Դեկտեմբերի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, քննարկվեց «Իրաքի
կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (Կենտրոնական հարավ, ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկությունը, որը ներկայացրեց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը Իրաքում գործում է ռոտացիոն կարգով` վեցամսյա ժամանակահատվածներով: Երրորդ ռոտացիայի եւ հուշագրին միանալու ժամկետը շուտով լրանում է եւ Հայաստանը չի կարող շարունակել Իրաքի կայունացման գործընթացին մասնակցությունը: Հաշվի առնելով, որ Իրաքի կայունացման հաստատման գործընթացին Հայաստանի մասնակցությունը դրական է գնահատվում միջազգային հանրության կողմից եւ նպաստում է ՀՀ զինված ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը, նպատակարամար է համարվել Իրաքի կայունացման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման /բժիշկներ, սակրավորներ, վարորդներ/ մասնակցությունը: Նախարարը նշեց, որ 2005 թ. հունվարից Իրաք են գործուղվել 276 զինծառայողներ, ծառայության 3 տարիների ընթացքում հայկական ստորաբաժանումը ոչ մի զոհ չի տվել: 2006 թ. նոյեմբերին Իրաքում ականի պայթյունից վիրավորվել է ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը, նրա բուժումը իրականացվել է Գերմանիայում եւ ԱՄՆ-ում: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը Իրաքի իշխանությունների եւ բազմազգ դիվիզիայի հրամանատարության կողմից բազմիցս արժանացել է բարձր գնահատականների եւ պարգեւների:
2007թ. սեպտեմբերի 19-ին ստորագրված ՀՀ եւ Միջազգային զարգացման
ընկերակցության միջեւ 3568-1 AM ֆինանսավորման համաձայնագիրը (Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում) հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա խոսքով` ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանում գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավմանը` ոռոգվող գյուղատնտեսության շահավետության եւ հարատեւության աճի շնորհիվ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3.300.000 ՀՓԻ համարժեք / 5 000 000 ԱՄՆ դոլար/ գումարի վարկ:
Ներկայացված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը: