Սեպտեմբերի 30-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ
եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրենսդրական փաթեթները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
Խորհրդարանը շարունակեց եւ ավարտին հասցրեց նախորդ օրն ընդհատված «2008 թ. մայիսի 27-ին ստորագված` ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական արձանագրությունը վավերացնելու մասին» համաձայնագրի քննարկումը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Էռնեստ Սողոմոնյանը:
Հարցի առնչությամբ ելույթ ունենալով` պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Հայաստանում խմելու ջրի համակարգը նմանեցրեց դանայան տակառների հետ.
ներդրումները որքան շատանում են, այնքան շատանում են խնդիրները: Նա նշեց, որ ջրի սակագնի բարձրացումը պատճառաբանվում էր 24-ժամյա ջրամատակարարմամբ, սպասարկման որակի բարելավմամբ, սակայն խոստումները իրականություն չդարձան: Պարոն Մարտիրոսյանի համոզմամբ` արձանագրությունը պետք է վավերացնել այն ժամանակ, երբ պարզ կդառնա, թե ինչի՞ վրա պետք է ծախսվի տրամադրվող գումարը: Վարդան Այվազյանն ընդգծեց, որ Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող համակարգի վերակառուցման համար: Պարոն Այվազյանն անդրադարձավ 24-ժամյա ջրամատակարարման կարեւորությանը, ջրամաքրման, ջրային ռեսուրսների կորստի խնդիրներին: Արծրունի Աղաջանյանը հիշեցրեց, որ չնայած ջրամաքրման կայանների համար հատկացվող ներդրումներին` այս ոլորտում արդյունք չի արձանագրվում:
Եզրափակիչ ելույթում ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հիշեցրեց, որ Ֆրանսիայի կառավարության տրամադրած գումարը ծախսվելու է մի քանի ուղղություններով` խողովակաշարերի, էլեկտրասարքավորումների, հիդրասարքավորումների թարմացում եւ այլն:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «2008 թ. փետրվարի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ Թվինինգ ծրագրերի ֆինանսավորման» համաձայնագիրը եւ «2008 թ. փետրվարի 12-ին Լյուքսեմբուրգում եւ 2008 թ. փետրվարի 29-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «ՀՀ-ում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար» շրջանակային համաձայնագիրը: Համաձայնագրերի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Էռնեստ Սողոմոնյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովինը` Լարիսա Ալավերդյանը:
Առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հանրակրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության եւ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի հեղինակած օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի` օրենքների ընդունման հիմք է ծառայել կրթության ոլորտի իրավական դաշտն ըստ առանձին բնագավառների ամբողջականացնելու անհրաժեշտությունը: Օրինագիծը սահմանում է
Հայաստանում հանրակրթության համակարգի կազմակերպաիրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական ընդհանուր եւ միջնակարգ կրթության իրավունքի իրացումը: Նախագիծը չի տարածվում նախադպրոցական եւ արտադպրոցական դաստիարակության հաստատությունների վրա: Փոխնախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը մշակվում է 2005 թվականից, այդ ընթացքում կազմակերպվել են հասարակական քննարկումներ, նախագծի կատարելագործման աշխատանքային խումբ է ստեղծվել: Նրա խոսքով` հանրակրթության ոլորտը դուրս էր մնացել օրենսդրական կարգավորումից ոլորտի բարեփոխումների պատճառով:
Պատգամավորներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին ուսուցիչների վերապատրաստմանը, այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացմանը, դպրոցների ֆինանսավորմանը, 12-ամյա կրթակարգին, ուսումնական մեթոդների ընտրության ազատության նպատակահարմարությանը, բարձր լեռնային գյուղերում միջնակարգ կրթության հիմնախնդիրներին, աշակերտների թվաքանակով վճարմանը, կրթության որակի վերահսկողությանը, դպրոցներում դասագրքերի համար գանձվող վարձավճարներին, դաստիարակության խնդիրներին եւ այլն:
Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ նախագիծը շուրջ մեկ տարի քննարկվել է հանձնաժողովում, կազմակերպվել են հանդիպումներ հ/կ-ների, կրթության ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների հետ: Ըստ նրա` պետությունը, հնարավորություն ընձեռելով ծնողին դպրոցի ազատ ընտրություն կատարել, նպաստում է կրթության ոլորտում մրցակցության ստեղծմանը, ինչը նպաստում է կրթության որակի բարելավմանը: Տիկին Բախշյանը գտնում է, որ գնահատման եւ թեստավորման կենտրոնը պետք է լինի անկախ մարմին: Ըստ նրա` օրինագծի ընդունումը պետք է կարգավորի կրթության ոլորտի կազմակերպումը, ինչն այսօր արդյունավետ չէ:
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հոկտեմբերի 1-ի նիստում:
ԱԺ կանոնակարգի համաձայն` եզրափակիչ նիստի վերջին մեկ ժամը հատկացվեց ԱԺ պատգամավորների հայտարարություններին: