National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.12.2007
Սկսվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին գումարվեց  ԱԺ արտահերթ նստաշրջան` ՀՀ նախագահի սահմանած օրակարգով: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին ԱԺ արտահերթ նստաշրջանի առաջին օրը մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ գումարելու եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին Ազգային ժողովի որոշումները, այնուհետեւ նախորդ նիստում առաջին ընթերցմամբ քննարկված «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման  եւ վերանայման մասին» եւ դրա հետ կապված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ ՀՀ նախագահի առարկությունն ու առաջարկությունները, որոնք ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետում կատարված փոփոխությամբ նախատեսվում է, որ բացի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների, մյուս բոլոր ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը լուծում է  Սահմանադրական դատարանը: Նման մոտեցումը չի բխում ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածից եւ հակասում է Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ի նիստում ընդունված  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ուստի ՀՀ նախագահն անընդունելի է համարում օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը: ՀՀ ընտրական օրենսգիրքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին ամբողջությամբ համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ նախագահն առաջարկում է Ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում»: ՀՀ նախագահը տեխնիկական շտկումներ է առաջարկում նաեւ մի շարք հոդվածներում, այն է`  բողոքարկման ժամկետներին առնչվող հարցերը կարգավորել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի սահմանած կարգով:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց Ստյոպա Սաֆարյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ կարեւոր օրենքները, ինչպես քննարկվող օրենսգիրքը, փոփոխությունների են ենթարկվում հապճեպ` առանց դրանց հետեւանքները պատկերացնելու. հասարակությունը մինչեւ նախագահական ընտրությունները լիարժեք կարող է չիրազեկվել եւ չիմանալ այդ մասին: Հաջորդ մտահոգիչ փաստն այն է, որ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» չորս հոդվածով օրինագծի վերաբերյալ ՀՀ նախագահը առարկություն եւ առաջարկություններ է ներկայացրել, որոնք ընդգրկում են ավելի շատ հոդվածներ, այսինքն` ներկայացվել է օրենսդրական նախաձեռնություն, որի իրավունքը ՀՀ նախագահը չունի: Այդ առաջարկները որոշակի ազդեցություն են ունենալու նաեւ ընտրողների իրավունքների իրացման եւ պաշտպանության վրա, քանի որ երկու օրենսգրքերում  բողոքարկման ժամկետների տարբերություն կա: Պարոն Սաֆարյանը հիշեցրեց, որ դեռեւս այդ օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը կողմ էր, որ բողոքարկման նոր մեխանիզմները ներդրվեն ընտրություններից հետո, հանգամանալից քննարկումների արդյունքում: Պարոն Սաֆարյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ նախագահի ներկայացրած  առաջարկներին:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը չափազանցված համարեց «Ժառանգություն» խմբակցության մտահոգությունը եւ հավաստիացրեց, որ ՀՀ վարչական դատավարության եւ ՀՀ ընտրական օրենսգրքերում բողոքարկման ժամկետները միանգամայն համապատասխանում են: Նրա գնահատմամբ` երկու օրենսգրքերի համապատասխանեցումը ընդամենը տեխնիկական խնդիր է, բայց կարեւոր, ուստի ՀՀԿ խմբակցությունը ընդունում է ՀՀ նախագահի ներկայացրած առարկությունները:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին. «Նախ` հապճեպության մասին: Ես կարծում եմ` երբ, տվյալ դեպքում, հանրապետության նախագահն արձագանքում է օրենսգրքերում հակասություններին, հապճեպության մասին չի կարող խոսք լինել: Այլ խնդիր կա: Որեւէ մեկը չպիտի մոռանա, որ առարկությունը ներկայացված է այս դահլիճում ընդունված փաթեթի վերաբերյալ: ուցե միանգամայն արդարացված կլինեին այն ելույթները, որոնց նախորդած լինեին ելույթներ այդ փաթեթի քննարկման ժամանակ, որոնց ընթացքում մարդիկ մատնացույց անեին, որ այսպիսի հակասություններ կան ներկայացված փաթեթում` Վարչական դատավարության օրենսգրքի եւ Ընտրական օրենսգրքի կամ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող փաթեթի միջեւ: Ցավոք սրտի, նման բան չի արվել, չի արվել նաեւ հանձնաժողովում: Սա ցավալի է, կարծում եմ, որ պատգամավորները, որոնք այդ առարկության հետ կապված ելույթ են ունեցել, ճիշտ կլիներ, որ սկսեին սրանից: Առաջին հերթին` մենք պիտի տեսնենք Ազգային ժողովի թերացումը` եւ առանձին պատգամավորների, եւ հանձնաժողովի, որովհետեւ նման հակասություններով փաթեթ Ազգային ժողովում  ընդունվելը եւ հանրապետության նախագահին ուղարկվելը պիտի բացառվի: Երկրորդ` մեր գործընկերները ինչ-ինչ նկատառումներով ասում են, որ իրենք դեմ են քվեարկելու այս առարկություններին: Այսինքն` սա նշանակում է մեկ բան. մի պահ ընդունենք, որ մյուս խմբակցություններն են էլ են արձագանքում եւ բոլորը դեմ են քվեարկում այս առարկություններին, ընտրությունների ժամանակ ի՞նչ է ստացվելու: Ստացվելու է, որ ընդամենը երկու ամիս հետո մենք գնալու ենք նախագահական ընտրությունների եւ ունենալու ենք երկու օրենսգիրք, որոնք մեկը մյուսին հակասում են: Ի՞նչ: Ընտրություննե՞րը հետաձգենք: Այո, ես այն ժամանակ ասել եմ, եւ հիմա էլ եմ նույն կարծիքին, որ նման փոփոխություն` բողոքարկման մեխանիզմի հետ կապված, ճիշտ չի ընտրություններից կարճ ժամանակ առաջ անել: Առավելեւս` նախագահական  կամ խորհրդարանական ընտրություններից առաջ: Որովհետեւ իսկապես մենք ընդունել ենք ծավալուն փաստաթուղթ` Վարչական դատավարության օրենսգիրքը եւ, անկեղծ ասեմ, շատ կուզեի, որ այլ հակասություններ չմնային, բացի նրանից` ինչ նախագահը իր առարկություններով առաջարկում է շտկել, սակայն մինչեւ վերջ` վստահ չեմ դրանում, որովհետեւ եւ Ընտրական օրենսգիրքը, եւ Վարչական դատավարության օրենսգիրքը բավականին ծավալուն փաստաթղթեր են` ժամանակ էր պետք լավ եւ մանրակրկիտ աշխատելու: Այս առումով ես, իհարկե, «Ժառանգություն» խմբակցության հետ համաձայն եմ: Հիմա էլ եմ այդ կարծիքին, որ իսկապես պետք է մենք 100 տոկոսով բացառեինք որեւէ խնդիր, դժվարություն, որ կարող է առաջանալ ընտրության ժամանակ, լավ կլինեիր, որ բողոքարկումների հետ կապված մեխանիզմն ավելի ուշ գործողության մեջ մտներ` ենթադրենք հունիսի 1-ից, կամ հուլիսի 1-ից: Սակայն այսօր ունենք մեկ իրողություն. կա Վարչական դատավարության օրենսգիրքը, որը մենք ընդունել ենք, նախագահն էլ վավերացրել է եւ այն մտել է ուժի մեջ, կա նույն փաթեթում ներառված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որ արդեն օրենք է, եւ մեզ մնում է մեկ բան` շտկել այդ փոփոխությունները: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել` ես մնում եմ նույն կարծիքին, ինչ եղել եմ այն ժամանակ, բայց մենք իրավունք չունենք իրողությունները հաշվի չառնել: Եվ այսօր մենք երկու ճանապարհ ունենք. կամ ընդունել հանրապետության նախագահի ներկայացրած առարկությունները, կամ` ինչ-ինչ առաջարկություններ ներկայացնել այն հոդվածների վերաբերյալ, որոնց հետ կապված առարկություններ ունի հանրապետության նախագահը, կամ` մերժել առարկությունները: Երրորդ տարբերակը բացարձակապես անընդունելի է, որովհետեւ մենք կպահպանենք այդ հակասությունները, որոնք, ես կարծում եմ, ստվեր կգցեն առաջիկա ընտրությունների վրա, ինչը վստահ եմ, որեւէ մեկը, որեւէ խմբակցություն այս դահլիճում չի ուզում: Դեմ քվեարկելը գուցե հուզական կամ այլ տեսակետից ճիշտ է, այնուամենայնիվ, դեմ քվեարկելը նշանակում է ընտրության գնալ հակասություններ ունեցող օրենսգրքերով, ինչը անթույլատրելի է ընդհանրապես:

Եվս մեկ հարցադրում եղավ` որ փաստորեն` հանրապետության նախագահը օրենսդրական նախաձեռնություն է ցուցաբերում, որի հետ բացարձակապես համաձայն չեմ: Մի փոքր յուրօրինակ առարկություն է սա` համաձայն եմ: Ներկայացվել է իսկապես 12 հոդվածից բաղկացած առարկությունների մի փաթեթ, որով փաստորեն առաջարկվում է, որ մենք ընդունենք Ընտրական օրենսգրքի մեջ փոփոխությունների վերաբերյալ 12 հոդվածից բաղկացած օրենք, այլ ոչ թե 4 հոդվածից: Սա առաջին հայացքից իսկապես եւ արտառոց է, եւ կարող է այն հարցադրումն առաջացնել, ինչ մեր գործընկերները ներկայացրին: Սակայն ես առաջարկում եմ` չմոռանալ հարցի էությունը. խնդիրը ո՞րն է` այդ փաթեթում Ընտրական օրենսգրքի մեջ փոփոխությունների վերաբերյալ նախագիծը կարող էր եւ չլինել, որովհետեւ սա հիմնական նախագիծը չէր: Հիմնականը Վարչական դատավարության օրենսգիրքն էր, մյուսներն առաջանում են որպես հետեւանք այդ օրենսգրքի, հետեւաբար այս նախագիծը, որ ներառված էր այդ փաթեթում, պետք է դիտարկել հենց այդ տեսակետից: Նրա բուն նպատակը մեկն է եղել` վերացնել Վարչական դատավարության օրենսգրքի ընդունումով առաջացող հակասությունները: Հետեւաբար այդ նախագիծը կամ այսօր արդեն մեր ընդունած 4 հոդվածանոց օրենքը պետք է լուծեր այդ խնդիրը, եւ նախագահի առարկություններն էլ ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը: Այդ առումով բացարձակապես համապատասխանում են եւ Կանոնակարգին, եւ Սահմանադրությանը: Ավելին` ես խորհուրդ կտամ ուշադիր լինել` ի տարբերություն մեր առաջարկությունների ձեւավորման մեխանիզմի, որեւէ սահմանափակում հանրապետության նախագահի համար ԱԺ Կանոնակարգը չի նախատեսում: Բացարձակապես` հենց հաշվի առնելով նման իրավիճակները: Մեր պարագայում շատ հաճախ մեզ առաջարկվում է ներկայացված հոդվածների մեջ փոփոխություններ անել, նման սահմանափակում չի դրված եւ չի դրված նման արտառոց դեպքերի համար:

Ամփոփեմ` ես կարծում եմ` հանրապետության նախագահի առարկությունները լիովին համապա տասխանում են եւ Սահմանադրությանը, եւ  ԱԺ Կանոնակարգին: Ցավոք սրտի, այս դահլիճում քվեարկվելուց հետո հանրապետության նախագահին է ներկայացվել մի փաթեթ, որի մեջ փաստորեն հակասություններ կան, եւ որը ստեղծում էր լուրջ հակասություն երկու օրենսգրքերի միջեւ եւ մեզ դժվարին կացության առաջ էր կանգնեցնելու առաջիկա նախագահական ընտրություններում, եւ մենք պիտի սա մեզ համար որպես լուրջ խնդիր դիտենք եւ ամեն ինչ անենք, որ հետագայում նման հակասություններով որեւէ փաթեթ այստեղ չընդունվի եւ չգնա հանրապետության նախագահին: Հաջորդը` բացարձակապես չի կարելի դեմ քվեարկել այս առարկություններին, որովհետեւ իսկապես այդ պարագայում մենք կգնանք ընտրությունների լուրջ խնդրիրներով` բողոքարկման մեխանիզմների վերաբերյալ: Մնալով նույն կարծիքին, ինչ ունեցել եմ նախկինում, որ նման մեխանիզմի փոփոխությունը ճիշտ է անել ոչ այս շրջանում, այլ ավելի հանդարտ  շրջանում` ժամանակ ունենալու համար բացահայտելու բոլոր խնդիրները եւ նման սխալներ թույլ չտալու համար, այնուամենայնիվ, ես ավելի քան վստահ եմ, որ այսօր մենք պարտավոր ենք շտկել այն սխալը, որ թույլ է տրվել այս դահլիճում, այսինքն հակասություններ են ստեղծվել երկու օրենսգրքերի միջեւ, հետեւաբար միակ տրամաբանական մոտեցումը այս առարկությանը` այն ընդունելն է: Եթե իհարկե, մեր գործընկերներն ունեն ինչ-ինչ առաջարկություններ հանրապետության նախագահի ներկայացրած հոդվածների վերաբերյալ, որոնք կբարելավեն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ավելի լավ: Կարծում եմ` պետք է դրանք ներկայացնել, նախագահի ներկայացուցիչն անպայման դրանք հաշվի կառնի: Այսինքն` կամ մենք պիտի փորձենք սա բարելավել, կամ մենք պիտի, ընդորում ներկայացված հոդվածներում, ոչ այլ առաջարկություններով, դա հստակ ամրագրված է ԱԺ Կանոնակարգում, կամ պիտի կողմ քվեարկենք ներկայացված առարկություններին: Այլ տարբերակ, որ բացատրի մեր գործելակերպը, գոյություն չունի: Առաջարկում եմ անպայման կողմ քվեարկել երկու օրենսգրքերի հակասությունները վերացնող առարկությանը»: 

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եզրափակիչ ելույթում անհիմն համարեց «նոր խաղի կանոնների» վերաբերյալ «Ժառանգության» առաջ քաշած դատողությունները` նշելով, որ եթե անգամ օրենսգրքում փոփոխություն չկատարվի, գործելու է ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթը, իսկ եթե երկու օրենսգրքերում կա հակասություն, առաջնությունը տրվելու է փաթեթի հիմնական օրենքին` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին: Առաջարկները պարզապես տեխնիկական վրիպակներին են վերաբերում, որոնք պետք է շտկել:

ԱԺ պատգամավորները քննարկեցին  «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի գնահատմամբ` քննարկվող օրինագծի ընդունումը պայմանավորված է օրենքով սահմանված հայտարարատուների շրջանակը հստակեցնելու եւ սահմանափակելու, «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի շարունակականությունն ապահովելու, օրենքում առկա երկիմաստությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց Վարդան Բոստանջյանը` տեղեկացնելով, որ հանձնաժողովում հանգամանալից քննարկվել են առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես կարեւորվել է հայտարարատուների շրջանակը սահմանափակելու սկզբունքը, ինչը պայմանավորված է իրական գործոններով, իսկ ոչ ռեզիդենտներին հայտարարատուների ցանկից հանելը միայն ներդրումային քաղաքականությունը չվտանգելու նպատակ ունի:

Քննարկվեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման  եւ վերանայման մասին» եւ  դրա հետ կապված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց նախագծի համահեղինակ Գագիկ Մինասյանը: Ըստ բանախոսի`  այն մշակվել է`  հաշվի առնելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության ընթացքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը եւ հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովումը, գործառույթների իրականացմանը եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի կիրարկման արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք դրույթների հստակեցման անհրաժեշտությունը:

Գնի չհիմնավորված բարձրացում կամ իջեցում է համարվում որոշակի ժամկետում գնի` տնտեսական պայմաննների առկայությամբ չպայմանավորված բարձրացումը կամ իջեցումը, գերիշխող դիրքի չարաշահման  առարկա է իրացման կամ ձեռքբերման գների չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը, որոնք սահմանվում են նախագծում: Խախտման հետեւանքով տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը ենթակա է փոխանցման պետական բյուջե: Պարոն Մինասյանը հավելեց, որ հեղինակները չարաշահումները կանխարգելելու նպատակ են դնում եւ ոչ թե պատժելու նպատակ հետապնդում: Նա միաժամանակ  նկատեց, որ նախագիծը կատարյալ չի կարելի համարել, ուստի խնդրեց իր գործընկերներին իրենց առաջարկներով ակտիվ մասնակցություն ունենալ օրինագծի բարելավմանը:

Գլխադասային` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական տեսակետը` ուշադրություն հրավիրելով վերջերս որոշ ապրանքատեսակների գների կտրուկ բարձրացման մտահոգիչ փաստի վրա: Ներկայացված նախագիծը ոլորտը կարգավորելու, գնային չարաշահումները, գերիշխող դիրք ունեցող  կազմակերպությունների կամայականությունները կանխելու նպատակ ունեն:

Օրենքի նախագծի քննարկումը  Ազգային ժողովը կշարունակի դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ից:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am