National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.6.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.06.2008
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ընդունվեցին ամբողջությամբ

Ազգային ժողովը հունիսի 11-ի նիստն սկսեց քվեարկություններով:  Ի թիվս նախորդ օրը քննարկած մյուս նախագծերի` 84 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի օրենսդրական նախաձեռնությունը: 

Քառօրյայի երրորդ օրն ամբողջությամբ խորհրդարանը տրամադրեց «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկմանը: Պատգամավորները հարցեր ուղղեցին հիմնական զեկուցող, նախագծի համահեղինակ Վիկտոր Դալլաքյանին եւ հանդես եկան ելույթներով: Թե հիմնական զեկուցողի եւ թե պատգամավորների  կարծիքով` նախկին ոստիկանապետը եւս պետք է հրավիրվի հանձնաժողովի աշխատանքներին: Վիկտոր Դալլաքյանն ավելի ուշ ասաց, որ, հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում արտահայտված որոշ ակնարկներ, հանձնաժողովի աշխատանքերին մասնակցելու պետք է հրավիրվեն նաեւ նախկին նախագահ  Ռոբերտ Քոչարյանը եւ պետական պահպանության ծառայության նախկին  պետ Գրիգորի  Սարկիսյանը: Խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգության» պատգամավորների ելույթներում առանցքային էր մեկ գաղափար. ժամանակավոր հանձնաժողովում տեղերի  50 տոկոսը հատկացնել ընդդիմությանը եւ 50 տոկոսը` կոալիցիոն քաղաքական ուժերին: Ընդհանուր էր նաեւ ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության նկատմամբ անվստահությունը: Ընդդիմադիր պատգամավորները մտավախություն ունեն, որ իրենց հասանելիք երկու ձայնով չեն կարող ազդել հանձնաժողովի որոշումների վրա, որքան էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները  նույնպես հրավիրվեն աշխատանքներին մասնակցելու: Կոալիցիոն քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորները կարծում են, որ  կանխավ չի կարելի գնահատել հանձնաժողովի գործունեությունը եւ աշխատանքի արդյունքները: Ի տարբերություն «Ժառանգության» անդամների, նրանք գտնում են, որ արդարացի է հանձնաժողովի տեղերը համաչափորեն խորհրդարանական ուժերի միջեւ բաշխելը` ընդգրկելով երկուական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից եւ մեկ անկախ պատգամավոր: 

Որոշման նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց հանձնաժողովի տեսակետը:  Նա նշեց, որ լինում են իրադարձություններ, որոնք կասեցնում են երկրի զարգացումը, եւ մարտի մեկն այս առումով եզակի չէր: Նման իրավիճակներում, ըստ Դավիթ Հարությունյանի, շատ կարեւոր է  ստանալ առաջացած բոլոր հարցերի պատասխանները. չբացահայտված հարցերը կամ չպարզաբանված հարցադրումները դատապարտում են երկար ժամանակ կրել այդ բեռը: Նաեւ` հասարակության մեջ առկա հարցերին պատասխանելով` հնարավոր է կանխել այսօրինակ դեպքերը, կարծում է Դավիթ Հարությունյանը: Նրա համոզմամբ, առաջին հերթին իշխանություններին է ձեռնտու  ստանալ բոլոր հարցերի պատասխանները, փոխարենն անպատասխան հարցերը ձեռնտու են, որ սրվի քաղաքական պայքարը կամ իրավիճակը: Բանախոսի բնորոշմամբ` հանձնաժողովի վստահելիության խնդրին դեռ վաղ է անդրադառնալ եւ պետք  չէ ի սկզբանե կանխորոշել, թե հանձնաժողովն ինչպիսին կլինի: Որոշման նախագծում ամրագրված այնպիսի մոտեցումները, ինչպիսիք են  ստեղծվելիք հանձնաժողովի  լիազորությունները, ընդգրկուն կազմը, հատուկ կարծիք հնչեցնելու` արտախորհրդարանական ուժերին ընձեռված հնարավորությունը հիմք են տալիս եզրակացնելու, որ այս ժամանակավոր հանձնաժողովը խնդիրները կոծկելու համար չի ստեղծվում: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը որոշման նախագիծը դրական է գնահատել եւ ստեղծվելիք կառույցի գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու նպատակով որոշ հարցադրումներ է առաջ քաշել: Ստեղծվելիք հանձնաժողովի անդամներին Դավիթ Հարությունյանը  հորդորեց զգալ հասարակության առջեւ ունեցած ողջ պատասխանատվությունը եւ հարցերին պատասխանել այնպես, որ նոր հարցեր չծագեն: Հանձնաժողովի նախագահը, պատասխանելով պատգամավորների հարցերին, տեսակետ հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանի հայտնի զեկույցում բարձրացված հարցերին եւս պետք է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պատասխաններ տա:  Իսկ աշխատանքները լայնորեն լուսաբանելու առաջարկների կապակցությամբ նա, ելնելով իր փորձից, մտավախություն հայտնեց, որ շոուի տարրեր կարող են ի հայտ գալ: 

Քննարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտեցին երեք խմբակցությունների ներկայացուցիչներ:

«Ժառանգությունը», ինչպես ներկայացրեց Վարդան Խաչատրյանը, ձեռնպահ է քվեարկելու, թեեւ որոշման նախագծի վերաբերյալ արդեն առաջարկներ է ներկայացրել հեղինակներին:  Պատգամավորի խոսքերով` անհրաժեշտ է վերացնել  հասարակության մեջ առաջացած ճեղքվածքը, որն օրեցօր վերածվում է ատելության: Խոսելով խորհրդարանական` նախկինում գործող  ժամանավոր հանձնաժողովների մասին` Վարդան Խաչատրյանը նկատեց, որ դրանց չհաջողվեց լիարժեքորեն տալ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները:  Նա համաձայն է Դավիթ Հարությունյանի` հանձնաժողովի աշխատանքը շոուի չվերածելու մասին տեսակետի հետ, սակայն գտնում է, որ   հասարակությունը պետք է ձեռքն այս գործընթացի զարկերակին պահելու հնարավորություն ունենա:  «Ժառանգության» անդամը  անընդունելի է համարում մեծամասնություն-փոքրամասնություն տարանջատումը եւ գտնում, որ խնդիրը բարոյաքաղաքական է:  

ՀՅԴ խմբակցության  քարտուղար Ատյուշ Շահբազյանը ողջունեց քննարկվող փաստաթղթում ամրագրված մոտեցումները` բնորոշելով դրանք հավասարակշռված:  Նա դրական գնահատեց թե հանձնաժողովի ձեւավորման կարգը եւ թե արտախորհրդարանական ուժերին եւս աշխատանքներում ներգրավելու եւ խորհրդակցական ձայնի իրավունք վերապահելու նախաձեռնությունը: Խմբակցության տեսակետով` անաչառություն եւ օբյեկտիվություն ապահովելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել լայն շրջանակների:  Պրն. Շահբազյանն ասաց, որ խորհրդարանը մեծ  պատասխանատվություն  է  ստանձնում այս քայլով, եւ, եթե քաղաքական կամք չդրսեւորվի ու այս նախաձեռնությունը դրական ավարտի չհասցվի, ավելի վատ իրավիճակ կստեղծվի:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը. «Իսկապես չափազանց կարեւոր նախագիծ է այսօր այստեղ քննարկվում: Ցավոք սրտի (ոչ բոլորի մասին է, իհարկե, խոսքը), բայց ելույթներ եղան, որոնք առանձնապես լավատեսության չեն մղում: Չնայած ես կարծում եմ` դրանով հանձնաժողովի ոչ կարեւորությունը, ոչ հնարավորությունները չեն նվազում: Ի՞նչ նկատի ունեմ: Առաջինը` որ արդեն իսկ այստեղից հնչում են գնահատականներ: Մենք հանձնաժողով ենք ստեղծում, որ եզրակացություն տա, բայց այս պահին արդեն գնահատականները տրվում են, եւ` անվերապահորեն: Իշխանությունների հանցավոր գործողությունները, այս-այն... Բանը հասավ այնտեղ, որ սկսվեց անձնական ինչ-որ խնդիրների պարզում, գնահատականներ, թվաբանական գործողություններ, մեկ անգամ 101... Կարծում եմ` չարժի: Չարժեր գոնե այս նախագծի հետ կապված մտնել այդ հարթություն: Ես հասկանում եմ, իհարկե, ամեն մի հարցի քննարկման ժամանակ յուրաքանչյուրը ազատ է անելու այն, ինչը չի հակասում ԱԺ կանոնակարգին: Բայց հարցեր կան, որոնց լրջությունը եւ կարեւորությունը պետք է մեզ մղեն ձեռնպահ մնալ սովորական դրսեւորումներից: Եթե մենք իսկապես ուզում ենք, իսկ դա, կարծում եմ, մեր պարտականությունն է, որ այս հանձնաժողովը տա  հարցերի սպառիչ պատասխան, պատասխան, որ յուրաքանչյուր ողջամիտ մարդու կհամոզի, որ աշխատանքը լավ է արված, ապա մենք պիտի առաջին հերթին մեր գործողություններից սկսենք նախապատրաստել այդ հանձնաժողովի աշխատանքը: Որեւէ մեկը թող չկասկածի` անկախ այն բանից, թե խմբակցություններից ով ում կուղարկի այդ հանձնաժողովում աշխատելու եւ ով կլինի այդ հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի աշխատանքի համար պատասխանատու է ամբողջ Ազգային ժողովը, յուրաքանչյուրս, որովհետեւ նախ մենք հնարավորություն ունենք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու (որեւէ պատգամավորի չի արգելվում այս կամ այն հանձնաժողովի աշխատանքին մասնակցել), ի վերջո` սա չափազանց կարեւոր քաղաքական խնդիր է, իսկ խմբակցությունները չեն կարող (անկախ այն բանից, թե ում կընտրեն որպես իրենց ներկայացուցիչներ) նման կարեւոր քաղաքական խնդրի ամբողջ պատասխանատվությունը բարդել իրենց ներկայացուցիչների վրա: Ուղղակի ուզում եմ խնդրել, որ որոշ դրսեւորումները, որ այստեղ նկատվեցին, մի կողմ թողնենք եւ հանձնաժողովի ձեւավորումից հետո անենք այն, ինչ ակնկալվում է, եւ այն, ինչ յուրաքանչյուրս գտնում է անհրաժեշտ, որ արդյունքները բավարարեն ներկայացվող պահանջներին:

Նաեւ մեկ թյուրիմացության մասին` ասվում է, որ մենք նախադեպ չենք ունեցել հանձնաժողովներում արտախորհրդարանական ուժեր ներգրավելու, փորձագետներ ներգրավելու, համաձայն չեմ դրա հետ: Մեկ օրինակ բերեմ (չնայած կարող եմ եւ այլ օրինակներ բերել), սահմանադրական փոփոխությունների ժամանակ մենք միջազգային փորձագետներ ներգրավել ենք. սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր խորհրդակցական ձայնի իրավունքով: Ճիշտ է` արձանագրության մեջ դա չենք արձանագրել, բայց հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրն իսկ բոլորին հրավերներ ուղարկվել են, անգամ ձեւավորման ժամանակ ելույթներում դա հնչել է, եւ ցանկացած մասնակից ունեցել է եւ ելույթի, եւ հարցերի, եւ առաջարկություններ ներկայացնելու իրավունք: Այնպես որ շատ արտառոց բան մենք չենք անում այսօր եւ չենք էլ կարող անել: Իվերջո` խորհրդարանական կյանքը Հայաստանում այսօր չի սկսվում եւ վստահաբար այսօր չի էլ ավարտվելու: Հետեւաբար` շատ կարեւոր է մեկ այլ բան` որո՞նք են այն անհրաժեշտ քայլերը, որոնք պիտի արվեն, որ այս հանձնաժողովն արդյունավետ գործի:

Որոշ կարծիքներ հնչեցին, թե ճի՞շտ է արդյոք խորհրդարանական հանձնաժողովի ձեւավորումը: Կարծում եմ` այո, որովհետեւ հանձնաժողովի առնվազն անդամների մի մասը պիտի հստակ պատասխանատվություն ունենա իր լիազորությունների շրջանակում հասարակության առաջ: Չի կարող ստեղծվել որեւէ հանձնաժողով, որտեղ բոլորը ընդգրկված լինեն: Ես ավելի քան համոզված եմ, որ խորհրդարանական հանձնաժողովը լավագույն ձեւն է այս հարցին պատասխան տալու համար:

Արդյո՞ք հիմա պիտի ստեղծվեր հանձնաժողովը, թե` ավելի վաղ: Կարծում եմ` հիմա ճիշտ ժամանակն է: Երկու պատճառով` նախ որոշ չափով կրքերը հանդարտվել են եւ հիմա ավելի հավասարակշիռ որոշումներ կարող են ձեւավորվել, եւ մյուս կողմից (գոնե իմ տպավորությամբ) գործերի քննությունը մոտենում է ավարտին եւ հանձնաժողովը կարճ ժամանակ հետո կարող է անդրադառնալ նաեւ այդ խնդիրներին:

Հանձնաժողովի կազմավորման կարգի հետ կապված` այս հարցը քննարկվում է այն առումով, թե հնարավորություն կտա, որ հանձնաժողովը ճիշտ եզրակացություն ներկայացնի: Վստահեցնում եմ, որ ճիշտ եզրակացություն ներկայացնելը բացարձակապես կապված չէ այն հարցի հետ, որը այստեղ քննարկվում է: Իդեպ` ասեմ, որ կանոնակարգում փոփոխություն անելու կարիք էլ չկա: Կանոնակարգը սահմանել է հանձնաժողովների ձեւավորման շատ տրամաբանական եւ հստակ կարգ` հանձնաժողովներում խմբակցությունների տեղերը բաշխվում են ըստ իրենց համամասնությունների: Սա միանգամայն արդարացի եւ ճիշտ բանաձեւ է: Սակայն կա մեկ հանգամանք. կարո՞ղ են խմբակցությունները իրենց որոշ հնարավորություններ զիջել գործընկերներին` վստահություն առաջացնելու համար, այն, ինչ արել են որոշ խմբակցություններ այս նախագծի տակ ստորագրելով փաստորեն եւ հայտարարելով, որ իրենք պաշտպանում են այս նախագիծը: Անկախ այն բանից, թե այդ խմբակցությունների համամասնությամբ ում քանի տեղ էր հասնում, մեկ որակական ընդառաջ քայլ խմբակցությունները արել են, թեեւ մասնավորապես հիմնականում իրենց վրա է դա անդրադառնում, «Ժառանգություն» խմբակցությանը: Փաստորեն առաջարկել են հավասար հնարավորություններ խմբակցությունների համար: Սա, կարծում եմ, պետք է գնահատվի եւ կարեւորվի: Քվեարկության մեջ ձայների քանակը չէ, որ որոշելու է եզրակացությունը լավ է, թե ոչ: Եթե այս ճանապարհով ենք գնում, սա առճակատման ճանապարհ է: Եթե պիտի որոշենք` ով ավելի շատ ձայն ունի, որ իր ուրիշին չհամոզող եզրակացությունը կամ հետեւությունը ընդգրկի եզրակացության մեջ, սա ընդունելի չէ: Սա ի սկզբանե պատերազմ է հանձնաժողովում: Ներողություն այդ բառի համար` պատերազմ, ես չեմ կարծում, որ իսկապես զենքերով պիտի պատերազմ արվի, բայց քաղաքական պատերազմ է, վստահ եմ ես: Ոչ թե պետք է այնտեղ ձայներով մեկը մյուսին ճնշի, այլ պիտի իրար համոզեն: Եթե կուզեք իմանալ, ամենաառաջին եւ ամենալուրջ երկխոսության հնարավորությունն է քաղաքական ուժերի համար: Սա այն տեղն է, որտեղ յուրաքանչյուրը հանուն երկրի հեղինակության եւ երկրի ապագայի պատրաստ պիտի լինի եւ հանդուրժող պիտի լինի դիմացինի նկատմամբ: Ոչ թե ի սկզբանե հայտարարի արդյունքները, եզրակացության դրույթները ու հետո ասի` եթե սա չընդունեք, ուրեմն դեմ եք, եզրակացությունը վստահություն չի ներշնչում,  եւ այլն: Սա վերաբերում է բոլորին, չեմ ուզում, որ հանկարծ ընկալվի, թե ընդդիմությանն է ուղղված, բոլորին է ուղղված: Աշխատանքը լինելու է չափազանց բարդ, չափազանց պատասխանատու: Յուրաքաչյուրս պիտի կարողանանք անել այն ամենը, ինչ մեր հնարավորությունների շրջանակում է` այս հարցի տակից պատվով դուրս գալու համար: Այո, եթե խորհրդարանը ստեղծում է այս հանձնաժողովը, ստանձնում է շատ մեծ պատասխանատվություն, սակայն մյուս կողմից ես չեմ ուզում համաձայնել, թե մեր պատմությունը բաժանվում է մինչ մարտի մեկյան ու մարտի մեկից հետո: Կան տարբեր ձեւակերպումներ, որոնք կարելի է բոլոր ելույթների համար օգտագործել. ես չէի ուզենա, որ մեր երկրի համար նման ողբերգական իրադարձությունները դառնան հաշվարկի սկիզբ: Հանձնաժողովը պիտի տա եզրակացություններ, որոնք լավ հիմնավորված են, որեւէ ողջամիտ մարդու այլ հետեւությունների տեղ չթողնելով` անկախ նրանից, թե քանի հոգի կհամաձայնեն: Ամենակարեւորը, որ յուրաքանչյուր անդամ իր  խղճի առաջ հանգիստ լինի, որ ինքը արել է ամեն ինչ: Եկեք չհաշվենք, ոչ էլ որեւէ մեկը մեզ իրավունք է տվել իր անունից այստեղ խոսելու: Պատասխանատվություն կա մեզ վրա որպես պատգամավորներ, այդ հանձնաժողովը ստեղծելուց հետո` որպես նման հանձնաժողով ունեցող խորհրդարան, եւ մենք այդ պատասխանատվությունը պիտի կարողանանք արդարացնել: Սա է ամենակարեւորը, որ պիտի գիտակցենք: Իսկապես խնդրում եմ` մի կողմ թողնեք անձնական բոլոր խնդիրները, անգամ ընդդիմություն-իշխանություն խնդիրները: Իհարկե, դրանք կան բոլոր երկրներում, լինելու են նաեւ մեր երկրում, առանց դրա չի լինելու, որովհետեւ իշխանություն-ընդդիմություն մրցակցությունում է, որ որեւէ երկրում նորմալ վիճակ է ձեւավորվում եւ նորմալ ընթացք, արժանապատիվ կյանք է ունենում որեւէ երկիր: Մրցակցության մեջ, ոչ թե ատելության ու անհանդուրժողականության մեջ:

Խնդիրը ոչ թե հանձնաժողովում հավասարություն ունենալն է, հանձնաժողում արդարություն ունենալն է: Արդարություն, որ բացահայտվի այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին եւ 2-ին: Վստահ եմ, որ այն խնդիրներին, որոնք կոնկրետ ձեւակերպված են, եթե տանք լիարժեք պատասխաններ, որեւէ այլ հարցի պատասխան չի էլ պահանջվի:

Մեր երկրում վերջին 20 տարիներին տեղի են ունեցել բազմաթիվ (գուցե այդ թիվը արդեն հազարին է մոտեցել) հանրահավաքներ: Նման բան երբեք տեղի չի ունեցել եւ ես, ճիշտ ասած, դեմ եմ այն մոտեցմանը, որ վերջին շրջանում է խիստ շահարկվում, թե հետագա հանրահավաքները եւս պիտի նման բանի հանգեցնեն: Ոչ: Բացարձակապես: Նա, ով կարող է օրինական հանրահավաք անել, պիտի դրա իրավունքը ունենա, իր իրավունքը իրականացնի: Դեմ եմ նաեւ, որ այս ամենը կապված է ընտրությունների հետ, եւ այլն... Մեր երկրում բազմաթիվ ընտրություններ են եղել եւ նման բան չի եղել: Իհարկե, նախկինում եղել են իրադարձություններ, որոնք այս ամենի հիմքում են, դրա պատասխանը պիտի տա երրորդ հարցադրումը:  Կարելի է, իհարկե, այս նախագիծը փոքր-ինչ բարելավել: Վստահ եմ, բայց հանձնաժողովի աշխատանքը կախված չի լինելու ոչ այդ բարելավումից, ոչ էլ նրանից, թե նախագիծը ինչ տեսք ունի: Հանձնաժողովի աշխատանքը կախված է լինելու հանձնաժողովի կազմում ընդգրկված խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավորի պատասխանատվությունից եւ աշխատանքից: Հետեւաբար, ես ուզում եմ առաջարկել, որ այն ամենը, ինչ ուղղակի սովորական քննարկումներին էր հատուկ այս երկու օրերին, թողնենք մի կողմ, հանձնաժողովի աշխատանքների մեջ չմտցնենք այն մթնոլորտը, որ ցավոք սրտի, այստեղ ժամանակ առ ժամանակ դրսեւորվում է: Այդ հանձնաժողովի աշխատանքը առիթ չէ որեւէ մեկի քաղաքական նկրտումների կամ ինքնադրսեւորման համար: Սա պարտականություն է, որ մենք կարողանանք հարցերի պատասխանները տալ եւ գնալ առաջ: Այո, տեղի է ունեցել ողբերգություն, տասը մարդ զոհվել է, 200-ից ավելին վիրավորվել են, ամենակարեւորը` շատ մարդկանց սրտեր են խոցվել: Հիմա պիտի կարողանալ այս հարցի վերջակետը դնել, պարզ ու շիտակ, հստակ պատասխան տալով` եւ իվերջո գնալ առաջ: Կյանքը շարունակվում է եւ պետք է մտածել վաղվա մասին: Վաղվա մասին մտածելիս, պետք է ազնիվ պատասխան տալ այսօրվա հարցադրումներին: Սա է լինելու հանձնաժողովի խնդիրը, եւ ես հուսով եմ, որ իսկապես մենք կկարողանանք դա միասին անել: Ես ինքս պատրաստ եմ` ինչ հնարավոր է եւ ինչ կախված է Ազգային ժողովի նախագահից, անել, որ այդ հարցերի պատասխաննեը տրվեն: Ուզում են վստահություն հայտնել, որ բոլոր խմբակցությունները նման վճռականություն կունենան եւ անկախ որեւէ բանից ակտիվորեն կմասնակցեն այդ աշխատանքներին: Նաեւ մյուս գործընկերները, ովքեր չեն լինի հանձնաժողովի կազմում: Բոլոր պայմաններն ու հնարավորությունները հանձնաժողովի համար ստեղծվելու են, ամեն ինչ կախված է լինելու աշխատանքից:  Մենք շատ հաճախ մեր ամեն ինչը կապում ենք ողբերգությունների հետ: Այս անգամ չկապենք, գոնե ողբերգության ավարտ դնենք եւ առաջ գնանք հանուն մեր երկրի ապագայի: Սա է ամենակարեւորը, որովհետեւ իվերջո օրը գալու է եւ յուրաքանչյուրը ստանալու է իր գնահատականը: Կլինի 1 տարի, 10 տարի, 20 տարի, բացարձակապես կարեւոր չէ, սա չպիտի մոռանանք երբեք»:
    

 ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն իր ելույթում ընդգծեց,  որ անհրաժեշտ է պատմության այս ողբերգական էջը արժանապատվորեն փակել եւ  ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն էլ հենց դրան է ուղղված լինելու: Վստահության առաջին գրավականը հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը համարեց` նկատելով, որ աշխատանքներն իրականացնելիս պետք է առաջնորդվեն բովանդակության եւ ոչ թե ձեւի  առաջնայնությամբ: Նա նկատեց, որ ստեղծվելիք հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մեծ պատասխանատվություն է կրելու: Սա ավելին է, քան կուսակցական խնդիրները, կարծում է խմբակցության քարտուղարը` բնորոշելով խնդիրը որպես ազգային: Սամվել Նիկոյանն ընդգծեց, որ այս քննարկումները կայացան, քանի որ կար անհրաժեշտ քաղաքական կամք: Վերջում ՀՀԿ խմբակցության քարտուղարը բանաձեւեց հանձնաժողովի աշխատանքը` ասելով, որ մեծամասնությունը չպետք է փորձի ճնշել փոքրամասնությանը, եւ   փոքրամասնությունն էլ իր հերթին չպետք է ստեղծի մարգինալ իրավիճակներ:

Հարցի քննարկումը կեզրափակվի քառօրյայի վերջին օրը` հիմնական զեկուցողի ամփոփիչ ելույթով:

Նիստում կազմակերպվեց նաեւ ՀՀ նախագահի առաջարկով` Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ընտրությունը, ում թեկնածությունը քննարկվել էր հունիսի 10-ին:  ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի տեղեկացմամբ` փակ, գաղտնի ընտրությանը մասնակցած 98 պատգամավորներից  92–ը պաշտպանել են առաջադրված թեկնածուին,   3-ը` դեմ  եղել, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: Այսպիսով, խորհրդարանն Արթուր Ջավադյանին ընտրեց   Կենտրոնական բանկի նախագահ: 

ԱԺ կանոնակարգի համաձայն` նիստն ավարտվեց ԱԺ պատգամավորների եւ կառավարության անդամների  հարցուպատասխանով:


11.06.2008
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի կենսագրությունը
Արթուր Յուրիի Ջավադյանը ծնվել է  1964 թ. ապրիլի 22-ին, Երեւանում: 1971-1981 թթ. սովորել է Երեւանի Չկալովի անվան թիվ 30 միջն. դպրոցում:1981-1986 թթ. սովորել է  Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետ:1986-1989 թթ. եղել է «Հայգյուղտնտմեքենայացում» ԱՄ, ասպ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am