Գրիգոր Բադիրյանը ծնվել է 1976 թ. մարտի 23-ին, Երեւանում:
1982-1992 թթ. սովորել է Երեւանի Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցում, 1992-1997 թթ.` ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում: 1997-2000 թթ. եղել է ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ: 2000 թ. թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների համակարգում» թեմայով:
2004-2007 թթ. Ռուսաստանի Դաշնության ԱԱ-ի պետության եւ իրավունքի ինստիտուտի պետության եւ իրավունքի տեսության եւ պատմության քաղաքական եւ իրավական ուսմունքների պատմության սեկտորում եղել է դոկտորանտ: 2007 թ. դոկտորական ատենախոսություն է պաշտպանել «Անձի իրավունքները Հայաստանի պատմությունում. ուսմունքների եւ ինստիտուտների հետազոտություն» թեմայով:
2000-2001 թթ. աշխատել է Հրաչյա Աճառյանի համալսարանում` որպես վարչական իրավունք առարկայի դասախոս:
2001-2005 թթ.` ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող:
2001 թ-ից` Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է (դատարանակազմություն, քրեական դատավարություն, դատախազական հսկողություն, մարդու իրավունքների պաշտպանությունը քրեական դատավարությունում): 2002-2004 թթ. եղել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հանրային իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար: 2004-ից` Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:
2004թ-ից` մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում փորձագիտական խորհրդի անդամ է:
2005 թվականին եղել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մարդու իրավունքների հարցերով ազգային փորձագետ:
2006-ից Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի խորհրդի անդամ է:
2006-2007 թթ. եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:
2007-2008 թթ. փետրվար` աշխատել է իբրեւ «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր Արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ ԵԽ պայմանագրային փորձագետ, աշխատանքային խմբի ղեկավար:
2008 թ. հունիսի 10-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:
Հեղինակ է ավելի քան 20 հոդվածների` նվիրված սահմանադրական բարեփոխումներին, դատական իշխանությանը, դատարանակազմությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քրեական, քաղաքացիական եւ վարչական դատավարություններին: Մասնակցել է քաղաքացիական հասարակության եւ իրավունքի տարբեր ասպեկտներին վերաբերող բազմաթիվ կոնֆերանսների եւ սեմինարների, հանդես է եկել զեկուցումներով:
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին: