Հոկտեմբերի 26-ին Արեւիկ Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, օրակարգում ունենալով` ՀՀ-ում փախստականների եւ
ապաստան հայցողների նկատմամբ վարվող պետական քաղաքականության, ՀԿ-ների հետ համագործակցության հարցերը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը անդրադարձավ Ադրբեջանից բռնագաղթվածների հիմնախնդիրներին` ներկայացնելով 1988թ.-ից կատարված աշխատանքները: Առավել կարեւորվեց փախստականների բնակարանով ապահովման խնդիրը, որի լուծման նպատակով դեռ 2004 թ. կառավարությունը ծրագիր է հաստատել, համաձայն որի առավել կարիքավոր փախստականները պետք է ապահովվեն մշտական կացարանով: Կարիքավոր փախստականների թիվը շուրջ 10 հազար է, նրանցից առավել կարիքավորներին, որոնց թիվը կազմում էր 3269 ընտանիք, կտրամադրվեն բնակարանների գնման վկայականներ, իսկ գյուղական բնակավայրերում ապրողներին հնարավորություն կընձեռվի իրենց սեփականաշնորհված հողատարածքների վրա կառուցել տներ: Առաջարկված ծրագրի հիման վրա հաշվարկվել է ծրագրի արժեքը, որը 2004 թ. կազմել էր 23 մլն ամերիկյան դոլար: Ծրագիրը սկսել է իրագործվել 2005 թ., այդ նպատակի համար բյուջեից հատկացվել է 1մլրդ 316 մլն դրամ: Տեղեկացվեց, որ ծրագրով փախ
ստականների 70 տոկոսը ձեռք է բերել անշարժ գույքի շուկայից բնակարաններ, այս տարի նախատեսվում է Կոտայքի մարզում ավարտել ծրագրի իրագործումը եւ սկսել Երեւանում: Երեւանում 1000 ընտանիքի համար կհատկացվի 25 մլն ամերիկան դոլար: Անդրադառնալով նորօրյա փախստականների հոսքին` ագիկ Եգանյանը նշեց, որ այս դեպքում առաջնորդվում են փախստականների մասին Ժնեւյան կոնվենցիայով: Տեղեկացվեց, որ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը իրենց երկիրից պատճառաբանվում է քաղաքական համոզմունքների համար հալածանքների երկյուղով, կրոնական համոզմունքներով կամ էթնիկական ծագումով: Մեր պետությունը պարտավորություն է վերցրել պաշտպանել այն անձանց, որոնց կյանքին վտանգ է սպառնում:
«Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Էլինար Վարդանյանը իրազեկեց, որ կազմակերպությունը զբաղվում է ՀԿ դաշտի վերլուծությամբ: Կարեւորեց այս քննարկումների նշանակությունը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը: Կազմակերպության տնօրենը ներկայացրեց ՀԿ դաշտի համառոտ բնութագիրը, տեղեկացնելով, որ 1999 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված էր 1834 ՀԿ, որն էլ խոսում է ՀԿ դաշտում ծրագրային, մարդկային ռեսուրսների աննախադեպ աճի մասին: Նշվեց,
որ 2005 թ. առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից հատկացվել են դրամաշնորհներ ՀԿ-ներին: 2005 թ. հատկացվել է 50մլն. դրամ, ֆինանսավորվել է 20 ծրագիր: 2006-2007 թթ. ընթացքում եւս հատկացվել է տարեկան 100000 մլն դրամ, ֆինանսավորվել է 58 ծրագիր: Դրամաշնորհային մրցույթներն անցկացվել են առողջ ապրելակերպ, քաղաքացիական հասարակություն, հասարակական կյանքի ակտիվացում, տարածաշրջանային համագործակցություն, Հայրենիք-Սփյուռք կապեր, աջակցություն հասարակության խոցելի եւ այլ անվանակարգերում: 2006-2007 թթ. ընթացքում ֆինանսավորվել են հակածխախոտային քարոզարշավի կազմակերպման 44 ծրագրեր, որ ընդգրկում են ՀՀ ողջ տարածքը եւ ուղղված են հասարակության լայն շերտերին:
Հանձնաժողովի նիստում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: