Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Կորինթիոսին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` ԱԺ նախագահը վստահություն
հայտնեց, որ պարոն Կորինթիոսը իր գործունեությամբ կնպաստի երկու ժողովուրդների ու պետությունների բարեկամական կապերի խորացմանը: Հիշեցնելով մի քանի ամիս առաջ Հունաստանի նախագահ Կարոլիաս Պապուլիասի այցը Հայաստան` պարոն Թորոսյանը նշեց, որ այն առիթ դարձավ եւս մեկ անգամ արձանագրելու բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունն ու համագործակցության նոր հեռանկարներն ու հնարավորությունները, որ ստեղծվել են երկու երկրների տնտեսական զարգացման շնորհիվ: ԱԺ նախագահն իրազեկեց, որ չորրորդ գումարման Աժ-ում արդեն ստեղծվել է Հունաստանի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ: Պարոն Թորոսյանի գնահատմամբ` քաղաքական, մշակութային, պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման կարեւոր մաս կարող է կազմել միջխորհրդարանական կապերի զարգացումը, որի համար պետք է մշակվեն կոնկրետ ծրագրեր` ելնելով երկու երկների խորհրդարանականների առաջարկություններից: ԱԺ նախագահը, նշելով, որ երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունները լավ համագործակցում են միջազգային կառույցներում` նշեց նաեւ Եվրախորհրդարանը, որտեղ Հունաստանն ունի, իսկ Հայաստանը չունի պատվիրակություն: Նա իր աջակցության պատրաստակամությունը հայտնեց դեսպանի գործունեությանը Հայաստանում:
Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսը նշեց, որ իր համար պատիվ է Հայաստանում նշանակումը եւ ինքը նպատակ ունի պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերի զարգացմանն իր նպաստը բերել: Դեսպանը, որ քաջատեղյակ է միջխորհրդարանական հարաբերությունների ընթացքից, պատրաստակամություն հայտնեց փոխանցել ԱԺ նախագահի առաջարկները եւ վստահ է, որ Հունաստանի խորհրդարանից արագ արձագանք կունենա, որովհետեւ իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ ու տպավորված է Հայաստանի քաղաքական ու տնտեսական հաջողություններով: Նրա խնդրանքով` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իրազեկեց նաեւ խորհրդարանի օրենսդրական գործունեության մասին` կարեւորելով առաջիկա նախագահական ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը, որի օրենսդրական հիմքերի ապահովման համար Ազգային ժողովը ընդունել է բարեփոխված Ընտրական օրենսգիրքը:
Երկուստեք կարեւորվեց նախագահական ընտրությունների հաջող անցկացումը, որը կնպաստի եվրաինտեգրման խորացմանը եւ, պարոն Կորինթիոսի բնորոշմամբ` Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: