National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.12.2007
«Արեւիկն» Ազգային ժողովում

Դեկտեմբերի 12-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց Հանրային ռադիոընկերության մանկապատանեկան «Արեւիկ» անսամբլի երգիչներին: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աժ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, Հանրային ռադիոընկերության տնօրեն Արմեն Ամիրյանը: 

 Շնորհավորելով արեւիկցիներին` Ռոտերդամում անցկացված մանկական «Եվրատեսիլ-2007» երգի միջազգային մրցույթում ունեցած փայլուն հաջողության համար, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը անսամբլին հանձնեց Ազգային ժողովի պատվոգիր, իսկ  8 երգիչներին` հուշանվերներ: Խորհրդարանի նախագահը անսամբլի հիանալի ելույթը եվրոպական բեմում կարեւորեց մի քանի առումներով` նախ, որ շնորհիվ նրանց քանիցս հնչեց Հայաստանի անունը եւ ծածանվեց Հայաստանի Հանրապետության դրոշը, ապա`  ի տարբերություն այլ երկրների տարեկիցների` հայերեն երգելու ու հայ երգը սիրելի դարձնելու համար, եւ վերջապես` մանկական ոգին ու էությունը պահպանելու համար: Թեպետ տարբեր հրապարակումներում «Արեւիկի» հաջողությունը պայմանավորվել է սփյուռքահայերի աջակցությամբ նաեւ, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը արեւիկցիներին հավաստեց, որ այդ հաջողությունը առաջին հերթին ու հիմնականում շնորհիվ իրենց ու իրենց հետ աշխատած մարդկանց է ձեռքբերվել: Խորհրդարանի նախագահի գնահատմամբ` նման հաջողությունները ոգեւորում են մեր քաղաքացիներին, օգնում են առաջ գնալ` հաղթահարելով բոլոր դժվարությունները ու տարիներ անց արեւիկցիները իրավամբ կարող են պարծենալ, որ իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի Հանրապետության զարգացման գործում: Եվ եթե երգի ասպարեզն էլ չընտրեն հետագայում, արդեն ձեռքբերած փորձն ու հմտությունները կօգնեն հաջողության հասնելու համար:

Աժ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւս երեխաներին ու նրանց հետ աշխատած մարդկանց շնորհավորեց հիրավի «արեւային հաղթանակի» համար ու  հանձնաժողովի կողմից հուշանվերներ հանձնեց:

Հանրային ռադիոընկերության տնօրեն Արմեն Ամիրյանը, որ անսամբլի հետ եղել է Ռոտերդամում, շնորհակալություն հայտնեց Աժ նախագահին ընդունելության համար` հավաստելով, որ երեխաները, որ սառը Եվրոպային հայկական արեւ պարգեւեցին, երկար կհիշեն այս հանդիպումը:

Իբրեւ շնորհակալություն Աժ նախագահին` արեւիկցիները նրան փոխանցեցին իրենց երգերի ձայներիզը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am