվ ներհոսքը Հայաստան. մտահոգիչ է, սակայն,  Ռուսաստանում հայ գործարարների ներդրումների ցածր մակարդակը, ինչը չի համապատասխանում նրանց հնարավորություններին. այս խնդիրը պետք է լուրջ քննարկման նյութ դառնա. երկու երկրների տնտեսությունների  զարգացման նպատակով անհրաժեշտ է համատեղ ծրագրեր իրականացնել:

Դաշնային ժողովի տնտեսական քաղաքականության, գործարարության եւ սեփականության հարցերով կոմիտեի նախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ  Հովհաննես Օհանյանը ներկայացրեց Ռուսաստանում տեղի ունեցող ներդրումների աճն ու դրան նպաստող գործոնները` տեղեկացնելով, որ միայն 2006 թվականին Ռուսաստանում տարբեր ոլորտներում կատարվել է 70 մլրդ ռուբլու ներդրում: Իր ելույթում պարոն Օհանյանը հիմնականում անդրադարձավ Հայաստանում ռուսական խոշոր ֆիրմաների կատարած ներդրումներին, որոնք Հայասատնի ներդրումային շուկայում վճռորոշ դիրք են զբաղեցնում:

Պարոն Օհանյանը նշեց նաեւ, որ հայ ներդրողները  իրենց նպաստը կարող են ունենալ Սոչիում օլիմպիական խաղերի անցկացման նպատակով ծավալվելիք շինարարական աշխատանքներին: 
 
Ընդմիջումից հետո պարոն Նիկոլայ Ռիժկովը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի երկրաշարժի 20-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում  հուշարձան կոթողի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Արդեն ստեղծվել է ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբ` իր ղեկավարությամբ, նախագծի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը հիմնականում հոգալու են Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները, իսկ հրապարակի բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերը կատարելու է  Հայաստանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստն ավարտվեց:  Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2008 թվականի մարտի երկրորդ կեսին Ռուսաստանում:

ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստից հետո հանձնաժողովի համանախագահներ Վահան Հովհաննիսյանն ու Նիկոլայ Ռիժկովը համատեղ ասուլիսում ամփոփեցին հանձնաժողովի աշխատանքները:

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ռուսական կապիտալն սկսում է թափանցել Հայաստան: Օրենսդրական հիմքերն այս ասպարեզում ավելի ու ավելի կարեւոր են. սա քննարկած հիմնական հարցն էր, երկու զեկույց լսվեց, եւ դրանց հիման վրա որոշվեց դիմել կառավարական համապատասխան կառույցներին` մեր առաջարկությունները ներկայացնել եւ միջկառավարական համաձայնության տեսքի բերելու համար:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, օրակարգային հարցերից եւս մեկը ճշգրտվեց` հաջորդ տարի նշվելու է Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցը, եւ դրա հետ կապված միջոցառումներում  հանձնաժողովը նույնպես նախաձեռնություններով է հանդես գալու:

Այն հարցին, թե ինչ նախագծեր են քննարկվել, պարոն Հովհաննիսյանը ճշտեց, որ խոսքը մի շարք խոշոր նախագծերի մասին է, որոնց իրականացումը  կառավարությունների գործն է, խորհրդարաններն  ապահովում են անհրաժեշտ  օ րենսդրական դաշտը: Օրինակ` Հայաստանը ցույց է տալիս, թե որքան նպաստավոր է տնտեսական դաշտը ներդրումների համար, բավականին լուրջ արտոնություններ են սահմանված, պետք է նաեւ ռուսական կողմից համապատասխան պայմաններ ստեղծվեն, որ  հայկական կապիտալն էլ կարողանա Ռուսաստանում հեռանկարային ներդրումներ անել. հիմնականում խոսքը ատոմային էներգետիկայի, երկաթուղիների զարգացման մասին է: Նշվեց, որ նոր ատոմակայաններ կառուցելու մասին խորհրդարանական հանձնաժողովները որոշումներ չեն կայացնում:  Ատոմակայանի կառուցման վերաբերյալ Հայաստանն արդեն բանակցություններ է վարում, բայց էներգետիկ համակարգը միայն ատոմային էներգիայով չի համալրված եւ ՌԴ-ի հետ  ծրագրերը նաեւ գազի ոլորտում կլինեն: 

Թե օրենսդրությունը որքանով է նպաստում ներդրումների ծավալների աճին եւ  կան խանգարող տարրեր, պարոն Հովհաննիսյանը նկատեց, որ  խանգարող օրենսդրական հանգամանքներ չկան, այդ հանգամանքները հետեւանքային են, որ մարդիկ ներդրում անեն, հետո կարողանանա ապահովել շուկա, արտահանել արտադրանքը: Հայաստանի շրջափակման պայմաններում սա քաղաքական խնդիր է: Այստեղ կան որոշ խոչընդոտներ, բայց Հայաստանի օրենսդրությունը բավական նպաստավոր է արտաքին ներդրումների համար: Իսկ Նիկոլայ Ռիժկովի գնահատմամբ` որպեսզի ապրանքաշրջանառությունը նոր մակարդակի հասնի, նախատեսվում է  2009 թ. հասնել 1 մլրդ դոլար ապրանքաշրջանառության ծավալի, որն այսօր 800 մլն  դոլար է: Պետք է ձեռնարկել լուրջ քայլեր գործադիրի եւ օրենսդիրի կողմից:  Օրենսդրական դաշտի ապահովման առումով պարոն Ռիժկովը խոչընդոտներ չի տեսնում:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրով  Ռուսաստանին անցած ձեռնարկությունների ճակատագիրը: Պարոն Ռիժկովի կարծիքով այդ հարցին պետք է կրկին անդրադառնալ, կան մի շարք պահեր, որոնք չեն արդարացրել սպասելիքները, ուստի անհրաժեշտ է հանձնաժողովի  նիստերից մեկը նվիրել այդ հարցին: Նա նշեց, որ հանձնաժողովը զբաղվել է «Մարս»-ի խնդրով: Կան առաջարկություններ, բայց խնդիրը դեռ իր լուծումը չի գտնում: Վահան Հովհաննիսյանն էլ հավելեց, որ  հայկական կողմն առաջարկում էր մասնավորեցնել այդ ձեռնարկությունները, բայց ՌԴ օրենսդրությունը թույլ չի տալիս երկրից դուրս գտնվող, այն էլ` ռազմական նշանակության գործարաններն աշխատեցնել: Մասնավորեցնելու ձեւերն էլ բավական բարդ են` հաշվի առնելով օրենսդրությունը, բայց  այդ ուղղությամբ աշխատանք տարվում է:

Լրագրողներն անդրադարձան նաեւ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 106-րդ բանաձեւին եւ խնդրեցին Նիկոլայ Ռիժկովի մեկնաբանությունը: Նա հիշեցրեց, որ ՌԴ Պետական Դուման  1995 թ. ճանաչել է  հայոց ցեղասպանությունը, եւ ինքն էլ որպես պատգավոր քվեարկել է այդ բանաձեւի օգտին: Նա դրական համարեց Կոնգրեսի հանձնաժողովում բանաձեւի ընդունումը, բայց նշեց, որ չգիտի գործընթացը կհասցվի տրամաբանական ավարտին: 


19.10.2007
Հանձնաժողովի նիստի արդյունքները գնահատվեցին գոհացուցիչ
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ՀՀ Ազգային ժողով-ՌԴ Դաշնային ժողով համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստի մասնակիցներին:Հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը ԱԺ նախագահին իրազեկեց, որ շնորհիվ նախապատրաստական լավ աշխատանքի` 13-րդ նիստը արդյունավետ ընթ...

19.10.2007
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, քննարկվեց 1953 թ. մարտի 31-ին Նյու Յորքում ստորագրված «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիան, որը ներկայացրեց  ՀՀ արտաքին գործ...

19.10.2007
ԱԺ աշխատանքային խորհրդակցութունը
Հոկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ    հոկտեմբերի 22-25 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախ...

19.10.2007
Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:Պարոն Գոդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am