Հունիսի 4-ի` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեցին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած 6 օրենքի նախագծերը:
Օրինագծերի համահեղինակ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ներկայացված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարությունը նույնպես պատրաստվում է օրենքի նախագծեր ներկայացնել, ուստի նպատակահարմար է դրանք քննարկել, փոխհամաձայնությամբ միավորել եւ ներկայացնել համատեղ նախագծեր:
Տիկին Բիշարյանն առաջարկեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նույնանուն երկու նախագծերի եւ «Մեծահասակների կրթության մասին» օրինագծի քննարկումը հետաձգել մինչեւ 15 օրով, իսկ «Արտադպրոցական կրթության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին» օրինագծերի քննարկումը` մինչեւ 30 օրով: