Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 4-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Թեման` «Զանգվածային լրատվության միջոցների գործունեության օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները` սահմանադրական բարեփոխումների արդյունքում»: Լսումներին հրավիրված էին
լրատվական դաշտի, հասարակական կազմակերպությունների, կարգավորող մարմինների ներկայացուցիչներ:
Խորհրդարանական լսումները բացելով` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձանաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նախ անդրադարձ կատարեց սահմանադրական բարեփոխումներին եւ դրանից բխող` ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող սկզբունքներին: Փոփոխությունների արդյունքում ամրագրվել է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման նոր կարգ, ամրագրվել է, որ այն անկախ մարմին է, եւ այդ անկախությունն ապահովվում է իշխանության երկու թեւերի` հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի կողմից կազմավորմամբ: Տկն. Հակոբյանի կարծիքով` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն այսօր վերանայման կարիք ունի: Այս համոզմունքը նա հիմնավորում է նախ այն հանգամանքով, որ Սահմանադրական դատարանն արդեն երեք անգամ անդրադարձել է նշված օրենքին ` ուժը կորցրած ճանաչելով տարբեր հոդվածներ ինչպես այդ օրենքում, այնպես էլ ԱԺ կանոնակարգի` նույն խնդրին վերաբերող մասերում: Բացի դա, օրենքն ընդունվել է 2000 թ.-ին, որից հետո երկրում կատարվել են լուրջ իրադարձություններ. Հայաստանն անդամակցել է Եվրախորհրդին, Սահմանադրությունը փոփոխվել է, հասարակական հարաբերություններն ավելի են զարգացել: Հանձնաժողովի նախագահն անդրադարձ կատարեց նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւին, որով առաջարկվում է վերանայել հեռուստատեսության եւ ռադիոյի անկախ հանձնաժողովի ձեւավորման կարգը: Նույն ենթատեքստում է նաեւ հանրապետության նախագահի հանձնարարությունը` ԵԽԽՎ հայտնի բանաձեւում նշված հարցադրումները հատկապես օրենքներով եւ կառավարության որոշումներով կարգավորելու մասին: Տկն. Հակոբյանն առաջարկեց քննարկման ընթացքում անդրադառնալ օրենսդրական բացերին, հեռարձակվող լրատվամիջոցների ազատության, անկախության բազմազանությունը ապահովելու նպատակով ստեղծվող անկախ մարմնի ձեւավորման մրցույթային կարգին, ինքնառաջադրման սկզբունքին, ֆինանսավորման խնդիրներին: Հանձնաժողովի նախագահի խոսքերով` լրատվական դաշտի լավագույն մասնագետների մեծ մասը կանայք են, եւ պետք է ուշադրություն դարձնել թե անկախ հանձնաժողովում եւ թե տարբեր խորհուրդներում նրանց մասնակցությանը:
Լսումներում զեկույցով հանդես եկան հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
Պրն. Հարությունյանի կարծիքով` էլեկտրոնային լրատվական դաշտի թերությունների ու բացերի պատճառը օրենքը չէ, քաղաքական կամքի եւ ցանկության դեպքում այս օրենքով էլ կարելի է ունենալ լրատվական բոլորովին այլ դաշտ: Այդուհանդերձ` հաշվի առնելով քաղաքացիական հասարակության ձեւավորման ներկա փուլը` օրենքում պետք է ամրագրել մեխանիզմներ, որոնք կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն վերջին տարիներին նկատված բացթողումները: Այս առումով` խորհրդի նախագահը տեսնում է օրենքում հրատապ փոփոխությունների անհրաժեշտություն` հետագայում առավել հեռանկարային խնդիրներին նվիրված ավելի մեծ ընդգրկումով` եվրոպական կառույցների եւ տեղական լրագրողական կազմակերպությունների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, քննարկումներ անցկացնելու պայմանով: Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց այն փոփոխությունների շրջանակը, որին պետք է անդրադառնալ հրատապ: Որպես այդպիսին նա նշեց նախ ազգային հանձնաժողովի ձեւավորման կարգը: Զեկուցողը նկատեց, որ ոլորտը կարգավորող հանձնաժողովի նախագահն ու տեղակալն են միայն համարվում հաստիքային աշխատող, մյուսները` հասարակական կարգով աշխատող հանձնաժողովի անդամները, կարող են գործադիր իշխանության տարբեր օղակներում աշխատել: Պրն. Հարությունյանի կարծիքով, այս դեպքում անկախությունը շատ պայմանական է դառնում, հետեւաբար որոշակի մեխանիզմներ են պետք, որպեսզի այդ մարմինն ավելի անկախ լինի: Նա առաջարկում է, որ հանձնաժողովի բոլոր 8 անդամներն այլ աշխատանքով զբաղվելու իրավունք չունենան` բացառությամբ մանկավարժականի: Զեկուցողն առաջարկում է նաեւ ամրագրել, որ ոչ միայն հանձնաժողովի անդամները, այլեւ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող շահեր ունենալ մասնավոր էլեկտրոնային լրատվամիջոցներում: Հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթային կարգը, ըստ զեկուցողի, պետք է վերաբերի թե հանրապետության նախագահի եւ թե խորհրդարանի նշանակելիք անդամներին, նաեւ` օրենքով ամրագրվեն որոշ սկզբունքներ. մրցույթային հանձնաժողովում չեն կարող լինել պետական պաշտոնյաներ, պետք է հստակեցվի` ովքեր կարող են լինել թեկնածուներ եւ մրցույթային հանձնաժողովի անդամներ: Այս կարգը, ըստ Ալեքսան Հարությունյանի, պետք է վերաբերի թե հանրային հեռւստառադիոընկերության խորհրդի, թե հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորմանը: Մրցույթներում պետք է ներգրավված լինեն հասարակական եւ լրագրողական կազմակերպություններ, մրցույթը պետք է լինի բաց: Նա հնչեցրեց նաեւ եվրոպացիների այն մտահոգությունը, որ հանձնաժողովի ձեւավորման գործընթացը շատ քաղաքականացված է: Խորհրդի նախագահը ճիշտ է համարում, որ խորհրդարան ներկայացվող հաղորդման մեջ իրենք ներառեն ոչ միայն տեղեկություններ ֆինանսական միջոցների եւ ծրագրերի վերաբերյալ, այլեւ այն մասին, թե հանրային հեռուստառադիոընկերությունը տարվա ընթացքում քաղաքական ուժերին որքան եթերաժամանակ է տրամադրել: Պատրաստվում են նաեւ առաջարկել, որ հանրային հեռուստառադիոընկերությունում ներդրվի ներքին օմբուդսմենի ինստիտուտ. այս հարցի վերաբերյալ արդեն համագործակցում են եվրոպացի փորձագետների հետ:
Գրիգոր Ամալյանն անդրադարձավ այն սկզբունքներին, որոնք ցանկանում է պահպանված տեսնել օրենսդրական փոփոխությունը կատարելիս: Նշելով, որ ազգային հանձնաժողովը ձեւավորվոմ է իշխանության երկու թեւերի կողմից` պրն. Ամալյանը կարեւորեց կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջների միասնականությունը եւ առաջարկեց այն ամրագրել օրենքով: Պրն. Ամալյանը միասնական սկզբունքի կիրառման կողմնակից է նաեւ մրցույթային հանձնաժողովների անդամների ընտրության դեպքում: Օրենքը փոփոխելիս հանձնաժողովի նախագահը կցանկանար, որ վերանայվեն հանձնաժողովի անդամների նշանակումների պարբերականությունը` նպաստելով կարգավորող մարմնի անկախության մեծացմանը:
«Երեւանի մամուլի ակումբի», «Հայաստանի ժուռնալիստների միության», «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» եւ այլ կազմակերպությունների նկատառումները ներկայացրեց Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Ողջունելով այս թեմայով լսումներ կազմակերպելու նախաձեռնությունը` նա նկատեց, որ այն դեպքերում, երբ քաղաքացիական հասարակության եւ իշխանության ներկայացուցիչների համագործակցությունը կառուցողական է, շատ լավ օրենքներ են ստեղծվում: Անդրադառնալով օրենքի փոփոխմանը` Մեսրոպ Հարությունյանը նկատեց, որ, չնայած գործող օրենքի 11-րդ հոդվածի խմբագրմանը, այսօր այն կարգավորում է միայն ընտրությունների քարոզչության շրջանը: Հետեւաբար, այդ հոդվածը կրկին վերանայման կարիք ունի: Պրն. Հարությունյանը եւս գլխավոր խնդիր է համարում ազգային հանձնաժողովի եւ հանրային հեռուսառադիոընկերության խորհրդի ձեւավորման կարգը: Նրա համոզմամբ` երկու մարմիններն էլ անկախ չեն եւ խնդիրները սկսվում են այդտեղից: Լրագրողական նշված կազմակերպություններն առաջարկում են
փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում եւ խմբակցություններին հանձնաժողովի թափուր տեղերը լրացնելու առաջարկների հնարավորություն տալ: Սահմանադրական բարեփոխումներից բխող` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխություններով հանվել է հանրապետության նախագահի կողմից մրցույթային կարգով հանձնաժողովի 4 անդամներին նշանակելու նորմը, եւ այսօր նախագահը կրկին միանձնյա է նշանակում կատարում: Այս հնարավորությունը բացառելուց բացի, Մեսրոպ Հարությունյանն առաջարկում է նաեւ օրենքով ամրագրել ինքնառաջադրման սկզբունքը: Մրցույթային գործընթացում առաջարկվում է ներդնել հանրային լսումների գաղափարը, երբ հասարակական լայն քննարկումների արդյունքներն ու կարծիքները հաշվի կառնվեն եւ մրցույթների հանձնաժողովների թափուր տեղերը լրացնելիս եւ թե լիցենզավորման մրցույթների ժամանակ: Քանի որ 2009 թ. ավարտվում են մի քանի հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետները, օրենքում առաջարկում են հստակեցնել մրցույթների չափանիշները: Մեսրոպ Հարությունյանն առաջարկում է չորս այդպիսի չափանիշ. սեփական արտադրության հաղորդումների ծավալ, հայրենական արտադրության հաղորդումների ծավալ, տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ եւ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն: Դեռեւս սահմանադրական փոփոխությունների ժամանակ լրագրողական կազմակերպությունները պնդել են, որ լինի ոլորտը կարգավորող երկու մարմին` մասնավոր հեռարձակման եւ հանրային հեռարձակման համար: Օրենսդրության մեջ չկան մեխանիզմներ, որոնք ՀՌԱՀ-ին հնարավորություն կընձեռեն վերահսկել հանրային հեռարձակումը:
Հարցուպատասխանի ընթացքում շոշափվեցին հեռուստատեսային գովազդին, հովանավորչությանը, եթերային քաղաքականությանն առնչվող հարցեր: Ընդդիմադիր պատգամավորները խոսեցին հատկապես ընտրությունների ժամանակ իրենց նկատած խախտումների մասին:
Եզրափակիչ ելույթում, անդրադառնալով բարձրացված հարցերին, Ալեքսան Հարությունյանը քաղաքական ուժերի հետ առանձին-առանձին հանդիպելու եւ առավել համապարփակ քննարկում անցկացնելու առաջարկություն կատարեց:
Ամփոփելով լսումները` հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն առանձնացրեց այն հարցերը, որոնք պետք է ուշադրության կենտրոնում լինեն օրենսդրական փոփոխությունը կատարելիս: Շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար` նա ընդգծեց, թե չէր ցանկանա, որ ջրբաժանի տարբեր կողմերից խոսեին միմյանց հետ. ի վերջո բոլորի ցանկությունը մեկն է` բարելավվել հասարակական-քաղաքական կյանքը, նպաստել պետության զարգացմանը: