National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.10.2007
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն Ազգային ժողովում

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին:

Շնորհավորելով նշանակման առիթով պարոն Կապինոսին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ-ի հետ տարիների ընթացքում ձեւավորված հարաբերություններից` հավելելով, որ առաջ գնացող կյանքը նոր խնդիրներ է բերում ու նոր հնարավորություններ, որոնց օգտագործումը ավելի կզարգացնի համագործակցությունը: Թեպետ մայիսյան խորհրդարանական ընտրություններին միջազգային կառույցների գնահատականներում Ընտրական օրենսգիրքը որակվել էր որպես ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրությունների հնարավորություն տվող, այնուամենայնիվ, որոշ թերություններ կան, որոնք մինչեւ նախագահական ընտրությունները բարելավելու նպատակով շրջանառության մեջ է դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ եւ արդեն քննարկվում է խմբակցություններում:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը իր նշանակումը Հայաստանում որակեց որպես պատիվ ու պատասխանատվություն` նշելով, որ իր մանդատի շրջանակներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը պատրաստ է աշխատել հասարակության տարբեր շերտերի, քաղաքական ուժերի եւ, հարկավ, հանրապետության ղեկավարության հետ: Ազգային ժողովի հետ համագործակցության կարեւորությանն անդրադառնալով` պարոն Կապինոսը պատրաստակամություն հայտնեց ‎ֆինանսական ու փորձագիտական աջակցության: Նշելով, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը վճռական է տրամադրված նոր լիցքով աշխատելու, պարոն Կապինոսն ԱԺ նախագահին իրազեկեց գրասենյակում կատարվող աշխատանքների մասին` հետագա ծրագրերի մշակման ուղղությամբ եւ խնդրեց առաջարկությունների առկայության դեպքում դրանք ներկայացնել: Նա տեղեկացրեց, որ ԵԱՀԿ-ում բարձր գնահատական են տալիս ՀՀ Ազգային ժողովի աշխատանքին եւ ընդունված օրենքների որակին եւ հավաստեց, որ ԵԱՀԿ փորձագետները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ նոր օրենքների նախագծերի ու գործող օրենքներում փոփոխությունների ու լրացումների մշակման գործընթացներում: Նա կարեւորեց նաեւ ընդունված օրենքների կատարման գործուն մեխանիզմների առկայությունը եւ դրանց ձեւավորման հարցում եւս աջակցության պատրաստակամություն հայտնեց: Պարոն Կապինոսի գնահատմամբ` ժողովրդավարության խորացումը Հարավային Կովկասի երկրներում հնարավորություններ է ստեղծում նաեւ հակամարտությունների առավել արագ ու արդյունավետ, խաղաղ կարգավորման համար: 

ԵԱՀԿ-ի, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ համատեղ աշխատանքով ստեղծված օրենքների բարձր մակարդակն ու hամապատասխանությունը եվրոպական չափանիշներին արձանագրելով` Աժ նախագահը կարեւորեց օրինագծերի համատեղ մշակումը արդեն իսկ սկզբնական փուլում, որը զգալիորեն կնպաստի օրինագծերի որակի բարձրացմանը: Օրենքների կատարման առումով ԱԺ նախագահը կարեւորեց քաղաքացիների իրազեկվածությունը դրանց բովանդակությանը եւ իրենց իրավունքներին` նշելով, որ Սահմանադրության փոփոխությամբ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ստանալով` նրանք արդեն տարիուկես իրենց իրավունքները պաշտպանելու հաջող փորձ են կուտակել:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին նաեւ դատաիրավական բարեփոխումների հաջող իրականացումը, որը կնպաստի ժողովրդավարության խորացմանն ու կամրապնդի քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը: ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Ազգային ժողովում արդեն քննարկվում են մի քանի օրենքներ, որոնք ուղղված են հենց դատաիրավական բարեփոխումների իրականացմանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց նաեւ տեղեկատվության փոխանակման եւ համատեղ քննարկումների շուրջ: 
 
 ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւս ընդունեց  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: 

Անդրադառնալով գրասենյակի գործունեությանը` պարոն Կապինոսը նշեց, որ \\ իրենք պատրաստվում են ծրագրեր իրականացնել ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով,  տնտեսական, բնապահպանական, ռազմաքաղաքական եւ հումանիտար ոլորտներում: Ծրագրերի իրականացումը  կարեւորվեց նաեւ  տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համատեքստում: Նշվեց, որ առաջիկայում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը նախաձեռնում է ծրագրեր իրականացնել  Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման եւ ոստիկանության աջակցության ուղղությամբ: Դեսպանը նշեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը ԵԱՀԿ տարածաշրջանային գրասենյակների հավաքի ժամանակ արժանացել է բարձր գնահատականի:

Պարոն Հովհաննիսյանը շնորհավորելով հյուրին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` բարձր գնահատեց  գրասենյակի գործունեությունը, կարեւորելով ծրագրերի իրականացման շարունակականությունը տարբեր ուղղություններով:
 
Երկուստեք կարեւորվեցին առաջիկա նախագահական ընտրությունների թափանցիկ եւ ազատ անցկացումը:  Այս  համատեքստում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի առաջիկայում սպասվող փոփոխություններին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել իր առաջարկությունների փաթեթով: Կրկնակի քվեարկությունը կանխելու նպատակով ՀՅԴ առաջարկում է քվեարկողների   անձնագրերում կնիք դնել, իսկ ընտրություններից հետո քվեարկածների ցուցակները փակցնել ընտրատեղամասերի պատերին:

Կողմերը կարեւորեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցությունը Ազգային ժողովի հետ եւ  քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am