National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
13.12.2007
Ազգային ժողովի Պատվո մեդալ Րաֆֆի Մկրյանին

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ամերիկահայ գործարար, գորգագործության ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող «Հայգորգ» ընկերության սեփականատեր Րա‎ֆֆի Մկրյանին, «Հայգորգ» ընկերության տնօրեն Խոսրով Նավոյանին, աշխատակիցներ Լեոնիդ Անդրեասյանին, Նարինե Սե‎ֆերյանին: Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը:

 Հայկական գորգագործության պահպանման եւ զարգացման մեջ ունեցած նշանակալից ավանդի համար եւ ի նշանավորումն այդ ոլորտում Մկրյան ընտանիքի 90-ամյա գործունեության` Աժ նախագահը Րա‎ֆֆի Մկրյանին պարգեւատրեց ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց պարոն Մկրյանին` գորգագործության ասպարեզում իր եւ շուրջ մեկ դար իր ընտանիքի կատարած մեծ աշխատանքի համար` կարեւորելով ազգային ինքնության եւ մշակութային հարստության պահպանումը: Խորհրդարանի նախագահի գնահատականով` Մկրյանների գերդաստանի գործունեությունը, որ ընդգրկում է ԱՄՆ-ը, Եվրոպան, Ավստրալիան, իսկ վերջին վեց տարիներին նաեւ Հայաստանը, արժանի է գնահատանքի ու պետական աջակցության: Հայաստանում ոչ միայն ստեղծվել է 600 աշխատատեղ, այլեւ նշանակալից քայլ է արվել գորգագործության ազգային ավանդների վերականգնման եւ հայկական գորգի պատմական տեղի ու դերի վերահաստատման ուղղությամբ: ԱԺ նախագահը անհրաժեշտ գտավ հինավուրց արհեստի պահպանության նպատակով Հայաստանում համաժողով-ցուցահանդեսի կազմակերպումը, որը, միավորելով աշխարհի տարբեր ծայրերում բնակվող գիտնականներին, գորգագործներին ու հավաքածուների տերերին` ոլորտի զարգացմանը նպաստող խթան կդառնա: Պարոն Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ խնդրի լուծմանը եւ գորգագործության ազգային ավանդների վերականգնման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Րա‎ֆ‎ֆի Մկրյանը, շնորհակալություն հայտնելով անակնկալ ու պարտավորեցնող պարգեւի համար, այն համարեց պարգեւ ոչ միայն Մկրյան ընտանիքին, այլեւ «Մկրյան»  գորգերը արտադրող յուրաքանչյուր մարդու համար: Նրա բառերով` գորգը երաժշտություն է, որ պատմում է ոչ միայն իր, այլեւ իր երկրի ու իրեն ստեղծած մարդկանց մասին: Պարոն Մկրյանը, որ գորգագործական արտադրամասեր ունի աշխարհի շատ երկրներում, Հայաստանում իր գործունեությունը համարեց պարտք, որ յուրաքանչյուր հայ ունի իր հայրենիքի առաջ: «Մկրյան» գորգերը, նաեւ օտարների գնահատականով, առանձնանում են շուկայում իրենց որակով` բրդի, ներկերի ու հյուսվածքի, նախշերի ինքնատիպությամբ` վերականգնվել են հին հայկական գորգերի արտադրության ավանդույթները, կրճատելով հանգույցների քանակը: Նրա խոսքով` գորգագործությունն ու գորգերի վաճառքը մեծ հմտություն ու մշտական ուշադրություն պահանջող գործունեություն է, որ ընդգրկում է տասնյակ այլ ոլորտներ` սկսած բույսերից ու դրանցից պատրաստվող ներկերից մինչեւ մարկետինգ ու գովազդ, եւ տեւական հաջողության համար պետական աջակցությունն ուղղակի անհրաժեշտություն է:

«Հայգորգ» ընկերության տնօրեն Խոսրով Նավոյանը եւս շնորհակալություն հայտնեց Աժ նախագահին` իրենց կատարած աշխատանքի գնահատման ու պետական հոգածության համար` խոստանալով հնարավորինն անել զարգացման ծրագրերի իրականացման համար:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am