Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Հանդիպման քննարկման առանցքում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն էին եւ խորհրդարանական ընտրություններում ամրագրված հաջողությունները նաեւ նախագահական ընտրոaւթյուններում արձանագրելու կարեւորությունը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով տարիների համատեղ արդյունավետ աշխատանքին` կարեւորեց համագործակցության շարունակումը` հանուն ընտրական գործընթացների բարելավման: ԱԺ նախագահը նշեց, որ արդեն շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը եւ խորհրդարանը դժվար խնդիր ունի մինչեւ նախագահական ընտրությունները մնացած կարճ ժամանակում` արդեն նոյեմբերի սկզբին, փոփոխություններն իրականացնելու համար: Պարոն Թորոսյանն ափսոսանք հայտնեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությունն ուշ ներկայացվեց, ինչը նույնպես պատճառ դարձավ նախագծի ուշացման համար եւ արդեն ավանդույթ դարձած ճանապարհով` նախագիծը փորձաքննության ուղարկելու հնարավորություն չկա: Այդուհանդերձ` չկան նաեւ խոր փոփոխություններ եւ փորձագետների հետ բավականին տեւական ու ծավալուն այնքան քննարկումներ են արդեն եղել, որ հազիվ թե լինի որեւէ դրույթ, որ կասկածի տակ դնի բարեփոխումները:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ խորհրդարանական ընտրություններին վերաբերող զեկույցին` նշելով, որ 4 ամիս անցել է, բայց հնարավոր չի եղել խուսափել սխալ ձեւակերպումներից` մասնավորապես այնպիսիններից, որոնց վերաբերյալ կան առաջարկներ, բայց որոնք չկան օրենսգրքում: Պարոն Թորոսյանը ափսոսանք հայտնեց, որ, պայմանավորվածության համաձայն, նախապես զեկույցի նախագծին ծանոթանալու հնարավորություն չի եղել, որպեսզի նման սխալները աշխատանքային կարգով բացառվեին եւ համագործակցության ընթացքում երկու կողմերի համար էլ շահեկան վիճակ լիներ:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալը իր հերթական այցի նպատակը համարեց համագործակցության խորացումը` հետամուտ լինելով նախորդ ընտրությունների ժամանակ արված դիտարկումների ընթացքին եւ առաջիկա ընտրությունների նախապատրաստմանը: Արձանագրելով խորհրդարանական ընտրությունների հաջողությունը, որը լուրջ քայլ էր դեպի առաջ, պարոն Շտրոհալը կարեւորեց դրանց շարունակումը նախագահական ընտրությունների դեպքում: Նրա գնահատմամբ` շատ կարեւոր է, որ լավ օրենքը լավ էլ իրականացվի, այդ նպատակով անհրաժեշտ է Ազգային ժողովի դերի մեծացումը նաեւ օրենքի կատարման վերահսկողական գործառնության առումով: Պարոն Շտրոհալը ընտրությունների հաջողության համար կարեւորեց ընտրահանձնաժողովների անդամների պատշաճ պատրաստվածությունը, քվեարկության կազմակերպման գործընթացի կազմակերպումը, նախընտրական շրջանում լրատվամիջոցներով թեկնածուների համար հավասար հնարավորությունների ստեղծումը:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում քաղաքացիները հնարավորություն են ստացել Սահմանադրական դատարան դիմելու եւ անցած մեկուկես տարվա փորձը վկայում է, որ դա իրապես գործուն մեխանիզմ է, որ ստեղծել է Ազգային ժողովը` օրենքների կատարման վերահսկողությունն իրականացնելու առումով: Օրենսդրության կատարման առումով կարեւորվեց նաեւ քաղաքացիների լիարժեք իրավական տեղեկացվածությունը: Նշվեց, որ Ընտրական օրենսգրքի առաջարկվող փոփոխություններով նախորդ ընտրությունների վերաբերյալ արված մի շարք դիտողություններ վերացված են: Անդրադառնալով Ազգային ժողովի աշխատանքներին օժանդակությանը` պարոն Թորոսյանը կարեւորեց համագործացությանը նոր որակ հաղորդելը, որի բոլոր նախադրյալները ստեղծված են: